Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եռաբլուրի» վշտից քաղաքական դիվիդենտ քամող ընդդիմությունը վարկաբերում է սգակիր ծնողներին՝ դրդելով անադեկվատ քայլերի և պարսավանքի թիրախ դարձնում

«Եռաբլուրի» վշտից քաղաքական դիվիդենտ քամող ընդդիմությունը վարկաբերում է սգակիր ծնողներին՝ դրդելով անադեկվատ քայլերի և պարսավանքի  թիրախ դարձնում
Քաղաքականություն
19:35, 21 сентябрь 2022
Հանուն հայրենիքի զոհված մեր հայրերի, եղբայրների ու որդիների հիշատակը պետք է ոգեկոչել ամեն օր ու ամեն ժամ, քանի որ նրանց զոհաբերության, նրանց տված կյանքի գնով է մեզ  տրվում դեռևս շարունակվող մեր կյանքի ամեն ժամն ու օրը, րոպեն ու վայրկյանը։ 

«Եռաբլուրը» հավերժական ննջատեղին է հանուն հայրենիքի մարտիրոսված բոլոր հայորդիների համար, իսկ ննջեցյալներին այցելելու ու ոգեկոչելու իրավունք ունի համազգային վշտին հաղորդակից ցանկացած ոք՝ ամենաբարձր պաշտոնն զբաղեցնողից մինչև շարքային քաղաքացի։ 

Ցավով ու արդեն որերորդ անգամ  պետք է արձանագրել, որ հատկապես 44-օրյա պատերազմում կրուստներ ունեցող անձանց, սգակիր ծնողների ծանր հոգեվիճակն արդեն տևական ժամանակ օգտագործվում է քաղաքական հայտնի շրջանակների կողմից՝ իշխանության դեմ հակաքարզչություն անելու, իշխանության նկատմամբ ատելություն, ցասում սանձազերծելու, բորբոքելու, ընդհուպ՝ նրանց ձեռքերով տեռոր իրականացնելու նպատակով։  Հիշյալ շրջանակները, փաստորեն, զոհված  հայորդիների հարազատների վիշտն ամոքելու, մխիթարելու փոխարեն զբաղված են նրանց մշտապես սթրեսի ենթարկելու, նրանց սուգն անընդհատ թարմացնելու, նրանց գրգռելու սրբապիղծ գործով։  

Սա,  մեղմ ասած, անբարոյականություն է ոչ միայն քաղաքական պայքարի ձևի, այլ նաև մարդկային տեսանկյունից․օգտագործելով ծանր, խոցելի հոգեվիճակում գտնվող անձանց ու նրանց  դրդելով ոչ ադեկվատ քայլերի, նրանք, այսպիսով, վերջիններիս դարձնում են բռնության, և որ ամենամտահոգիչն է՝  հասարակական պարսավանքի թիրախ։

Սոցցանցերում որդեկորույս ծնողների մասնակցությամբ ակցիաների տեսագրությունների տակ վերջիններիս ուղղվում են պարսավանքի ու վիրավորանքի խոսքեր, քննադատվում է նրանց վարքը, ինչի հետևանքով նսեմացվում, արժեզրկվում է այն մեծագույն զոհաբերությունը, որը նրանց որդիները կատարել են հանուն հայրենիքի։  

Սրբատեղին, մինչդեռ, քաղաքական հաշվիներ մաքրելու, սուգից քաղաքական դիվիդենտ քամելու տեղ չէ, այլ մի վայր, որտեղ այցելելիս քաղաքականությունը, «կեղտոտ կոշիկներն» ու  ցանկացած աղտեղություն պետք է թողնել մուտքի մոտ։ Սրբատեղին վայր է, որը մաքրամաքուր  պահելը բոլորիս պարտքն է՝ անկախ քաղաքական  համակրանքներից ու հակակրանքներից։   

Հ․Գ․ Հիշեցնենք, որ «Դիմադրության» շարժման օրերին ընդդիմությունը որոշել էր զոհերի ծնողներից «մահապարտի երդում» կորզել՝ այն Ֆրանսիայի հրապարակում տեսանյութով ցուցադրելու համար։ Մասնակիցները, որոնք մասամբ զոհերի հարազատներ էին, մասամբ՝ ընդդիմության համակիրներ, մահապարտի երդում հիշեցնող  երդում տվեցին, թե՝ ժամն է պայքարի, զոհված զավակների շիրիմի առաջ երդվում ենք՝ «վռնդել այս իշխանությանը»։ Այնուհետև, «Երդվում ենք» հեշթեգը միանալու կոչով հայտնվեց «Հայաստան» դաշինքի էջում և ՀՅԴ-ի կայքերում՝ ակնհայտ դարձնելով, թե ովքեր են հատուկ վերաբերմունքի արժանի ծնողներին դարձնում ատելության գործիք և օգտագործում իրենց կլանային շահերը սպասարկելու համար։ 

Իսկ այսօր նույն դաշինքի կին պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը և Քրիստինե Վարդանյանը անձամբ էին ուղղորդում զոհերի ծնողներին և նկարահանում ոստիկանների հետ միջադեպը։

Պատերազմի զոհերի հարազատների մեջ իշխանության հանդեպ ատելություն սերմանելու և նրանց իրենց հանրահավաքներին ընդգրկելու գործին անձամբ լծված պատգամավոր Գեղամ Նազարյանի «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունն էլ պահը բաց չի թողել և պահանջել է Նիկոլ Փաշինանի հրաժարականը։ 


Ելենա Ազատյան