Այսօր պետությունը դժբախտաբար դեռ չի կարողանում անցորդ-քաղաքացուն պաշտպանել ցուցարար-հանցագործ֊քաղաքացուց. Մարիա Կարապետյան
Քաղաքականություն
ՀՀ ԱԺ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը գրել է․
«Հեղափոխություն․ ովքեր, ինչու, ինչպես
Ովքեր. Թավշյա հեղափոխությունը իրագործած հուսաբեկ և հուսավառ հանրային֊քաղաքական գործիչները, ըմբոստ ու չարաճճի երիտասարդները և վերջիններիս հետևից ի պաշտպանություն նրանց փողոց դուրս եկած նրանց ծնողները երկրի ներսում պատճառներ ունեին։
Ինչու. Այդ պատճառներն էին այս երկրի բոլոր ռեսուրսների կենտրոնացումը մի խումբ մարդկանց ձեռքերում և քաղաքացու օտարումը պետությունից։
Ինչպես. Հեղափոխության ձևը՝ «տեխնոլոգիաները» մարդկանց ստեղծագործ մտքի արդյունք էին։
Ընդդիմության մի մասը առաջարկում է մարդկանց վրեժ լուծել Թավշյա հեղափոխությունից իր իսկ մեթոդներով՝ չնկատելով, որ Թավշյա հեղափոխությունը ծաղրելու այս հրավերը նախևառաջ հրավեր է ծաղրել մարդկանց։
Ի՞նչ է նշանակում իրազեկման ակցիա։ Իրազեկման ակցիան տեղ ունի, երբ չունես լայնասփյուռ մեդիաներ և որ ունես տեղ հասցնելու նորություն։ Չորս տարի է ամեն տիպի հարթակով «իրազեկում» են։ Եվ մարդիկ գիտեն, որ արհավիրք է տեղի ունեցել։
Հեղափոխության մասսայականությունը պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ փողոցում լինելը մտերիմներին պաշտպանելու ձև էր պետության հնարավոր բռնությունից։ Այսօր պետությունը դժբախտաբար դեռ չի կարողանում անցորդ-քաղաքացուն պաշտպանել ցուցարար-հանցագործ֊քաղաքացուց։
Եվ ամենակարևոր հարցերը, որ քաղաքացիներն են տալիս. ինչպե՞ս փրկել Արցախը Երևանի կենտրոնում կամ Հայաստանի մայրուղիների վրա և ինչո՞ւ փրկել հայրենիքը հայրենիքի տիրոջից՝ ժողովրդից»։