Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ամեն ինչ բացահայտվի, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ. Հրապարակվել է Կճոյանի ու նրա սանիկի աղմկահարույց ձայնագրությունը

Եթե ամեն ինչ բացահայտվի, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ. Հրապարակվել է Կճոյանի ու նրա սանիկի աղմկահարույց ձայնագրությունը
Քաղաքականություն / Հասարակություն
10:38, 16 февраль 2021
«Ժամանակ» օրաթերթը գրում է․ «Համացանցում է հայտնվել օֆշորային հայտնի գործով անցնող Աշոտ Սուքիասյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը։ Շուրջ 25-րոպեանոց ձայնագրության մեջ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը պլանավորում են իրենց անելիքները, խոսում օֆշորային գոտում գրանցված ընկերությունում իրենց ստորագրությունները փոխելու մասին։

Խոսվում է նաև այն մասին, որ եթե հարցում կատարվի Աֆրիկայի Սիերա Լեոնե հանրապետություն, և ճիշտ տեղեկություններ գան, ու պարզվի, որ օֆշորային գոտում ի սկզբանե բացված ընկերության սեփականատերերը իրենք են եղել, ապա փոփոխվել են, իրենք ինչ քայլեր են ձեռնարկելու։ Աշոտ Սուքիասյանը Կճոյանին խորհուրդ է տալիս ցանկացած դեպքում հերքել իր առնչությունը այդ ընկերությանը։ Կճոյանը, սակայն, վախենում է վրիպելուց. «Եթե վրիպում եղավ ու ըտեղից (նկատի ունի Աֆրիկայից-Ս. Հ.) սխալ բաներ եկավ, ես խայտառակ եմ լինելու ոտից գլուխ։ Ես սկզբից հերքել եմ, ու եթե ուրիշ բան եկավ, ու փաստերը ուրիշ բան ասեն, ես հելնեմ ապուշ-ապուշ ինչ ասեմ… ոչ մեկը չի հավատա։ Եթե գա էդ բաներով, ու ես կանգնեմ ու հերքեմ, դա կլինի ապուշություն։ Ես պարտք եմ մնալու ստեղի իշխանություններին էն վիճակով, որ ես դուխից ընգա։ Պե՞տք ա էդ ինձ 100 տարի։ Ինչի՞ս ա պետք։ …պետք ա էնպես լինի, որ մեր ասածը ճիշտ լինի… մենք չենք կարա լուրջ մարդկանց խաբենք։ Իրանց դեմ դառնում ենք զրո, բա պե՞տք ա էդ մեզ, պե՞տք ա նման ողորմության տակ մտնել։ Չարժի, չէ »,- ասում է Կճոյանը։
Աշոտ Սուքիասյանը շտապում է հանգստացնել Կճոյանին, որ ամեն ինչ կարգին է, ու Աֆրիկայից ոչ մի վատ տեղեկություն չի կարող գալ։
«Փակել եք, չէ՞, էդ անտերը»,- հարցնում է Կճոյանը՝ նկատի ունենալով օֆշորային գոտում գրանցված ընկերությունը։
Ա. Ս.- Չէ, ֆիրման չի փակված:
Կճոյան- Փոխե՞լ եք:
Ա. Ս.- Այո-այո:
Կճոյան- Բա էդտեղից կասեն սենց ա էղել, հետո սրանք փոխվել, նրանք են դառել։ Ստորագրությունների հիման վրա եք, չէ՞, փոխել։
Ա. Ս.- Երկու տարբերակ կա ստեղ։ Մեկը, որ ընդհանրապես ոչինչ չի եղել, մենակ ես եմ եղել ընտանիքով։ Մյուս տարբերակն էլ, որ ինչ որ կա, ես եմ արել։ Կամ նա է, կամ սա։
Կճոյան- Փաստեր ղրգելո՞ւ են։
Ա. Ս.- Ինչ որ ասում եմ՝ էդ ա։ Կամ մեկը պիտի գա, կամ մյուսը։
Կճոյան- Չէ, ստորագրություններ-մստորագրությունները։
Ա. Ս.- Չէ, անձնագրի կոպիաներով եմ ես բացել։
Կճոյան- Ստորագրություն չլինի, դա շատ բարդ բան ա։ Ընդհանրապես չլինի։
Ա. Ս.- Չէ, բայց էս ընթացքում եթե պետք եղավ, լավ կլինի, որ էդ, ում անունով որ պետք ա արվի, Մհերը հետը գա կամ ուղարկի։
Կճոյան- Կասեմ՝ կգա։
Կճոյան- Աշոտ, ստորագրություն չլինի։
Ա. Ս.- Չէ-չէ, սրբազան, ամեն ինչ դրա համար եմ անում, բա մեր տանջանքը ինչի համար ա։
Կճոյան- Ասում ես՝ ինչ էլ որ գա, ինչ էլ որ գան, վատ ա։ Պիտի գա առանց դրա։
Ա. Ս.- Մենք էսօր հեռախոսով քննարկել ենք էդ երկու տարբերակը՝ կամ եղել ենք մենք, կամ՝ ինչ որ կա, ես եմ արել։ Ուրիշ բան չի կարա լինի։
Կճոյան- Եթե ինչ որ կա, դու ես արել, այսինքն՝ ստորագրությունները դու կեղծե՞լ ես։
Ա. Ս.- Չէ, ստորագրություններ չեն եղել։
Կճոյան- Ահա, այ ստեղ ստոպ ենք տալիս, ստեղ վերջացավ։ Եթե էս տարբերակն ա լինելու, ստեղ վերջացավ։
Ա. Ս.- Էդ տարբերակով ա լինելու:
Կճոյան- Բա լավ, որ վկայականներ չեն եղել, դու ստորագրություններով արել ես, բա հետո ո՞նց ես փոխել դա։
Ա. Ս.- Նորից նույն ձևով, ոնց որ սկզբից։
Կճոյան- Էդպես հեշտ արել են, հա՞։
Ա. Ս.- Իրենք վաղը տարբերակները կասեն, կհուշեն, թե ինչ են ուղարկելու, ոնց է լինելու։ Դրանք սաղ կքննարկենք։ Կխնդրեմ, որ ինչ որ ուղարկելու ենք առանց ստորագրելու, կնքելու, առաջին նմուշը տան մեզ, հետո նոր ուղարկեն։ Էդ գրասենյակում շատ լուրջ հարցեր են լուծվում։
Կճոյան- Դու ինձ հասկացա՞ր՝ ինչ չպետք է լինի։
Ա. Ս.- Լրիվ-լրիվ։
Կճոյան- Դե գնացի քնեմ, վաղը կխոսենք… Աստված հետդ, ուժեղ եղի, քեզ անուշ երազներ»։

Մանրամասները կարդացեք թերթում։