Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թող ամեն մարդ նախ իր հետագծի մասին մտածի․ ԱԺ նախագահը՝ Գոռ Գևորգյանին

ԱԺ պատգամավոր Գոռ Գևորգյանն, այսօր ԱԺ-ում դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, ասաց, որ վերջինս՝ լինելով խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահ, ուզում է նրան հիշեցնել, որ նա ոչ միայն իրեն ծափահարող զանգվածի նախագահն է, այլև այն զանգվածի, ովքեր նրան չեն ծափահարում։
 
«Այսօր ուզում են մի խումբ պատգամավորների կողմից հուզող շահերը արտահայտել, հնչեցվեց կարծիք, որ գրավոք դիմեք, այո՛, պատգամավորը պարտավոր է գրավոր դիմել, բայց այս հարցուպատասխանի հարթակը պետք է բացառապես ծառայի բանավոր խոսքի համար և  բանավոր հարցուպատասխանի։ Հիմա ես նորից եմ ուզում  վերարտադրեմ իմ հնչեցրած կարծիքը, խորհրդարանը՝ ձեր գլխավորությամբ, կրավորական դերակատարություն է ունեցել վերջին մի քանի ամիսներին, և  դրա վառ ապացույցն է անցած օրը կառավարության անդամների կողմից հեգնական վերաբերմունքը՝ խորհրդարանական պետության խորհրդարանի անդամ հանդիսացող պատգամավորների հնչեցված հարցերի։ Այստեղ դուք պետք է  միջամտեիք և պարտավոր էիք միջամտել։ Այստեղ եք դուք նաև կերտում ձեր հետագիծը»,-ասաց պատգամավորը։

Արձագանքելով պատգամավորին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասաց, որ ինքն իր պարտականություններն էլ իրավունքներն էլ շատ հստակ գիտի։

«Լսեցի ձեր հորդորը, ձեր խորհուրդները, մի մասը համարում եմ կառուցողական, մի մասն էլ թույլ տվեք ես որոշեմ։ Իմ հետագծի մասին եք ասում, թող ամեն մարդ նախ իր հետագծի մասին մտածի,  հետո նոր մյուսների»,-հավելեց ԱԺ նախագահը։