Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե Իրանը հայտարարում է, որ կընդդիմանա Իրանի և Հայաստանի սահմանի փակմանը, ապա իրենց ընդդիմանալը հայտարարությունից անցնելու՞ է ընդհուպ գործողությունների․ Արեգ Քոչինյան

«Չեմ բացառում, որ իրական նպատակը կապ չուներ Հայաստանի հետ, կդժվարանամ ասել նպատակը որն էր», - քաղաքագետ Արեգ Քոչինյանն այսպես  պատասխանեց Իրանի Անվտանգության գլխավոր խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի, ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսի և ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինի Հայաստան ժամանելու նպատակի մասին հարցին։
 
Անդրադառնալով Իրանի հոգևոր առաջնորդի՝ Էրդողանի հետ զրույցում հայտարարությանը՝ Քոչինյանն ասաց՝ կարևոր է հասկանալ, որ երբ Իրանը հայտարարում է, թե կընդդիմանա Իրանի և Հայաստանի սահմանի փոփոխությանը, ապա ինչպե՞ս է արտահայտվելու իրենց ընդդիմանալը, դա անցնելո՞ւ է հայտարարություններից ընդհուպ ֆիզիկական գործողությունների։

Արեգ Քոչինյանը կարևորեց երկկողմ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունների մեկնարկը և հետագա շարունակականությունը։ Ձևաչափին անդրադառնալով Քոչինյանն ասաց, որ հնարավոր չէ վերջնական արդյունքի հասնել միայն մեկ ճանապարհով և պետք է աշխատել տարբեր ուղիներով, ձևաչափերով։ «Ինչքան շատ լինեն ճանապարհները նպատակին գնալու համար, այդքան ավելի լավ և շատ կարևոր է, որ այդ ճանապարհներից մեկը լինի երկկողմ ձևաչափը», - ասաց Քոչինյանը և հավելեց. «Երկկողմ բանակցություններին դեմ գործիչները՝ առանց անձնավորելու, կա՛մ չեն հասկանում ինչից են խոսում, կա՛մ չեն ելնում Հայաստանի Հանրապետության շահերից»։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում երրորդ ուժի ներգրավմանն անդրադառնալով Քոչինյանը նշեց, որ երկկողմ ձևաչափը Հայաստանի համար ամենաշահեկանն է, քանի որ երրորդ ուժ ասելով շատերը հասկանում են հենց Ռուսաստանը, իսկ վերջինս դեմ է հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական կարգավորմանը։

«Համաձայն է այնքանով, որ ճանապարհները պետք է բացվեն։ Կոմունիկացիաների բացումը և հարաբերությունների կարգավորումը տարբեր օրակարգեր են Ռուսաստանի համար», - ասաց Արեգ Քոչինյանը։

Հայաստանը, ըստ Քոչինյանի, նաև չի կարող չբանակցել՝ սպասելով մինչև հզորանա ու ավելի ամուր դիրքերից կարողանա բանակցել հարևանների հետ։ «Վերջին 20 տարիների պատմությունը տխուր պատմությունն է այն բանի, թե ինչպես է Հայաստանի զարգացման տեմպն ավելի ու ավելի զիջում իր հարևանների զարգացման տեմպերին, ու սրա օրինակները շատ շատ են՝ բնակչությունը, ՀՆԱ-ն, ռազմական բյուջեն, զինվածության մակարդակը՝ տարբերությունները գնալով միայն ու միայն աճում են։ Եվրոպայի էներգետիկ ճարտարապետության մեջ Ադրբեջանի դերը երկրաչափական պրոգրեսիայով աճում է։ Եվ այս պայմաններում, եթե ինչ-որ մեկը կասի, թե պետք է սպասենք մինչև Հայաստանը մի քիչ զարգանա նոր գնանք բանակցությունների, ապա ինքը կա՛մ չի հասկանում ինչից է խոսում, կամ չի ելնում ՀՀ շահերից, այլընտրանքը զիջումների գնալն է Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ Պատերազմում պարտված կողմը, եթե չի ուզում իր վիճակն ավելի բարդացնել, եթե չի ուզում նոր սրացումներ կամ չի ուզում վերջնական մտնել Ռուսաստանի թևի տակ, պետք է վճռականորեն գնա հարաբերությունների կարգավորման Ադրբեջանի և Թուրքիայի հետ», - ասաց Քոչինյանը։

Ըստ Քոչինյանի, իշխանությունները պետք է հստակ պատասխանեն հարցին՝ պե՞տք է ձգձգել հարաբերությունները կարգավորելու գործընթացը, թե՞ վճռականորեն գնալ դրանց։

Այդ դիսկուրսը՝ Ղարաբաղը տալի՞ս ենք, թե՞ չենք տալիս, ամբողջովին սուտ է, որովհետև տվո՛ղն էլ, չտվողն էլ մենք չենք։ Եվ այն մարդիկ, որ իրենց թվում է, թե իրենք ցույցերով կարող են ազդել որոշումը կայացնողի վրա՝ Արցախը տալ, թե չտալ, կառաջարկեմ էկզոտիկայի համար գնալ Մոսկվայում այդ ցույցն անել, տեսնենք ճնշում կարողանալո՞ւ են գործադրել էդ որոշումը կայացնողի վրա, և իշխանության գործողությունները, ըստ իս, պետք է լինեն այն ուղղությամբ, որ հասարակությանը հնարավորինս մատչելի բացատրեն, որ Արցախ տվող-չտվողն այլևս այս իշխանությունները չեն և Հայաստանը չէ», - ասաց Արեգ Քոչինյանը։

 Ըստ Քոչինյանի, պետք է հարցադրումն այսպես ձևակերպել՝ ո՞րն է մեր առաջնահերթությունը, եթե պահելու լինենք ընդամենը մեկ բան, ի՞նչն ենք ընտրելու՝ Արցա՞խը, հայ դա՞տը, Արևմտյան Հայաստանի մասին մեր երազանքնե՞րը, արժանապատվության մասին մեր պատկերացումնե՞րը, թե՞ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Այս հարցին պատասխանելուց հետո, ըստ Քոչինյանի, մի քիչ ավելի պարզ է դառնում ամեն ինչ։
 
Մանրամասն՝ տեսանյութում
 
Վովա Հակոբյան