Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում․ azatutyun.am

ԱԺ նախագահը դիտարկում է ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը. Սաղաթելյանը սա քաղաքական ճնշում է որակում․ azatutyun.am
Քաղաքականություն
17:44, 18 май 2022
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը դիտարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած խորհրդարանական ընդդիմության բացակայություններն անհարգելի համարելու հարցը։ Կարծում է՝ խնդրին շատ լուրջ է պետք մոտենալ։

«Կա օրենք, գործում է, պիտի գործի, դա իմ կարծիքն է։ Քննարկում կանենք, կհասկանանք», - ասում է նա։

Ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան հայտարարում է՝ իշխանությունը փորձում է քաղաքական ճնշում բանեցնել, ազդել փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմադիրների վրա։

«Ի տարբերություն իրենց՝ մենք ոչ մանդատով, ոչ պաշտոններով, մեր կյանքի նպատակը երբեք դա չի։ Մենք այդ մանդատը ստացել ենք մեր ժողովրդի և պետության շահը սպասարկելու։ Այսօր դա փողոցում է, խնդիրները հստակ ձևակերպված են, և մենք ասել ենք, որ խորհրդարան կվերադառնանք մեր օրակարգով», - նշում է Սաղաթելյանը։

ԱԺ լրատվականից «Ազատությանը» փոխանցել են վերջին՝ գարնանային նստաշրջանում քվեարկություններից ամենաշատը անհարգելի բացակայած պատգամավորների ցանկը։

Օրենքով պատգամավորը մանդատը կորցնելու վտանգի տակ է, եթե մի կիսամյակի ընթացքում նա քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է։ Պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու վերջնական որոշումը ԱԺ նախագահի նախաձեռնությամբ հրավիրված նիստում խորհուրդն է կայացնում։ Եթե խորհրդի նիստում չի ընդունվում այդ որոշումը, հարցը դեռ չի փակվում. առնվազն 22 պատգամավոր կարող է դեռ հավաքվել ու կոլեգայի լիազորությունների դադարեցման հարցով դիմել ՍԴ։

Խորհրդարանից տրամադրած տվյալները մեկ շաբաթ առաջվա պատկերն են ներկայացնում։ Ըստ դրա՝ մինչև մայիսի 11-ը տեղի է ունեցել 193 քվեարկություն ու գրանցում, 10 պատգամավորներ՝ 9-ը «Հայաստան», 1-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից՝ դրանց կեսից ավելիից անհարգելի բացակայել են։

Ալեն Սիմոնյանն «Ազատության» հետ երեկվա զրույցում արդեն 13 ընդդիմադիրների մասին էր խոսում, որ բացակայել են ավելի շատ, քան թույլատրելի է։ Ասում էր՝ հարցը կքննարկվի, երբ նստաշրջանն ավարտվի։ Գարնանային նստաշրջանն ավարտվում է մեկ ամսից՝ հունիսի 17-ին։

«Այսօր պայքարի օրակարգը փողոցում է, և մենք շարունակում ենք անհնազանդության բողոքի ակցիաները՝ կազմակերպելով ժողովրդի հանրային ճնշումը։ Իրենք չեն կարող, իրենց հոր տնից չեն տվել այդ մանդատները, որ մի հատ էլ զրկեն։ Թող սկսեն, դա այնքան երկրորդական է, իրոք շատ երկրորդական է, իրենք չեն հասկանում իրավիճակը, չեն տիրապետում իրավիճակին», - պնդում է ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը։

«Ինչ վերաբերում է բոյկոտին, դրա մասին օրենքում հստակ գրված է, որ մի անգամ ամեն մի խմբակցությունը կարող է բոյկոտ հայտարարել, բայց ներողություն եմ խնդրում, սա проходной двор չի էլի, այսինքն՝ երբ ուզում եմ՝ բոյկոտեմ, հետո գալիս եմ, ներս եմ գնում», - շեշտում է ԱԺ նախագահը։