Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ միջազգային կառույցներին հորդորում է համարժեք գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին

Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ միջազգային կառույցներին հորդորում է համարժեք գնահատական տալ Ադրբեջանի գործողություններին
Քաղաքականություն
20:29, 10 март 2022
Արցախի Հանրապետության ազգային ժողովը միաձայն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և համապատասխան կառույցներին դիմելու մասին հայտարարության նախագիծը, որով խորհրդարանը միջազգային կառույցներին կոչ է անում համարժեք գնահատականի արժանացնել հատկապես վերջին օրերին Ադրբեջանի գործողություններին, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՀ ԱԺ-ի արտահերթ նիստում հայտարարության նախագիծը ներկայացրեց պատգամավոր Գեղամ Ստեփանյանը:
«Վերջին օրերին լարվածությունն Արցախի սահմանամերձ բնակավայրերում նոր թափ է ստացել, մասնավորապես Ադրբեջանն ինտենսիվ կրակոցներ է արձակել, ականանետեր կիրառել Ասկերանի շրջանի Խրամորթ, Նախիջևանիկ գյուղերի, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր Շուկա բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նման սադրիչ գործողությունները միտված են ինչպես Արցախի ժողովրդին ահաբեկելուն և մշտական տագնապի մեջ պահելուն, այնպես էլ ռուսական խաղաղապահ ուժերի առաքելության հեղինակության նսեմացմանը»,-ասաց պատգամավորը:

Հայտարարությամբ Արցախի Հանրապետության ԱԺ-ն խստորեն  դատապարտում է Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ և ահաբեկչական գործողությունները, Արցախի Հանրապետության բնակավայրերի թիրախավորումը, խաղաղ բնակչության նկատմամբ հոգեբանական, տեղեկատվական ճնշումները, Արցախը բնական գազով ապահովող միակ գազատարի վերանորոգման աշխատանքներին խոչընդոտելը: Այսպիսով` պաշտոնական Բաքուն շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, խարխլում տարածաշրջանում առակ փխրուն խաղաղությունն ու կայունությունը, որը մեկ անգամ ևս փաստում է, որ Ադրբեջանը պատրաստ չէ տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը:

Արցախի խորհրդարանը հորդորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը, ՄԱԿ-ին և  նրա համապատասխան կառույցներին համարժեք գնահատականի արժանացնել Ադրբեջանի պահվածը, ջանքեր գործադրել՝ սանձելու նման հանցավոր ոտնձգությունները: «Ստեղծված իրավիճակը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ Արցախի ժողովրդի անվտանգ ապրելու, անկախ պետականություն ունենալու իրավունքի ճանաչումը հանդիսանում է միակ ճիշտ, այլընտրանք չունեցող և քաղաքակիրթ որոշումը»,-ասաց Ստեփանյանը:
Հայտարարության նախագիծն ընդունվեց միաձայն՝ 32 կողմ ձայներով: