Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ո՞րն է Լեռնային Ղարաբաղում շփման գիծը, ովքե՞ր են դրա կողմերը, ո՞րն է Լաչինի միջանցքը․ այս հարցերի հստակեցումն է ԼՂ կարգավիճակի որոշման հիմք լինելու

Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ո՞րն է Լեռնային Ղարաբաղում շփման գիծը, ովքե՞ր են դրա կողմերը, ո՞րն է Լաչինի միջանցքը․ այս հարցերի հստակեցումն է ԼՂ կարգավիճակի որոշման հիմք լինելու
Քաղաքականություն
21:40, 02 сентябрь 2022
Civic.am-ի զրուցակիցն է  Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը։

 
-2020-ից հետո Արցախի անկախության օրը հակասական զգացումներ է արթնացնում։ Արցախի հիմնախնդիրները լուծվելու փոխարեն, խորանում են։ Ի՞նչ տրամադրությամբ եք նշում Անկախության տոնը Դուք, արցախցին։  

-Առնվազն ապրիլյան քառօրյայից հետո մենք այս և մյուս օրերին տոնախմբություններին տրվելու իրավունք չունեինք։ Ցավոք, այսօր էլ պաթոսի պակաս չկա։ Ուղերձ է հղել վարչապետ Փաշինյանը, նախագահ Հարությունյանը։ Իմ տպավորությամբ, դրանք լուրջ և իրավիճակին ադեկվատ են։ Պետք է ձգտենք, որ նախանշված նպատակներն իրականություն դառնան։
 
-Ռուս-ուկրաինական հակամարտությունը վատթարացրել է Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունները, ինչը բավականին անկանխատեսելի սպառնալիքներ է ստեղծում Հարավային Կովկասի և մասնավորապես Արցախի համար։ Այս պայմաններում առաջնահերթ ի՞նչ է պահանջվում Հայաստանից և Արցախից։
 
-Ես բացառապես անձնական կարծիք եմ արտահայտում։ Տրամաբանական է թվում, որ Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների և ԼՂ քաղաքական կարգավորման հարցերը պետք է հնարավորինս առանձնացվեն։ Այսինքն, կա կարգավորման փուլային հայեցակարգին վերադառնալու անհրաժեշտություն։ Դա, իհարկե, ցավոտ է, բայց միակ հնարավորությունն է։
 
- Գործնականում ԼՂ կարգավորման հարցով միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը չի գործում 2020-ից ի վեր։ Ադրբեջանն ու Ռուսաստանը պնդում են, որ այն վերակենդանացնելու փորձերը իզուր ու անօգուտ են, մինչդեռ Հայաստանը պնդում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը պետք է որոշվի միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո է։ Ի՞նչ հնարավորություն եք տեսնում Արցախի կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի իրացման հետ կապված։
 
-Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը գործունակ մնար, պատերազմ չէր սկսվի կամ քառասունչորս օր չէր տևի։ Մյուս կողմից էլ հիմնավոր պնդում է, որ Ադրբեջանը չունի ԼՂ կարգավիճակը որոշել-չորոշելու իրավասություն։ Ինչպե՞ս համադրել «գետնի վրայի» իրականությունը և ԼՂ կարգավորման միջազգայնորեն ընդունված հայեցակարգը՝ շատ բարդ խնդիր է, բայց գոնե միջին լուծում գտնելու հնարավորություն, կարծում եմ, կա։ Ի մասնավորի, պետք է հստակեցնել, թե ո՞րն է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ ճանաչված Լեռնային Ղարաբաղը, ո՞րն է Լեռնային Ղարաբաղում շփման գիծը, ովքե՞ր են դրա կողմերը, ո՞րն է Լաչինի միջանցքը, որ Լեռնային Ղարաբաղը կապում է Հայաստանին։ Այս հարցերի հստակեցումն է ԼՂ կարգավիճակի որոշման հիմք լինելու։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ խնդիր է լուծում Ադրբեջանը Եռակողմ համաձայնության խախտումով Բերձորը հապշտապ իր վերահսկողության տակ վերցնելով։ Ընդհանրապես ինչպե՞ս եք գնահատում ռուս խաղաղապահների գործունեությունն Արցախում՝ սկսած 2020-ից։
 
-Ինձ համար էական չէ, թե երբ և ինչպես է կառուցվել նոր երթուղին։ Դրանից սկզբունքորեն ոչինչ չի փոխվում, եթե խնդրին ծնայենք «թռչնի թռիչքի,» և ոչ թե Բերձոր կամ Աղավնոի բնակավայրի մի տան կտուրի բարձրությունից։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված է, որ նոր երթուղին կառուցվում է Լաչինի միջանցքում։ Այս իրավական ռեժիմն է կարևոր։

Թամարա Ղազարյան