Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ Քայլը» ողջունում է պատերազմի դրվագներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը»․ Լիլիթ Մակունց

«Իմ Քայլը» ողջունում է պատերազմի դրվագներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկը»․ Լիլիթ Մակունց
Քաղաքականություն
16:47, 19 февраль 2021
ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը այսօր ԱԺ ճեպազրույցներում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը հակաղարաբաղյան շարժում անվանելուն, ասաց, որ չի ցանկանում մեկնաբանել Սերժ Սարգսյանի հարցազրույցում հնչած տարբեր դրվագներ, սակայն նշեց, որ երրորդ նախագահի հարցազրույցը լի էր իրարամերժ պնդումներով, որոնք ավելի շատ հարցեր են առաջացրել, քան տվել պատասխաններ։ Ըստ Լիլիթ Մակունցի՝ այն շեշտադրումները, որն անում է իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը, իր քաղաքական թիմը և անձամբ ինքը՝ Սերժ Սարգսյանը այդպիսի շեշտադրումներով հանրային քաղաքականություն չեն վարել։

«Այդ շեշտադրումները որևէ կերպ արտացոլված չեն եղել իրենց թե՛ հանրային քաղաքականությունում, թե՛ օրինակ 2017 թվականի նախընտրական ժամանակաշրջանում, թե՛ 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ»,- նշեց Լիլիթ Մակունցը։ Մակունցը նկատեց նաև, որ հնչել են թեզեր, որոնք եղել են ծայրահեղ հակառակ թևում։ «Ցանկացած շերտ, ով փորձ է կատարել որևէ կերպ այլ դիսկուրս ներմուծել քաղաքական դաշտ, արժանացել է ծայրահեղական պիտակումների»,- ասաց Լիլիթ Մակունցը։ 

Հարցին թե, եթե վաղը Ազատության հրապարակում բազմամարդ հանրահավաք տեղի ունենա, իշխանությունը կփոխի արդյո՞ք իր մոտեցումը արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, Մակունցը նշեց, որ իրենց այդ որոշումը նախ և առաջ պայմանավորված է ընդդիմության՝ իրենց պարզած ձեռքը չսեղմելով։ «Մենք նշել ենք, որ մենք արձագանքում ենք ընդդիմության իշխանափոխության առաջարկին, որը մենք տեսնում ենք բացառապես ընտրությունների միջոցով։ Սակայն ընդդիմությունը մեր այդ ձեռք մեկնմանը դրական չի արձագանքել»,- նշեց «Իմ Քայլը» խմբակցության ղեկավարը։

Պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին հարցին Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ իրենք ողջունում են այդ առաջարկը՝ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, սակայն ինչ վերաբերում է պարիտետային քննիչ հանձնաժողով ստեղծելուն, ապա ներկա դրությամբ մեր սահմանադրությունը թույլ չի տալիս դա անել, հետևաբար Էդմոն Մարուքյանին առաջարկվել է այլ տարբերակ։ «Առաջարկել ենք, որպեսզի լրացուցիչ բարդություններ չառաջանան, և քանի որ արդեն օրենքը կարգավորումներ ունի, մենք կարող ենք գնալ այդ տարբերակով», ասաց Լիլիթ Մակունցը, ապա հավելեց՝ «նաև առաջարկել ենք իրենց խմբակցության ներկայացուցիչներով հանդիպել պետաիրավականում և քննարկել իրավաբանների հետ, թե արդյո՞ք կարող ենք լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը»։