Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը․ ԵԽ պատգամավոր

Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը․ ԵԽ պատգամավոր
Քաղաքականություն / Աշխարհ
22:17, 10 март 2022
Եվրոպական միությունը պետք է դատապարտի հայկական քրիստոնեական ժառանգության մշակութային ցեղասպանությունը։ Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի պատգամավոր, շվեդ քաղաքական գործիչ Չարլի Վեյմերսը ԵԽ-ում «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի քննարկման ժամանակ։

«Հաղորդումները և արբանյակային լուսանկարները մանրամասնորեն ցույց են տալիս գրեթե 100 միջնադարյան եկեղեցիների, հազարավոր խաչքարերի և տասնյակ հազարավոր տապանաքարերի համակարգված ոչնչացումը։ Նախագահ Ալիևը փորձում է կոծկել իր հանցագործությունները՝ խեղաթյուրելով պատմությունը, առաջ տանելով «աղվանականացման» կեղծ տեսությունները և եկեղեցիների վրայից ջնջելով հայկական արձանագրությունները։ Եվրոպական միությունը պետք է խոսի, պետք է դատապարտի հայկական քրիստոնեական ժառանգության վայրերի դեմ նախագահ Ալիևի վարած մշակութային ցեղասպանությունը։ Մենք պետք է պատժամիջոցների ենթարկենք նրան»,- ասել է Չարլի Վեյմերսը։

Եվրոպական խորհրդարանում այսօր քննարկում է տեղի ունեցել «Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության ոչնչացումը» բանաձևի նախագծի շուրջ, որով դատապարտվում է Արցախի պատմամշակութային ժառանգության ոչնչացումը և կոչ է արվում Ադրբեջանին պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը։ Բանաձևով խոր մտահոգություն է արտահայտվում Ադրբեջանի տարածած քարոզչության առնչությամբ, ըստ որի՝ հայկական մշակութային ժառանգության վայրերը ներկայացված են որպես աղվանական ծագում ունեցող։

Ադրբեջանում աշխատանքային նոր խմբի ստեղծումը, որին հանձնարարված է ջնջել արձանագրությունները Լեռնային Ղարաբաղի՝ Բաքվի վերահսկողության տակ գտնվող հատվածի կրոնական կամ պատմական հուշարձաններից, դատապարտվում է որպես հարևան ժողովուրդների մշակութային ժառանգության ապօրինի կողոպուտ՝ նրանց իրենց պատմական հիշողությունից զրկելու նպատակով։ Փաստաթղթով պահանջվում է, որ Ադրբեջանը համապատասխան կազմակերպություններին, օրինակ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, թույլ տա մուտք գործել իր վերահսկողության տակ գտնվող  մշակութային ժառանգության վայրեր՝ ապահովելու դրանց պաշտպանությունը։