Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը Հայաստանն անպայման կօգտագործի իրավական գործընթացներում՝ հիմնավորելու իր պնդումները որպես ապացույց. Միջազգային իրավունքի մասնագետ

Ֆրանսիայի ԱԺ-ի ընդունած բանաձևը Հայաստանն անպայման կօգտագործի իրավական գործընթացներում՝ հիմնավորելու իր պնդումները որպես ապացույց. Միջազգային իրավունքի մասնագետ
Հարցազրույց
14:21, 01 декабрь 2022
Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովը միաձայն՝ 256 ձայնով, ընդունեց բանաձև Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու պահանջի մասին: 

Ի թիվս այլ դրույթների՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի բանաձևը

- Կոչ է անում բոլոր հայ ռազմագերիների անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակում և վերադարձ հայրենիք;

- Առաջարկում է կառավարությանը դիտարկել անհատական պատժամիջոցների կիրառման հնարավորությունը՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների և օկուպացիայի շարունակման պարագայում;

- Կոչ է անում կառավարությանը շարունակել միջնորդական ջանքերի գործադրումը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության խնդրի լուծման նպատակով՝ համաձայն ԱԺ 2020 թվականի թիվ 502 բանաձևի դրույթների (նշված բանաձևով առաջարկվում է կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղը);

- Առաջարկում է կառավարությանը դիտարկել Հայաստանի պաշտպանական կարողությունների ամրապնդման հնարավորությունը;

- Կոչ է անում միջազգային կազմակերպություններին ձեռնարկել բոլոր միջոցները Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի  վերահսկողության տակ գտնվող  տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ։

Civic.am-ի հետ զրույցում բանաձևի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել միջազգային իրավունքի մասնագետներ Արա Ղազարյանն ու Արա Խզմալյանը։

Արա Ղազարյանն ասաց, որ այս բանաձևը միջազգային իրավունքով չի կարգավորվում, սա Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ընդունած որոշումն է և վերաբերում է բացառապես Ֆրանսիային, օրինակ՝ Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ուղղորդում է որոշակի գործողություններ կատարել, օրինակ՝ սանկցիաներ սահմանել։

«Բայց սա կարող է կարևոր ազդեցություն ունենալ նույն միջազգային իրավական գործընթացների վրա այն առումով, որ խոսքը վերաբերում է Ֆրանսիային, որը ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներից մեկն է, որը վետոյի իրավունք ունեցող երկիր է։ Բնականաբար, սա կշիռ ունի իրավական և նաև քաղաքական այն գործընթացների վրա, որ ընթանում են։ Եթե ենթադրենք, օրինակ, այդ հակամարտության վերաբերյալ որևէ հարց քննարկվի Անվտանգության խորհրդում, արդեն պարզ է Ֆրանսիայի դիրքորոշումը։ Ֆրանսիան համարում է, որ տեղի է  ունեցել ագրեսիվ պատերազմ, տեղի է ունեցել օկուպացիա, և մնացած հարցերը՝ ոչնչացվում է մշակութային ժառանգությունը և այլն։ Այստեղ ամենակարևորն այն է, որ Ֆրանսիան ընդունել է, որ տեղի են ունեցել ագրեսիայի ակտ և օկուպացիա»,- ասաց Արա Ղազարյանը։  

Նրա խոսքով՝ ուստի երբ ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամներից մեկն է նման որոշում կայացնում, դա արդեն շատ կարևոր է։ Վերջինս կարծում է, որ սա շատ կարևոր որոշում է նաև նրանով, որ Հայաստանը սա անպայման կօգտագործի իրավական գործընթացներում՝ հիմնավորելու համար իր պնդումները որպես ապացույց։     

Միջազգային իրավունքի մասնագետը նաև նշեց, որ սա հանրային, գլոբալ կարծիք ձևավորող կարևոր որոշում է, որ իսկապես 2020 թվականին, կամ եթե սա սեպտեմբերի դեպքերի վերաբերյալ է, այո՛, տեղի են  ունեցել ագրեսիայի ակտ և օկուպացիա։  

«Սկզբունքորեն ոչ ոք չգիտի՝ պատերազմ կլինի, թե ոչ, նույնիսկ Ադրբեջանն էլ չգիտի, որովհետև միշտ հաշվարկներ է կատարում, թե որ ակտը ինչ արձագանք կբերի, և արդյոք իրենք ունե՞ն ռեսուրս այդ արձագանքը զսպելու։ Հիմա գնալով այդ արձագանքը մեծանում է, որովհետև կարմիր գիծ է հատվել, տեղի է ունեցել ագրեսիայի ակտ։ Օրինակ՝ ռմբակոծվել է առողջարանային քաղաք. որևէ կերպ չես կարող հիմնավորել, որ սա սահմանային վեճ է. երբ ոչ բնակելի, սարերում գտնվող ինչ-որ հատվածում երկու փոքր ստորաբաժանում մարտի են բռնվում, գուցե կարելի է համոզել, որ սա սահմանային միջադեպ է, բայց ոչ առողջարանային քաղաքի հեռահար ռմբակոծությունը, ասենք՝ հինգ կիլոմետրից, այն էլ՝ ոչ խտրական եղանակով լայնածավալ ռմբակոծություն, որտեղ չկան ստորաբաժանումներ։ Այնպես որ, Ջերմուկին հարվածելը շրջադարձային եղավ Ադրբեջանի համար, նույնն էլ կարող է  սա լինել»,- եզրափակեց Արա Ղազարյանը։              

Միջազգային իրավունքի մեկ այլ մասնագետ՝ Արա Խզմալյանն ասաց, որ այդ բանաձևը խորհրդատվական բնույթ ունի, իսկ խորհրդատվական բանաձևի իմաստն այն է, որ ինքը խորհրդատվական է և նշանակում է, որ դրան կարող է և ոչ մի բան չհետևել, կարող է և հետևել ինչ-որ բան, ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կհետևի։  

«Այս բանաձևով փաստացի ճանաչվում է իրավիճակ, փաստացի որակումներ են պարունակվում՝ մասնավորապես օկուպացիայի և ագրեսիայի մասով, և այդ տեսանկյունից բանաձևը կարևոր է՝ որպես փաստերի արձանագրում։ Ֆրանսիայի գործադիր իշխանությունը կաշկանդված չէ այս որոշմամբ, և Ֆրանսիայի գործադիր իշխանությանն ըստ էության նաև խիստ անհրաժեշտ չէր այս բանաձևը, որպեսզի ինչ-որ բան աներ։ Այսինքն՝ ինչպես մինչև դա կարող էր անել, այնպես էլ դրանից հետո կարող է անել։ Հետևաբար սա ավելի շատ քաղաքական փաստաթուղթ է, բայց չի նսեմացնում իր կարևորությունը: Երբ նման փաստաթղթերում արձանագրվում են քո հանդեպ միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ, սա ինքնին դրական է, քանի որ արձանագրվում է ոչ պակաս, քան ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամի կողմից»,- ասաց Արա Խզմալյանը։ 

Նրա խոսքով՝ պետք չի սա համարել փոքր իրադարձություն, սա կարևոր իրադարձություն է, և  կարծես թե տեսնում ենք ԱՄՆ կողմից նման ձևակերպումներ, այսինքն՝ չի կարելի ակնկալել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից ինչ-որ բան կընդունվի, բայց գործադիրի կողմից նման ձևակերպումներ լսում ենք, որոնք համահունչ են այս հայտարարության բովանդակությանը։   

Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Հանրապետության Սենատը 295 կողմ և 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել էր Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող ևս մեկ բանաձև։ Բանաձևը ներկայացրել էին սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Լիլիթ Թադևոսյան