Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար

Գուրգեն Մարտիրոսյանն ընտրվել է Գավառ համայնքի ղեկավար
Քաղաքականություն
18:18, 21 декабрь 2021
Գավառի համայնքապետարանում տեղի է ունեցել  Գավառ խոշորացված համայնքի համամասնական ընտրակարգով ընտրված ավագանու առաջին նիստը, որին մասնակցել են  «Գուրգեն Մարտիրոսյան», «Մեր համայնքը» դաշինքներից եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից մանդատ ստացած   ավագանու 27 անդամները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  նիստը վարել է Գավառ համայնքի ավագանու ավագ անդամ Օնիկ Դանոյանը: Նիստը մեկնարկել է Արցախյան վերջին պատերազմում զոհված տղաների հիշատակի լռության րոպեով, որին հաջորդել է մանդատ ստացած ավագանու անդամների անունների ընթերցումը:

Այնուհետ ներկայացվել է նիստի օրակարգը՝ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնը օրենքի ուժով նշանակելու,  Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողության,  Գավառ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրվա սահմանման հետ կապված հարցերի մասին:

Առաջին հարցի ներկայացումից ու քվեարկությունից հետո  Օնիկ Դանոյանը շնորհավորել է  Գուրգեն Մարտիրոսյանին՝ Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնում օրենքի ուժով ընտրվելու առթիվ եւ  հրավիրել՝ տեղ զբաղեցնելու նախագահությունում: Գուրգեն Մարտիրոսյանն  իր հերթին շնորհավորել է ավագանու նորընտիր անդամներին եւ հաջող ընթացք մաղթել աշխատանքներին:
Հաջորդաբար ներկայացվել եւ ավագանու անդամների քվեարկությամբ հաստատվել են  օրակարգային մնացած հարցերը եւս։ որոշվել է  Գավառ համայնքի ղեկավարի երդման արարողությունն անցկացնել 2021 թվականի դեկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին,

Իսկ Գավառ համայնքի առաջին նստաշրջանի գումարման օր եւ ժամ է սահմանվել 2021 թվականի դեկտեմբերի 27-ը: