Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանից այլ երկիր տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները վերադառնում են, քանի որ էստեղ իրենք ավելի երջանիկ են, մենք ավելի լավ ենք ընդունում․ ոլորտի մասնագետ. տեսանյութ

Ռուսաստանի Դաշնությունից բազմաթիվ քաղաքացիներ են Հայաստան ժամանում՝ կապված ՌԴ-ի նկատմամբ Արևմուտքի կիրառած պատժամիջոցների հետ։

Մեծ հոսքի հետ կապված Հայստանում առաջ եկան հյուրանոցների և վարձով բնակարանների և տների որոշակի դեֆիցիտ, ինչը հանգեցրեց գների բարձրացմանը: Բացի այդ, ՌԴ քաղաքացիները որոշակի խնդիրների են բախվում նաև բանկային հաշվեհամարների բացման, գումարների՝ ռուսական քարտերից հայկական հաշիվների վրա տեղափոխման առումով։

Փորձեցինք ոլորտի մասնագետներից և ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետներից ճշտել, թե ի՞նչ խնդիրներ են առկա և որքանով են դրանք լուծելի։

One Way տուրիստական գործակալության ներգնա տուրմենեջեր Լուսինե Ազիզյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ զբոսաշրջիկների 70-80 տոկոսը ՌԴ-ից են, հիմնականում՝ ՌԴ քաղաքացիներ։ Վերջիններս նախ տեղավորվում են հյուրանոցներում մեկ շաբաթից մինչև մեկ ամիս ժամկետով, ապա տարբերակներ են փնտրում բնակարաններ վարձակալելու ուղղությամբ։

Անդրադառնալով գներին, Լուսինե Ազիզյանը նշեց, որ մարտ ամսվա համար՝ կապված տուրիստական սեզոնի պասիվ լինելու հետ, հյուրանոցներն ունեին զեղչեր, սակայն պայմանավորված տուրիստների և միգրանտներ հոսքի ավելացմամբ՝ զեղչերը չեղարկվել են։

Բանկային հաշիվներ բացելու հետ կապված խնդիրներ մեծ հաշվով նույնպես չկան։ «Ասատրյան քոնսալթինգ» ընկերության տնօրեն Ռաֆայել Ասատրյանն էլ Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին անգամ Հայաստան ժամանած ՌԴ քաղաքացիները իջևանում են հյուրանոցներում, մինչև կվարձակալեն բնակարան, իսկ նրանք, ովքեր քանիցս եղել են Հայաստանում արդեն դիտարկում են բնակարաններ վարձակալել Երևանում մեկ ամսից մինչև վեց ամիս ժամկետով։ Հիմնական պահանջարկը Երևանում է՝ կենտրոնում։

Անդրադառնալով բնակարանների և տների վարձակալության գներին, Ռաֆայել Ասատրյանն ասաց, որ գները աճել են միջինում մինչև 30 տոկոսով։ Ռուսաստանցիների հիմնական պահանջներից է, որ բնակարանների մոտակայքում լինեն դպրոցներ և մանկապարտեզներ։ ՌԴ քաղաքացիները հետաքրքրվում են նաև հողատարածքների գնմամբ։ «Ասատրյան քոնսալթինգ» ընկերության տնօրենը նշեց նաև, որ նկատում են բանկային հաշիվներ բացելու, ֆինանսական այլ գործարքներ անելու հետ կապված խնդիրներ, և այդ հարցերում ևս իրենց ընկերությոոնը փորձում է աջակցություն տրամադրել Հայաստան ժամանակ ռուսաստանցիներին։

Ընկերությունը փորձում է մարզերը ևս ներգրվել գործընթացում և նոր հոսքերը ուղղորդել դեպի մարզեր։

Գյումրի տուր տուրիստական գործակալության տնօրեն Գոռ Թորոսյանը Civic.am-ին հայտնեց, որ տուրիստական հոսք Գյումրիում ևս զգացվում է, հատկապես այն բանից հետո, երբ Երևանում գները բարձրացան։ Գոռ Թորոսյանը նշեց, որ ռուսաստանցիները հիմնականում դժգոհում են, որ Գյումրիում քիչ են ժամանցի վայրերը, եթե դրանց թիվն ավելանա, ապա ավելի շատ ռուսաստանցիներ կգան Գյումրի։

Հարևան երկրների հետ մրցակցության առումով, ըստ անշարժ գույքի գործակալության տնօրենի, Հայաստանն ունի մրցակցային առավելություն։ «Ասատրյան քոնթալթինգը» նաև մեկ ռուսաստանցի աշխատակից ունի, երկրորդն էլ փորձաշրջան է անցնում ընկերությունում։

Մանրամասն՝ տեսանյութում։