Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նախորդ իշխանությունը տվել էր համաձայնություն տարածքների վերադարձի մասով և պետք էր դրան կա՛մ համաձայնել, կամ՝ չհամաձայնել ու գնալ պատերազմի»․ Արեգ Քոչինյան

Civic.am-ի հյուրը քաղաքական վերլուծաբան Արեգ Քոչինյանն է։

Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց ղարաբաղյան բանակցությունների գործընթացից, ԳՇ պետի և վարչապետի հայտարարությունների հակասություններից և Հանրապետության նախագահի կողմից Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ՍԴ ուղարկելուց։

Քոչինյանի կարծիքով՝ ղարաբաղյան բանակցությունների գործընթացը կարճատև է դիտարկվում։ Գործընթացի սկզբնակետ պետք է վերցնել դեռևս 90-ականների Անվտանգության խորհրդի նիստի հայտնի քննարկումը, որտեղ իշխանական էլիտայի մեջ ձևավորվել էր երկու բևեռ՝ խաղաղության բևեռը և պատերազմի բևեռը։ Ի վերջո, Հայաստանում հաղթեց պատերազմի բևեռը։

«Հայաստանի համար ամենացավալին այն էր, որ իշխանական էլիտան ընտրելով ըստ էության պատերազմի ճանապարհը, որոշեց այդ պատերազմին չպատրաստվել», - ասաց Քոչինյանը։

«Այն որ 2018 թվականի դրությամբ բանակցությունները փակուղում էին, այո՛ փակուղում էին, այն որ 7 շրջանների վերադարձի շուրջ միջազգային հանրության մոտ կար կոնսենսուս և, որ դա, ըստ էության, որևէ կերպ չէր կապվում կարգավիճակի հետ, առնվազն ինձ համար փաստ է։ Մենք բաց էինք թողել այն պահը, երբ տարածքներ կարգավիճակի դիմաց բանաձևը վեր էր ածվել տարածքներ խաղաղության դիմաց բանաձևի», - նշեց Քոչինյանը և հավելեց․ «Նիկոլ Փաշինյանը և իր թիմը կանգնել էին փաստի առաջ։ Իրենք եկել էին իշխանության, երբ նախորդ իշխանությունը արդեն տվել էր համաձայնություն տարածքների վերադարձի մասով և դա ուղիղ կապ չուներ կարգավիճակի հետ և պետք էր կամ դրան համաձայնել, կամ՝ չհամաձայնել ու գնալ պատերազմի»։

Անդրադառնալով Գլխավոր շտաբի պետի և վարչապետի հայտարարությունների միջև հակասություններին, Քոչինյանը նշեց, որ ԳՇ պետի հայտարարությունից ստացվում է, որ Հայկական բանակը, որը մենք 30 տարի կառուցել ենք, որի մեջ տարեկան կես միլիարդ փող ենք դրել կարող էր կռվել ընդամենը 4 օր։

«Եթե մենք պետք է տարեկան կես միլիարդ փող դնենք այդ բանակի մեջ, ու այդ բանակը չորս օր կռվեր, միգուցե չդնե՞նք այդ փողը ու իմանանք, որ այդ չորս օրն էլ չէինք կարող կռվել։ Եթե ԳՇ պետը հայտարարում է, որ նման հայտարարություն է արել, նշանակում է, ժողովուրդ, եթե մենք չորս օր կռվող բանակ ենք ունեցել, ուրեմն մենք բանակ չենք ունեցել», - ասաց Արեգ Քոչինյանը։

Քոչինյանի կարծիքով՝ միակ լուծումը Անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը և ձայնագրությունը ժամ առաջ հրապարակելն է։ Անդրադառնալով Հանրապետության նախագահի կողմի ԸՕ-ում փոփոխություններ կատարելու մասին օրենքի չստորագրմանը և ՍԴ դիմելուն, Քոչինյանը նշեց, որ իր դիտարկմամբ նախագահն ունի քաղաքական որոշում այլևս որևէ կերպ չաջակցել և թույլ չտալ գործող խորհրդարանին զբաղվելու օրինաստեղծ գործունեությամբ։

«Ընտրական օրենսգրքի ընդունման տապալումը չի ելնում Հայաստանի Հանրապետության պետական շահից և ընդհանրապես ժողովրդավարության շահերից», - նշեց Քոչինյանը։  

Մանրամասն՝ տեսանյութում:   

Վովա Հակոբյան