Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Խոսում են սյունեցիների անունից, բայց մի խումբ մարդիկ են, որոնք սպասարկում են ռևանշիզմին․ իշխանությունը պետք է օրենքի ամենախիստ ուժը կիրառի»․ Վիգեն Խաչատրյան

«Խոսում են սյունեցիների անունից, բայց մի խումբ մարդիկ են, որոնք սպասարկում են ռևանշիզմին․ իշխանությունը պետք է օրենքի ամենախիստ ուժը կիրառի»․ Վիգեն Խաչատրյան
Քաղաքականություն
16:57, 22 апрель 2021
Civic.am-ը զրուցեց Գերագույն խորհրդի և Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։
 
-Պարոն Խաչատրյան, Ալիևը օրեր առաջ հայտարարեց, որ նույնիսկ ուժով պատրաստ է պարտադրել Հայաստանին՝ Զանգեզուրով միջանցք տրամադրել Ադրբեջանին, իսկ երեկ եղան սահմանային կրակոցներ։ Այս ֆոնին ինչպե՞ս կգնահատեք Սյունքիում վարչապետի դեմ երեկվա ակցիաները և դրանք ի՞նչ հետևանք կարող են ունենալ։ 

-Կարծում եմ՝ սա ընդամենը Սյունիքում հայտնի շրջանակների կազմակերպածն է, որոնք պատրաստվում են ընտրությունների, և որոնց զինանոցում տասնյակ տարիներ որպես կանոն եղել է մարդկանց ճնշելը, ահաբեկելը, ստիպել, թե ինչպես քվեարկել և հիմա էլ փորձում են իրենց ուժը ցուցադրել, որ մարդիկ իրենցից վախեցած մասնակցեն ընտրություններին։ Կարծում եմ` սրանք անհաջող փորձեր են, և ինչպես մյուս դեպքերում, այնպես էլ այս դեպքում հասարակական աջակցություն չեն ստանա։ Խոսում են սյունեցիների անունից և այլն, բայց այնտեղ սյունեցիները չեն, այլ մի խումբ մարդիկ են, որոնք սպասարկում են ռևանշիզմին։ 

-Իշխանությունը ինչպե՞ս պետք է արձագանքի։ 

-Կիրառել օրենք, շարժվել օրենքի պահանջներով։ Ցանկացած խուլիգանություն պետք է օրենքի ամենախիստ ուժով դատապարտվի և գնահատականը տրվի, որովհետև մենք գործ ունենք մի խումբ խուժանի հետ, որոնք սյունեցիների հետ որևէ ընդհանուր բան չունեն։ 

-Պարոն Խաչատրյան, բողոքի այս ակցիաներին ներկա էին գտնվում նաև որոշ համայնքապետեր։ Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։ 

-Ի՞նչ համայնքապետ։ Այնտեղ կան Հանրապետական կուսակցությանն անդամագրված համայնքի ղեկավարներ և նախկին մարզպետ, որոնք չբացատրեցին, թե ինչու՞ են լքում Հանրապետական կուսակցությունը, կամ ընդհանրապես լքե՞լ են, թե՞ չէ և հիմնում են նոր կուսակցություն։ Ի՞նչն է իրենց ստիպում դուրս գալ Հանրապետական կուսակցությունից։ Բացատրություն չկա։ Երկրորդ հարցն է առաջանում՝ ինչու՞ են ստեղծում կուսակցություն, ի՞նչ նպատակով։ Ակնհայտ է դրանց նպատակը։ 
 
-Եվ ո՞րն է նպատակը։ 

-Մասնակցել ռևանշիզմին։ Ուրիշ ոչինչ։ Հետ բերել երանելի օրերը, երբ Սյունիքում 70%-ով սպասարկում էին պետությունը բռնազավթած ուժերին։ Բոլորը գիտեին չէ՞, որ Սյունիքը առնվազն 70%  քվե էր տալիս իշխանությունը բռնազավթած ուժերին։ Պա՞րզ չի, որ դա սյունեցիները չէին քվեարկում,այլ կեղծվում էր։ Ինչպե՞ս էր կեղծվում՝ հրոսակախմբերով, մարդկանց ահաբեկելով, վախեցնելով՝ աշխատանքից կազատենք, էս կանենք, էն կանենք։ Մոռացե՞լ եք՝ ինչ ինքնիրավչություն էր տեղի ունենում Գորիսում՝ մարդիկ էին ծեծվում, սպանվում ու չէին պատժվում, ինչ ասես՝ չէր կատարվում։ Հիմա էս մարդիկ փորձում են ցույց տալ, որ հետ են գալու իշխանության և ուժ են ցույց տալիս։ Այս դեպքում իշխանությունը պետք է օրենքի ամենախիստ ուժը կիրառի։ 
 
-Իսկ իշխանության արձագանքը համարժե՞ք էր։ 

-Տեղին չի իշխանություն բառը։ Կան իրավապահ մարմիններ, որոնք պետք է արձագանքեն։ Իմ կարծիքով վերջիններս անհարկի մեղմություն են դրսևորում։ 
 
Վովա Հակոբյան