Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը բավարար չէ որևէ լուծման համար, անհրաժեշտ է որևէ կենտրոնի այն աստիճան դոմինանտություն, որ մյուսները չկարողանան խանգարել ․ Հակոբ Բադալյան

Միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև փոխզիջումը բավարար չէ որևէ լուծման համար, անհրաժեշտ է որևէ կենտրոնի այն աստիճան դոմինանտություն, որ մյուսները չկարողանան խանգարել ․ Հակոբ Բադալյան
Քաղաքականություն
10:40, 10 ноябрь 2022
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է․

«Զարմանում եմ, երբ՝ «կարո՞ղ էինք կանխել պատերազմը» հարցին լսում եմ միարժեք՝ «այո, կարող էինք» պատասխաններ մարդկանցից, որոնք հաստատապես չեն տիրապետում տեղեկատվության այն խորհրդապահական մակարդակին, որը թույլ կտա այդ առնչությամբ անել շատ թե քիչ պնդումներ:

«Այո, կարող էինք»-ի հիմքում սովորաբար մեկ փաստարկ է՝ համաձայնում էինք կարգավորման այսպես ասած փոխզիջումային տարբերակներին, այլ կերպ ասած՝ չէինք դնում առավելապաշտական պահանջներ եւ հանձնում էինք տարածքները: Սա իհարկե առանձին խոսակցության առարկա է՝ այդ մոտեցման դիվանագիտական տակտիկականության արդյունավետության հարցը: Այստեղ կարող է լինել տեւական եւ գուցե անվերջ քննարկում, ու լավ կլիներ անշուշտ, եթե այդ հարցը Հայաստանում լիներ հենց քաղաքական քննարկումների եւ բանավեճերի, այլ ոչ թե «հանձնող»-«չհանձնող», «հերոս»-«դավաճան» կոնյուկտուրային մանիպուլյացիաների առարկա՝ մոտ երեք տասնամյակ շարունակ:

Բայց, երբ խոսում ենք փոխզիջման միջոցով պատերազմ կանխելու մասին, գոնե խոսենք ենթադրական, վարկածային, տեսական, այլ ոչ միարժեք պնդումների ռեժիմով: Ի վերջո, մենք ընդունում ենք չէ՞, որ հայ-ադրբեջանական, արցախյան կոնֆլիկտը եղել է ու կա ոչ թե զուտ Հայաստան-Ադրբեջան կոնֆլլիկ, այլ աշխարհաքաղաքական ազդեցության համար ուժային մի շարք կենտրոնների բավականին բարդ ու բազմաշերտ պայքարի ու դիմակայության մի օղակ: Հետեւաբար, միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ փոխզիջումը մեղմ ասած բավարար չէր, եւ առ այսօր բավարար չէ որեւէ լուծման համար: Դրա համար անհրաժեշտ է որեւէ կենտրոնի այն աստիճան դոմինանտություն, որ մյուսները չկարողանան խանգարել նրա առաջ մղած եւ հովանավորած որեւէ կարգավորման տարբերակի իրականացմանը: 

Չի եղել այդպիսի մեկը եւ դժբախտաբար մեծ կոնսենսուս եղել է ընդամենը երկու անգամ՝ 1994-ին պատերազմ ավարտելուն «չխանգարելու» եւ 2020 թվականին պատերազմ սկսելուն «չխանգարելու» հարցում:

Սա չի նշանակում, որ հիմնավոր է պնդումը, թե չէինք կարող խուսափել պատերազմից: Բայց, որեւէ ավելի հիմնավորություն չի կարող ունենալ հակառակը պնդելը՝ թե կարող էինք, բայց չգնացինք փոխզիջման եւ ստացանք պատերազմ:

Այլ հարց է, որ մենք իրապես կարող էինք լինել մեզ սպառնացող պատերազմին բազմակի ավելի պատրաստված պետություն եւ դրա համար ունեինք թեկուզ հարաբերական խաղաղության ավելի քան երկու տասնամյակ, որը ցավոք օգտագործեցինք մեղմ ասած անարդյունավետ: Մինչդեռ, հենց դա կարող էր լինել պատերազմը կանխելու թերեւս միակ իրապես կենսունակ գործիքը մեր ձեռքին»,-գրել է Բադալյանը։