Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուզում եմ հստակ արձանագրենք, որ որևէ մեկի կողմից չի հնչել Թուրքիայի հետ բարեկամանալու մոտեցում, բառ, մեկնաբանություն․ Լիլիթ Մակունց

«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյայի կարևորագույն հանձնառություններից է անել առավելագույնը՝ հզորացնելու, ուժեղացնելու պետությունը, պետականությունը, միևնույն ժամանակ ազգային ինքնության և հիշողության պահպանմամբ: Յուրաքանչյուր պաշտոնյայի առաքելությունն է այս երկու մոտեցումները ներդաշնակ կերպով զուգակցելը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար  Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ի՞նչ կարծիքի է նա մեր ղեկավարության այն հայտարարության մասին, որ պետք է փոխել կեցվածքը՝ տարածաշրջանի պետությունների, մասնավորապես, Թուքրիայի և Ադրբեջանի նկատմամբ:

Արձագանքելով Սասուն Միքայելյանի կողմից այս թեմայի վերաբերյալ արված արտահայտությանը, այն է՝ «Շան հետ ընկերություն չեն անում»՝ Մակունցը նշեց, որ իշխանությունում որևէ մեկի կողմից չի նշվել «բարեկամանալու» մեկնաբանություն. 

«Նման բառ, նման մոտեցում, նման մեկնաբանություն չի հնչել և պարոն Միքայելյանը պարզապես պատասխանել է լրագրողի այդ հարցին: Ուղղակի արձանագրենք, որ նման բառ չի հնչել: Ես ներկայացրեցի արդեն իմ մոտեցումը հարցի վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում, կարծում եմ, այն պաշտոնյաները, որոնց խոսքը մեկնաբանության կարիք ունի, խնդրում եմ իրենց դիմեք»:

Հարցին, թե ինքը՝ տիկին Մակունցը, ինչպե՞ս է պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունները, նա նշեց, որ գոնե մինչև վերջերս Թուրքիան ակնհայտ ցույց է տվել, որ ունի ոչ բարեկամական, թշնամական վերաբերմունք Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամ և, ըստ նրա, թեկուզ փոքր քայլերով, Թուրքիայի մոտեցման վերանայումը կարող է հիմք հանդիսանալ նաև Հայաստանի համար մտածելու հարաբերությունների հաստատման առընչությամբ:

«Ես կարծում եմ, որ պետք է շատ խորքային դիտարկենք յուրաքանչյուր հայտարարություն: Չհնչեցնել էնպիսի ձևակերպումներ, որոնք չկան ենթատեքստում»:

Մակունցի խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք հնչում են, դրանք տարածաշրջանային վերաձևավորումներ և տարածաշրջանային փոփոխությունների համատեքստում են, որոնք, որպես պետական այրեր, նրանք պարտավոր են հաշվի առնել և ըստ այդմ կայացնել որոշումներ, դիրքավորվել կամ վերադիրքավորվել.

«Դա բոլորովին չի նշանակում այն մեկնաբանությունը, որ հնչեցվում է հիմա: Միևնույն ժամանակ ուզում եմ շեշտադրել, որ ազգային ինքնության և պատմական հիշողության պահպանումը մեր յուրաքանչյուրի առաքելությունն է»: