Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը մտադիր է մասնակցել ավագանու նիստերին Վարչական դատարանի արգելանքի վերացումից հետո. Խմբակցությունից որևէ մեկը չի հավակնում համայնքի ղեկավարի պաշտոնին

Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցությունը մտադիր է մասնակցել ավագանու նիստերին Վարչական դատարանի արգելանքի վերացումից հետո. Խմբակցությունից որևէ մեկը չի հավակնում համայնքի ղեկավարի պաշտոնին
Քաղաքականություն
19:16, 23 июнь 2022
Հանրապետության երրորդ քաղաքի համարում ունեցող, 2021-ին խոշորացված, 105.000 բնակչություն ունեցող Վանաձոր համայնքում այսօր հերթական անգամ չկայացավ ավագանու նիստը՝ նախկին ՀՀԿ-ական համայնքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորած նույնանուն  դաշինքի և «Հայրենիք» խմբակցության ավագանու անդամների բացակայության հետևանքով։  Հայրենիքի փրկության համար տոչորվող ընդդիմությունը, փաստորեն,  փրկությունը նույնացնում է ոչ միայն  առաջնային մանդատով օժտված  խորհրդարանի,  այլ նաև տեղական ինքնակառավարման մակարդակում աշխատանքները բոյկոտելու հետ՝ միտումնավոր  չիրացնելով իրեն վերապահված լիազորությունները։ 
Վանաձորն, ի դեպ, առաջին անգամ չէ, որ հայտնվել է նման ճգնաժամում։ Ճիշտ նույնպիսի իրավիճակ ստեղծվել էր նաև 2016-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո, և ավագանին  իրավազոր չէր նիստեր գումարելու, քանի որ ընդդիմադիր ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունները բոյկոտում էին նիստերը։  Մամիկոն Ասլանյանն էլ մեղադրվում էր «մանդատագողության» մեջ։ Շուրջ մեկ տարի տևած այդ իրավիճակն ի վերջո հանգուցալուծվեց,  քանի որ  ՀՎԿ-ն վերանայեց բոյկոտի իր  որոշումը,  ՀՎԿ-ն ներկայացնող  Արկադի Փելեշյանը նշանակվեց  համայնքի ղեկավարի տեղակալ, և ավագանին սկսեց իր լիարժեք գործունեությունը։  

Տպավորություն է, թե ընդդիմությունը գործում է «Կովկասի գերուհին» ֆիլմի՝ Նինային զոռով կնության առնելու մտադրություն ունեցող հերոսի  կարգավիճակում, որը, չկարողանալով հասնել իր ուզածին, հայտարարում էր՝ «Այստեղից ես երկու ելք ունեմ. կա՛մ ես նրան տանում եմ զագս, կա՛մ նա ինձ քարշ է տալիս  դատախազի մոտ»։  «Կամ-կամ»-ի տրամաբանությունը մասնակիորեն իրականություն է՝ Մամիկոն Ասլանյանը «դատախազի մոտ» է՝  կալանավայրում, իսկ ընդդիմությանը «զագս»՝ ավագանու նիստերին, բերել  առայժմ չի հաջողվում. փույթ չէ, որ այս կապրիզի  հետևանքով տուժում է համայնքը՝ չեն հաստատվում օրակարգային կարևոր հարցերը՝ համայնքի բյուջեն և այս տարվա սուբվենցիոն ծրագիրը։
  
Civic.am-ը փորձեց պարզել՝  ավագանու նիստերը բոյկոտող խմբակցությունները մինչև եր՞բ են մտադիր նման կերպ գործել՝ արգելակելով  համայնքի բնականոն գործունեությունը, վանաձորցիների կենսապահովումը։ Մեզ հաջողվեց զրուցել «Հայրենիք» խմբակցության  ղեկավար Վահե Դոխոյանի հետ, որը ահա թե ինչ ասաց. «Համայնքի բյուջեն հաստատելու համար  նախ պիտի ունենանք մինչև վերջ ձևավորված, իրավական անձի կարգավիճակ ունեցող  համայնք, որը մեզ մոտ կիսատ է։ ՏԻՄ օրենքով վանաձորցին ընտրում է ավագանու անդամ, ավագանու անդամն էլ ընտրում է համայնքի ղեկավար։ Ապա համայնքի ղեկավարը ավագանու հետ ձևավորում է պատասխանատու կաբինետը, որոնց մեջ մտնում են նաև խոշորացված բնակավայրերի ղեկավարները,  որոնք ներկայացնում են իրենց կարիքները։  Բյուջեն առհասարակ կարիքների ֆինանսական փաստաթուղթ է։  Հիմա եթե մեզ մոտ էս փուլը կիսատ է, մենք դրա համար էլ չենք մասնակցել և համարում ենք, որ ավագանիում ստեղծված իրավիճակը իրավաչափ չէ»։ 

Իսկ  ինչ պետք է տեղի ունենա, որ  վերանայվի  բոյկոտի որոշումը։ Ի պատասխան՝ Դոխոյանն ասաց. «Ես ոչ իմ քարոզարշավին, ոչ էլ այլ դեպքում երբեք չեմ հայտարարել, որ եթե Վանաձորի քաղաքապետն իմ սրտով չեղավ՝ չեմ մասնակցելու նիստերին։ Պետք է ընդհանրապես ունենալ քաղաքապետ, և կապ չունի՝ ով էլ լինի նա, ես իմ ծառայությունն եմ բերելու Վանաձորին և վանաձորցուն։ Եվ երբ ինչ-որ մարդիկ սրտաճմլիկ բաներ են ասում, թե չեք մասնակցում,  տապալում եք համայնքի աշխատանքները, պետք է հիշեն, որ 6 ամսից ավելի վանաձորցիների մեծամասնության քվեները ստացած ուժի ղեկավարը  քաղբանտարկյալ է, և արհեստական կերպով արգելված է մեզ ընտրել համայնքի ղեկավար։  Բայց եկեք Մամիկոն Ասլանյանին  մի պահ թողնենք մի կողմ՝ բաց կթողնեն, չեն թողնի՝ սա հարցի մյուս կողմն է։ Երբ որ դատարանի արգելանքը հանվի, և մենք կարողանանք համայնքի ղեկավար ընտրել, էդ ժամանակ ով կընտրվի համայնքի ղեկավար, ես առաջինն եմ շնորհավորելու նրան, և հանուն Վանաձորի մեր խմբակցությունը շատ ակտիվ մասնակցություն է ունենալու ավագանու և համայնքի զարգացման գործում»,- խոստացավ ավագանու ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։ 

Նշենք, որ 2021 թ. հիշյալ համայնքում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքների  վերահաշվարկի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքարկման պահանջի հետևանքով վարչական դատարանը արգելանք  է սահմանել, ըստ որի՝ ավագանին իրավունք չունի համայնքապետ ընտրելու օրակարգով նիստ հրավիրել, Վարչական դատարանն արգելանքի հարցը  քննելու մասին հաջորդ նիստի օր է  նշանակել  հուլիսի 20-ը։  Դոխոյանի խոսքից հետևում է, որ «Հայրենիք»-ի բոյկոտը  Մամիկոն Ասլանյանի անձի հանգամանքով  պայմանավորված չէ, այլ՝ ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու իրենց իրավունքը իրացնել չկարողանալու։ Դոխոյանը հիշեցրեց, որ  դատարանի առաջին նիստը տեղի էր ունեցել մարտին և հետաձգվել մոտ 5 ամսով՝ եզրակացնելով. «Ակնհայտ է, որ սա քաղաքական նկատառումով է արվել։ Եթե ՀՀ երրորդ քաղաքում կա խնդիր, չի կարելի մի չորս-հինգ  ամսով նիստը հետաձգել։ Պարզից էլ պարզ է, որ Մարուքյանի հայցը պիտի մերժվի։ Փաստացի  մոտ 6 ամիս Վանաձորը եղել է այս վիճակում, արհամարհվել է վանաձորցիների մեծամասնության կամքը, թույլ չի տրվել նրանց մինչև վերջ իրացնել իրենց տրված լիազորությունը»։  

