Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմությունը խրամատավորվում է Արցախում՝ ներհայաստանյան ինտրիգներ գեներացնելու համար. Մենք դա թույլ չենք տալու. Հայկ Կոնջորյան

Ընդդիմությունը խրամատավորվում է Արցախում՝ ներհայաստանյան ինտրիգներ գեներացնելու համար. Մենք դա թույլ չենք տալու. Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
11:29, 12 апрель 2022
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ հերթական նիստում հիշեցրեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի արտահայտությունն այն մասին, թե ԱԺ-ն ևս խրամատ է,  և նրանք պիտի գան ու այդ խրամատում պայքարեն. «Եվ նրանք եկան ու խրամատավորվեցին այս նստարաններին, զբաղվում էին շշանետումներով, ծեծկռտուքներ էին հրահրում: Եվ կարծես թե էստեղ իրենց առջև դրված խնդիրը խրամատում լուծել են և հիմա մեկնում են Արցախ՝ հավանաբար նորից խրամատավորվելու՝ ընդդեմ ՀՀ իշխանությունների, ընդդեմ ՀՀ ժողովրդի»: 

Կոնջորյանը նշեց, որ ինքը չի հասկանում Արցախի դրոշը ընդդեմ որևէ մեկի ԱԺ ամբիոնում և որևէ տեղ դեմոնստրատիվ տեղադրելու տրամաբանությունը. «Արցախի դրոշը և Արցախը բոլորիս սրտերում է: Մեր ժողովուրդը հանուն Արցախի զոհել է իր լավագույն զավակներին»:

Նա ընդգծեց, որ այսօրվա խորհրդարանական ընդդիմության կռիվը Հայաստանում է. «Նրանք Հայաստանի շահերը չեն պաշտպանում Հայաստանից դուրս և Արցախի դրոշը տեղադրում են էստեղ՝ ընդդեմ մեզ: Խորհրդարանական ընդդիմությունը պատերազմի մունետիկն է և իր այս քայլով ոչ թե պաշտպանում է Արցախը, այլ սադրում է ու ավելի է սրում Արցախի և հայության անվտանգային խնդիրները, նորից օգտագործում է Արցախի հարցը և մեր անվտանգային խնդիրները Հայաստանում իշխանության բռնազավթում իրականացնելու համար: Նա նորից խրամատավորվում է Արցախի ներքաղաքական կյանքում՝ ներհայաստանյան ինտրիգներ գեներացնելու համար, ինչը մենք մեր ժողովրդի հետ թույլ չենք տալու»:

Մանրամասն՝ տեսանյութում: