Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական ԶՈՒ-ն ամբողջությամբ դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից․ Բայրամովը՝ Դոնֆրիդին

Հայկական ԶՈՒ-ն ամբողջությամբ դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից․ Բայրամովը՝ Դոնֆրիդին
Քաղաքականություն / Աշխարհ
23:02, 01 август 2022
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունից․ տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Կողմերը մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հետկոնֆլիկտային հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակի, Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունների կատարման, ինչպես նաև Եվրամիության նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ երկու երկրների ղեկավարների երկկողմ հանդիպումներից հետո հայտարարությունների վերաբերյալ։


Բայրամովը կարևորել է կողմերի պարտավորությունների լիարժեք կատարումը։ Այս կապակցությամբ ընդգծվել է, որ հակառակ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից բխող պարտավորություններին, հայկական զինված կազմավորումներն ամբողջությամբ դուրս չեն բերվել Ադրբեջանի տարածքից, և նշվել է դրա անթույլատրելիությունը։



Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նույնպես հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրի վերաբերյալ։

Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հետևանքով ծագած հումանիտար խնդիրների լուծմանը՝ կողմերն ընդգծել են հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ ազատ արձակման անհրաժեշտությունը: