Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիդերլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի պառլամենտին Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ

Նիդերլանդների ԱԳ նախարարը նամակ է հղել երկրի պառլամենտին Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների վերաբերյալ
Քաղաքականություն / Աշխարհ
20:07, 24 ноябрь 2022
Նիդերլանդների ԱԳ նախարար Վոպկե Հուկստրան նամակ է հղել Նիդերլանդների պառլամենտին՝ Ադրբեջանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների  վերաբերյալ։ Ինպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նամակում ԱԳ նախարարը հիշեցնում է, որ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն հոկտեմբերի 2-ի իր թվիթերյան գրառման մեջ նողկանք էր հայտնել տեսանյութի առնչությամբ, որում ենթադրաբար ադրբեջանցի զինվորները գնդակահարում են հայ ռազմագերիներին։ Նա իր թվիթում կոչ էր արել անկախ հետաքննություն անցկացնել և տեսանյութի իսկության հաստատման դեպքում, մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկել։

«Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության (EEAS) մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն հոկտեմբերի 3-ին կայացած մամուլի ասուլիսում կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անկախ հետաքննություն անցկացնել տեսանյութում ներկայացված պատերազմի օրենքների ենթադրյալ խախտման վերաբերյալ։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը նույն օրը հայտարարել է, որ հետաքննելու է այս տեսանյութում հայտնված իրադարձությունները։ Ուստի Նիդերլանդները չորեքշաբթի՝ հոկտեմբերի 5-ին, Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում քննարկել է տեսանյութի իրադարձությունները՝ նողկանք արտահայտելով տեսանյութում պատկերվածի նկատմամբ և Ադրբեջանին կոչ է արել անաչառ ու անկախ հետաքննություն սկսել»,- նշվում է նամակում։

Զրույցում շեշտվել է նաև, որ Նիդերլանդները միջազգային գործընկերների հետ միասին ուշադիր հետևելու են հետաքննությանը։

«Սույն հետաքննության արդյունքները պետք է հրապարակվեն, իսկ ենթադրյալ հանցագործները պետք է պատասխանատվության ենթարկվեն իրավասու մարմինների կողմից։ Ադրբեջանի դեսպանը զրույցում հաստատել է, որ ադրբեջանական իշխանությունները հետաքննություն են սկսել տեսանյութում տեղ գտած իրադարձությունների վերաբերյալ, և նշել, որ այն կիրականացվի անկախ։ Բաքվում Նիդերլանդների դեսպանն այս ուղերձը ևս բազմիցս փոխանցել է ադրբեջանցի բարձրաստիճան զրուցակիցներին։ Ավելին, Նիդերլանդները այս տեսանյութի և անկախ հետաքննության կարևորությունը բազմիցս շեշտել է եվրոպական համատեքստում, ներառյալ Եվրամիությանաշխատանքային խմբերում (COEST), Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունում (EEAS) ինչպես նաև Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի թիմի հետ քննարկումներում:

Նիդերլանդները կշարունակի պնդել անկախ հետաքննության և վերջինիս արդյունքների հրապարակայնացման հարցում և ուշադրությամբ հետևել զարգացումներին: ԵՄ բոլոր երկրները աջակցում են ԵՄ միջնորդության գործընթացին: Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչը և ԵՄ խոսնակը խոսել են տեսանյութի մասին և կոչ են արել Ադրբեջանին անկախ հետաքննություն անցկացնել: Նիդերլանդներին հայտնի չէ, արդյոք այլ երկիր նույնպես հրավիրել է Ադրբեջանի դեսպանին՝ անդրադառնալու այս հարցին»,- ասված է նամակում։

Նիդերլադների ԱԳ նախարարի նամակում նշվում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեսանյութի իսկությունը, իսկ Bellingcat-ը հոկտեմբերի 20-ին հրապարակել է տեսանյութի իսկության վերաբերյալ իր հետաքննությունը։
«Ըստ այդ վերլուծության՝ առկա է իսկության բավարար հավաստիություն։ Human Rights Watch-ը վերլուծել է տեսանյութը և կոչ արել Ադրբեջանի իշխանությունների կողմից անկախ հետաքննություն և պատասխանատվություն»,- եզրափակում է Նիդերլանդների ԱԳ նախարարը։