Նկատեցինք, որ կառավարությունը որոշել է խնդիրը  լուծել, այսպես ասած, միջանկյալ միջոց կիրառելով՝ ՏԻՄ օրենքում համապատասխան փոփոխություն մտցնելով, որով վարչապետին լիազորություն տրվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակել նախորդ ՏԻՄ ընտրություններից հետո Մ. Ասլանյանի առաջին տեղակալ աշխատած  Ա.  Փելեշյանին։ (ԺՊ-ի պաշտոնավարման կոնկրետ ժամկետ,  նկատենք, օրենքով  սահմանված չէ. նա պաշտոնավարում է մինչև ավագանու նոր ընտրությունները և ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելը)։  «Էստեղ Արկադի Փելեշյանի հարցը չի, նա շատ լավ մարդ է, ունեմ շատ լավ հարաբերություններ նրա հետ, միգուցե նրա փոխարեն մեկ այլ մարդ նշանակվեր, ամբողջ խնդիրն էն է,  որ մեկ օրում ԱԺ-ն որոշեց, որ նման խնդիրները լուծելու  համար վարչապետն իրավունք ունի ԺՊ նշանակել, և նույնիսկ չնշվեց, թե ի՞նչ սկզբունքով պետք է նշանակվի։ Եթե ժողովրդավարության տրամաբանությունից ենք ելնում, ապա վանաձորցիների մեծամասնությունն ընտրել էր  «Ասլանյան» դաշինքին, ի՞նչն էր խանգարում, որ այդ ուժի ներկայացուցչին նշանակեր ԺՊ։ Բա ինչի՞ ենք ընտրում քաղաքապետ, եկեք գործող իշխանությունը ում հարմար է գտնում, թող նրան էլ նշանակի ԺՊ, և այսպես աշխատենք։ Եվ համայնքը մոտ 6 ամիս էս վիճակում թողնելուց հետո մեզ ասել, թե եթե չգաք ավագանու նիստին, աշխարհը կփլվի, սա կեղծ կատեգորիա է։ Ուրեմն պետք է ևս մի քանի օր սպասել՝ մինչև դատարանի որոշումը,  ընտրել համայնքի ղեկավար, վերջնականացնել օրինական, իրավական անձի կարգավիճակ ունեցող համայնքը, և դրանից հետո համայնքը կիրականացնի իր աշխատանքները։ Սպասենք այդ օրվան»,- շեշտեց մեր զրուցակիցը։  

Ստացում է, որ մինչեւ հուլիս 20-ը, այսինքն, այսօրվանից սկսած՝ առնվազն 20 եւ ավելի օր, ավագանու երկու խմբակցությունների կամակորության հետեւանքով համայնքի ֆինանսական գլխավոր փաստաթուղթն ու սուբվենցիոն ծրագիրը մնալու են առկախված՝ սպասելով իրավազոր ավագանու հաստատմանը։

Նշենք, որ ըստ ՏԻՄ օրենքի՝ համայնքի ղեկավարն ընտրվում է ավագանու կողմից: Ավագանու և համայնքի ղեկավարի ընտրության կարգերը սահմանվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով (Հոդված 142.2. օրենքի)։ 

Դոխոյանը մեր հարցին ի պատասխան նշեց նաև, որ ինքը և իր ղեկավարած խմբակցությունից  որևէ անձ այս պահին չեն հավակնում համայնքի ղեկավարի պաշտոնին։ 

Հեղինե Մանուկյան