Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն չկար ո՛չ երկու ամիս առաջ, ո՛չ առավել ևս՝ այսօր. Ռոբերտ Ղևոնդյան

Մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն չկար ո՛չ երկու ամիս առաջ, ո՛չ առավել ևս՝ այսօր. Ռոբերտ Ղևոնդյան
Քաղաքականություն
19:30, 02 декабрь 2022
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն՝ 256 ձայնով, ընդունեց բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: Civic.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը, հայտնելով իր տեսակետը, ասաց, որ ինչպես Ֆրանսիայի Սենատի բանաձևը, այնպես էլ Ֆրանսիայի ԱԺ-ի կողմից ընդունված բանաձևը Հայաստանի համար լրացուցիչ գործիք են՝ ճնշում գործադրելու, սեփական շահերը պաշտպանելու համար։ 

«Դրանք առարկայացնելն իհարկե այնքան էլ մեզնից չի կախված, Ֆրանսիայի շահերը և դիրքորոշումը պետք է հաշվի առնել, կոնկրետ այս դեպքում՝ Ֆրանսիայի գործադիր իշխանության։ Բայց դա որպես գործիք օգտագործելը, դրա հետ կապված քննարկումներ իրականացնելը, տարբեր կողմերին դրա մասին հիշեցնելը, նաև Ֆրանսիայի հետ քննարկումներ նախաձեռնելը, որոնք կարելի է ցույց տալ այլ միջնորդների և նաև հակառակորդներին՝ որպես Հայաստան-Ֆրանիսա գործակցության առաջընթաց, հնարավորություն, և այդ ամենը որպես խնդիր օգտագործելը Ադրբեջանի համար Հայաստանի դիվանագիտության հնարավոր գործիքակազմում պետք է ներառվեն»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։ 

Խոսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի տարածաշրջանային, այդ թվում՝ Հայաստան այցի մասին՝ քաղաքագետն ասաց, որ նրա այցը բավականին կարևոր է, քանի որ Արևմուտքը չի թողնում  հակամարտությունը կառավարելու իր դիրքորոշումը, ինչն այս պահին Հայաստանի շահերից է բխում, որովհետև եթե մենք մենակ մնանք ռուս-թուրքական այդ տարածությունում, ապա Հայաստանի շահերը իրացվելու շատ քիչ հնարավորություն կունենան։ 

«Մյուս կողմից՝ Ֆիլիպ Ռիքերի այցը ցույց է տալիս, որ Արևմուտքը ներգրավված է գործընթացում, Արևմուտքը չի պատրաստվում Ռուսաստանի նախկին ազդեցության գոտին աչքաթող անել և թույլ տալ, որ այստեղ կենտրոնախույզ գործընթացներ տեղի ունենան, և դա ամբողջապես համընկնում է մեր շահերի հետ։ Նաև, մյուս կողմից, Հայաստանի հետ կա այնպիսի խնդիր Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի մասով, որը վերաբերում է ռուսական առաջարկները չընդունելուն, որովհետև մենք տեսնում ենք, որ այն տեսքով, ինչպես ներկայացվել է, Ադրբեջանը չի համաձայնում, Արցախի կարգավիճակի հետ կապված կետը հանելու դեպքում էլ Հայաստանը չի համաձայնում, և այստեղ Արևմուտքի ակտիվացումն իր հերթին ենթադրությունների տեղիք է տալիս, որ հնարավոր է՝ կան այլ մոտեցումներ, այլ տարբերակներ, որոնք գուցե կողմերի համար ընդունելի լինեն։ Բայց նշենք, որ այդ «գուցեն» վերաբերում է  հեռավոր ապագային, երբ աշխարհաքաղաքական իրավիճակն ավելի հանգիստ կլինի»,- ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այս պահին որևէ բան ստորագրելու կամ որևէ վերջնական հանգուցալուծում սպասելու հիմքեր գոյություն չունեն։ 
Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի՝ մինչև տարեվերջ ստորագրելու հնարավորությանը, Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ ինքն այդ մասին խոսել է անմիջապես վարչապետի խոսքից հետո՝ դեռևս երկու ամիս առաջ։ 

Քաղաքագետը կարծում է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելու որևէ հնարավորություն չկար նույնիսկ այն ժամանակ, առավել ևս այսօր չկա այդպիսի հնարավորություն, որովհետև խաղաղության պայմանագիրը, նույնիսկ եթե այն կոչվի շրջանակային, ինչի մասին նույնպես վարչապետը խոսել է, նույնիսկ այս դեպքում անհրաժեշտ է, որ այնտեղ լինեն որոշակի կողմնորոշիչներ հետագա գործընթացների վերաբերյալ, բայց այդ կողմնորոշիչների հարցում Հայաստանը և Ադրբեջանն ունեն իրարամերժ մոտեցումներ, որոնք փոխմեկուսացնող են։  

«Մինչև Նոր տարի էլ այդպիսի հնարավորություն չի լինելու։ Ավելին ասեմ, այդպիսի հնարավորություն չի լինելու նույնիսկ մինչև ձմռան վերջը։ Ինչով է պայմանավորված, որ գարնան հետ կապված կանխատեսումները մի փոքր այլ են, որովհետև ենթադրվում է, որ ըստ բոլոր առաջատար ուղեղային կենտրոնների վերլուծությունների՝ գարնանը Ուկրաինայի ճակատում որոշակի փոփոխություններ են սպասվում, ինչը կապված կլինի Ռուսաստանում ներքին գործընթացների հետ, թե ճակատում գործողությունների հետ՝ արդեն այլ հարց է։ Այդ փոփոխությունների համատեքստում գուցե Հայաստանը կամ Ադրբեջանը ստիպված լինեն ինչ-որ հարցերում փոխզիջման գնալ։ Բայց այս պահին երկու կողմին էլ այդ փոխզիջումը ձեռնտու չէ»,- ասաց քաղաքագետը։ 

Խոսելով նաև Ֆրանսիայի նախագահի՝ ԱՄՆ կատարած այցի և Բայդենի հետ հանդիպման, ինչպես նաև այն մասին, թե ֆրանս-ամերիկյան կապերի ամրապնդման համատեքստում Հայաստանն ինչ ակնկալիքներ կարող է ունենալ, քաղաքագետն ասաց, որ Ֆրանսիան փորձում է եվրոպական լիդերի կարգավիճակ ձեռք բերել և տարբեր տարածություններում հանդես է գալիս այդ կարգավիճակին տանող նախաձեռնություններով։

Նա նշեց, որ դրանցից է, օրինակ, Հայաստանի նկատմամբ ուշադրությունը, քանի որ մեր տարածաշրջանում, նկատի ունենալով Մերձավոր Արևելքը, Ֆրանսիան նույնպես ցանկանում է ներկայություն ունենալ և այդ ներկայությունը ցանկանում է ամրագրել դաշնակցային հարաբերություններով։ 

«Առավել ևս մենք տեսանք, որ Ֆրանսիայի ԱԺ-ում քննարկումների ժամանակ շատ պատգամավորներ խոսում էին այն մասին, որ Ֆրանսիան պետք է դառնա Հայաստանի գլխավոր դաշնակիցը, քանի որ ակնհայտ է, որ Ռուսաստանը դաշնակցային պարտավորությունները կամ չի կարողանում, կամ չի ցանկանում կատարել ամբողջ ծավալով։ Այդ նոր աշխարհակարգով Ֆրանսիան ցանկանում է առավել կարևոր դերակատարում ունենալ, քան ունեցել է նախկինում»,- ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։

Լիլիթ Թադևոսյան