Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նախկին խմբակը, որը մեր օրերում նորից փորձում է կենդանանալ, որևէ կերպ աջակցություն չի ստանում, որովհետև իրենք քաղաքական դիակ են. Ռուստամ Բաքոյան

Մինչ ընդդիմությունը ակցիաներ է անում և հայտարարում, որ Արցախը վտանգված է, այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ՝ հայտարարելով, որ Արցախի հարցի թիվ մեկ շահառուն Արցախցի ժողովուրդն է, և այնպիսի բովանդակություն, որ բանակցվի և իրագործվի ծածուկ՝ ուղղակի անտրամաբանական է, ու նման բան երևակայելն անգամ անհնար է, ինչի համար Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին:  

Արցախի նախագահն այսօր նաև ասել է հետևյալը․ «Ուզում եմ ֆիքսել, որ մեր ինքնորոշման իրավունքից, որին մենք սկիզբ ենք դրել շարժման առաջին օրվանից, շեղվելու որևէ ուղղություն չենք տեսնում:  Խաղաղության պայմանագրի կնքումը ապահովում է այդ երաշխիքը»։

Այս առնչությամբ Civic.am-ը զրուցել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ։

Հարցին, թե արդյոք այսպիսով չի սպառվում ընդդիմության օրակարգը, Ռուստամ Բաքոյանն ասաց, որ ընդդիմության օրակարգը կեղծ է և կեղծ էր ի սկզբանե։

«Եվ ցավում եմ, որ հայության սրբության-սրբոցները որպես օգտագործման գործիք ծառայում են ընդդիմության ձեռքին։ Եվ թե՛ Արցախը,  թե՛ եռագույնը, թե՛ Արցախի դրոշն օգտագործում են, որպես իրենց նպատակներին հասնելու միջոց։ Այնպես որ ՀՀ վարչապետը նոր բան չի ասել և Արցախի Հանրապետության նախագահը նոր չի, որ արձագանքել է դրան»,- ասաց Ռուստամ Բաքոյանը։     

Խոսելով նաև այն մասին, որ ընդդիմադիրները հայտարարում են, թե մարզերից իրենց բազմաթիվ քաղաքացիներ են միանում, Ռուստամ Բաքոյանն ասաց, որ բացարձակ ոչ մի ակտիվություն չկա, և որևէ նոր մարդ չի միանում նրանց։ 

«ՀՀ քաղաքացիները անհանգստանալու որևէ պատճառ չունեն, որ նախկին խմբակը, որը մեր օրերում նորից փորձում է վերաակտիվանալ և կենդանանալ, որևէ կերպ աջակցություն չի ստանում և հոգեվարքի մեջ են, թե ոնց է ստացվում, որ 2018 թվականից հետո իրենց օգտագործած մեխանիզմները արդյունք չենք տալիս։ Խնդիրն իրենց մեջ է, որովհետև իրենք  քաղաքական դիակներ են, իսկ քաղաքական դիակները որևէ կերպ ակտիվանալ չեն կարող, ու հետևաբար, այստեղ անհանգստանալու պատճառ մեր քաղաքացիները չունեն»,-ասաց Ռուստամ Բաքոյանը։

Խոսելով նաև բուհերում դրոշներ դնելու ընդդիմադիր երիտասարդների ակցիայի մասին՝ Ռուստամ Բաքոյանն ասաց, որ եթե հայրենասեր երիտասարդներ են, ՀՀ-ի,Արցախի, սահմաններն անկայուն վիճակում են, թող գնան և կայունությունն ապահովեն այնտեղ, ոչ թե հանրապետության սրտում Արցախը փրկեն։
 
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Լիլիթ Թադևոսյան