Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գործ ունենք իշխանության զավթման փորձի հետ». Արթուր Հովհաննիսյան

«Գործ ունենք իշխանության զավթման փորձի հետ». Արթուր Հովհաննիսյան
Քաղաքականություն / Հայաստան
20:57, 28 апрель 2022
Մի քանի օր է, ինչ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ է անցկացնում։
Radar Armenia-ի հետ զրույցում ընդդիմադիրների բողոքի ակցիաներն է գնահատել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Պատգամավորը վերապահում ունի շարժում բառի հետ կապված. «Սա չակերտավոր ընդդիմադիրների (չակերտավոր, որովհետև քաղաքական իմաստով գործ չունենք քաղաքական ընդդիմության հետ) ռևանշիստական դրսևորումներ են, որոնք նպատակ են հետապնդում վերադառնալ իշխանության»։
Ըստ Հովհաննիսյանի՝ մենք նորից ականատես ենք լինում մի երևույթի, երբ Հայաստանի անվտանգության մարտահրավերները, մասնավորապես՝ Արցախի հիմնախնդիրը, օգտագործվում է՝ որպես իշխանության ձևավորման աղբյուր, ինչպես միշտ է եղել. «Տարիներ շարունակ մարդկանց ասել են, որ մենք ունենք անվտանգային խնդիրներ, դրա համար ինչ-որ բան չենք ֆինանսավորում, մարդիկ դուրս են եկել փողոց, մարդկանց ասել են՝ հետ գնացեք, որովհետև սահմաններին կկրակեն, եթե դուք դուրս գաք փողոց. այսպիսով՝ ապահովել են իրենց իշխանության վերարտադրությունը»։

Հովհաննիսյանի խոսքով՝ մեր հասարակությունը տեսել է, որ հնարավոր է ապահովել զարգացում, լինել ժողովրդավար և զբաղվել Արցախի ժողովրդի բոլոր իրավունքների պաշտպանությամբ և իրացմամբ, իսկ ընդդիմադիրները հիմա, ըստ էության, կրկին փորձում են անիվը ետ պտտել, և իրենց նարատիվը նորից բերել օրակարգ. «Ես տեսնում եմ ոչ թե շարժում, այլ մարդկանց խումբ, որոնք նոյեմբերի 9-ի գլխավոր դերակատարներն ու կազմակերպիչներն են։ Նրանք կրկին փորձում են նոյեմբերի 9-ի մեթոդներով, այսինքն՝ անկարգություններով, արդյունքի հասնել»։

Արթուր Հովհաննիսյանը մտահոգություն ունի, որ մինչ այս պահը դրսևորված անկարգությունները կարող են կրկնվել և ավելանալ. «Դրա համար ուզում եմ վստահություն հայտնել, որ Հայաստանի իրավապահ համակարգը ուշի ուշով հետևում է իրադարձություններին և թույլ չի տալու որևէ խախտում, որովհետև այս ուժերի գործողությունների տակ չկա բովանդակություն, չկա օրակարգ, առավել ևս՝ այլընտրանքային օրակարգ, որը կներկայացվի՝ ի հակադրություն մեծամասնության առաջարկած օրակարգին։ Մենք գործ ունենք պարզապես ուղիղ իմաստով իշխանության զավթման փորձի հետ»։
Պատգամավորի կարծիքով՝ քաղաքացիները հենց այնպես են ներկայացնում իրավիճակը, ինչպես՝ ինքը. «Բնակչության գերակշիռ մեծամասնությունը իրավիճակին վերաբերում է այնպես, ինչպես՝ կա։ Քաղաքացին լավ ճանաչում է այդ մարդկանց և լավ գիտի՝ նրանց գործողության իրական նպատակը որն է. պարզապես իշխանությունը զավթել, ժողովրդին տանել արկածախնդրության»։

Հովհաննիսյանը նկատեց, որ հեղափոխությունից ի վեր մեզ  նաև ամեն կերպ փորձում են խանգարել երկրի ներսից՝ երբեմն ավելի ուժեղ և ավելի մեծ ջանասիրությամբ, քան մեր արտաքին թշնամիները. «Մենք հասկանում ենք՝ Հայաստանի և Արցախի համար լուրջ մարտահրավերների ժամանակաշրջանում ենք ապրում, և հիմա մեզ երկրի ներսում միասնություն է պետք»։

Անդրադառնալով ցույցերին հասարակության ներգրավվածությանը՝ Հովհաննիսյանն ասաց. «Ես չեմ ուզում բոլոր մասնակիցների մոտիվներին գնահատական տալ։ Մենք պետք է ֆիքսենք, որ խորհրդարանը ձևավորվել է մեր քաղաքացիների ընտության արդյուքնում, և անկարգություններ կազմակերպող մարդիկ ևս այդ ընտրությունների միջոցով հայտնվել են խորհրդարանում»։

ՔՊ խմբակցության քարտուղարը վստահ է, որ ընդդիմադիր ուժերի այն տոկոսները, որոնք հավաքվել են խորհրդարան կազմելիս, հիմա էականորեն նվազել են. «Բայց, բնականաբար, նրանք ունեն աջակցություն՝ որոշակի քիչ տոկոսով, որոնք, իմ ընկալմամբ, ժամանակին որոշակի առնչություն են ունեցել իշխանական ամենատարբեր խմբերի հետ, օգտվել են իշխանական բարիքներից և հիմա այս տրամաբանության մեջ ցանկանում են վերադառնալ»։

Նրա խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ ապրում ենք ժողովրդավար երկրում, քաղաքացիներն իրավունք ունեն արտահայտելու իրենց կարծիքները տարբեր գործիքներով, բայց ցանկացած գործողություն պետք է տրամաբանության մեջ տեղի ունենա։ «Պետք է հաշվի առնենք, որ տվյալ ուժերը փորձում են ժողովրդավարությունից օգտվել և սանձարձակություն ցուցաբերել։ Մենք նաև խնդիր ունենք՝ պաշտպանելու ժողովրդավարությունը, և մենք անելու ենք դա, հետևաբար, ցանկացած դրսևորում, որը դուրս կլինի օրենքից, պետք է խիստ գնահատականի արժանանա իրավապահ համակարգի կողմից»։

Անկարգությունների կանխարգելման հարցին անդրադառնալով՝ Հովհաննիսյանն ընդգծեց. «Իշխանությունը որևէ հատուկ միջոցներ չի դրսևորում, այդ միջոցներն ամրագրված են օրենքներով, և ցանկացած գործողություն, որը չի տեղավորվի օրենսդրության և Սահմանադրության տիրությում, պետք է համարժեք գնահատականի արժանանա իրավապահ համակարգի կողմից»։

Հովհաննիսյանը վստահ է, որ իրավական համակարգն այսօր Հայաստանում արդեն ունի ներուժ և ժողովրդավար պետությանը հատուկ գործիքակազմ՝ ցանկացած անկարգություն կանխարգելելու համար։