Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գալիք տարում առավելագույն ջանքեր ենք ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար. ՀՀ ԱԳՆ

Գալիք տարում առավելագույն ջանքեր ենք ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար. ՀՀ ԱԳՆ
Քաղաքականություն
15:37, 31 декабрь 2021
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորում է բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
 
«2021 թվականը պահանջեց համազգային ջանքերի կենտրոնացում՝ ուղղված Հայաստանի, Արցախի և ողջ հայ ժողովրդի առաջ ծառացած ներքին ու արտաքին մարտահրավերների հաղթահարմանը։
 
Գալիք տարում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն առավելագույն ջանքեր է ներդնելու առկա ու նորահայտ վտանգները չեզոքացնելու, մեր երկրի համար հնարավորինս բարենպաստ զարգացման պայմաններ ապահովելու և Հայաստանի պետական շահերի առաջմղման համար:
 
Այսօր մենք ևս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած քաջորդիների հիշատակի առջև, մեր խորին երախտագիտությունը հայտնում նրանց ընտանիքներին ու հարազատներին և խաղաղ ծառայություն մաղթում մարտական հերթապահություն իրականացնող մեր զինվորներին ու սպաներին:
 
Ցանկանում ենք շնորհավորել բոլորիս և մաղթել անսասան հավատ ապագայի նկատմամբ, անկոտրում կամք և համառություն՝ վստահ լինելով, որ հավաքական ջանքերի և նպատակամղված աշխատանքի շնորհիվ կկարողանանք կերտել մեր երազանքների Հայրենիքը:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,- ասված է ՀՀ ԱԳՆ շնորհավորական ուղերձում: