Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ. կառավարող ուժի պատասխանը՝ Լավրովին

ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը առնչություն չունի ԼՂ հիմնախնդրի հետ. կառավարող ուժի պատասխանը՝ Լավրովին
Քաղաքականություն
19:21, 06 декабрь 2022
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան կետում արձանագրվում է, որ Լաչինի միջանցքը պետք է գործի միայն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Հայաստան-Արցախ կապը պետք է լինի անխոչընդոտ, և այս համատեքստում որևէ խոչընդոտող երևույթ կամ դետալ անընդունելի է մեզ համար։ Այն, ինչ տեղի է ունեցել մի քանի օր առաջ Լաչինի միջանցքում, բնականաբար, խնդրահարույց է, և կարծում ենք, որ ռուս խաղաղապահների հետ համատեղ պետք է անենք առավելագույնը, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն»,- ի պատասխան Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից հնարավոր անցակետերի տեղադրման մասին հարցին՝ այսօր ԵԱՀԿ ԽՎ պատվիրակների մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղջանյանը։

Հիշեցնենք, որ երեկ ռուս խաղաղապահների հրամանատար Վոլկովը ադրբեջանական լրատվամիջոցներին հայտնել էր, որ Լաչինի միջանցքում՝ ՌԴ խաղաղապահների պատասխանատվության տարածքում, ադրբեջանական կողմի հետ համաձայնության արդյունքում մինի-անցակետ կտեղադրվի։ Ապա Արցախից պարզաբանվեց, որ որևէ ադրբեջանական անցակետի մասին խոսք չի գնում։ Ռուսական անցակետերում կտեղադրվեն տեխնիկական միջոցներ, որով կստուգվեն Հայաստանից Արցախ և հակառակ ուղղությամբ տեղափոխվող բեռները։ 

Հիշեցնենք նաև, որ օրերս ադրբեջանցի քաղաքացիական անձինք բնապահպանական պատրվակներով փակել էին Լաչինի միջանցքը։

Կառավարող ուժի ներկայացուցիչները պատասխանեցին նաև Լավրովի մեղադրանքներին։  Դեկտեմբերի 1-ին եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, արդարացնելով Ռուսաստանի անկարողությունը կամ կամքի բացակայությունը՝ Ադրբեջանին ստիպելու համաձայնել ԼՂ կարգավիճակի հարցը քննարկել և այն թողնել գալիք սերունդներին, հայտարարել է, թե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գնացին Պրահա՝ եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի, և այնտեղ ստորագրեցին փաստաթուղթ այն մասին, որ սահմանազատումն ու խաղաղության պայմանագիրը պետք է հենվեն, համապատասխանեն ՄԱԿ կանոնադրությանն ու Ալմա Աթայի 1991 թվականի դեկտեմբերի հռչակագրին: Իսկ այդ հռչակագրում, ըստ Լավրովի,  ասվում է, որ բոլոր միութենական հանրապետությունները կազմում են ԱՊՀ-ն և պաշտպանում են սահմանների անխախտելիությունն այն սահմաններում, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության միութենական հանրապետությունների միջև։ «Այլ կերպ ասած՝ այն ժամանակ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, միանշանակ, Խորհրդային Ադրբեջանի մաս էր կազմում։ Եվ երբ դա հավանության արժանացավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի, և՛ պարոն Միշելի կողմից, փաստաթղթի շրջանակներում, որ մենք ընդունում ենք Ալմա Աթայի հռչակագիրը առանց վերապահումների, դա, իհարկե, հեշտացնում է հետագա աշխատանքը, քանի որ որոշում է, թե ինչպես մոտենալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին», - ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ 

Այլ կերպ ասած՝ Սերգեյ Լավրովը ասում է, թե Հայաստանը այդ հռչակագրով ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Սրան ի պատասխան՝ կառավարող ուժի պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց, որ Ալմա Աթայի հռչակագրին հղում կատարելով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների առկայությունը վերահաստատելը որևէ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։

Հակառակ պարագայում կստացվեր, որ ԼՂ հիմնախնդիրը գոյություն ունի այնքանով, որքանով Հայաստանը վիճարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը։ «Սա պարզ տրամաբանություն է։ Պետք է արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ Սա պետք է համահայկական  դիրքորոշում լինի և դիրքորոշում է՛։ Հակառակ պարագայում կստացվի, թե ԼՂ հիմնախնդիրը տարածքային վեճ է։ Հայաստանը տարածքի վիճարկմամբ չէ, որ  այս հակամարտության մեջ որևէ դերակատարում է ունեցել 30 տարի շարունակ։ Հայաստանը չպետք է ներքաշվի տարածքային վեճի մեջ»,- ասաց Մարիա Կարապետյանը։

Էդուարդ Աղաջանյանն էլ ավելացրեց, որ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանության դիրքորոշում փոփոխության չի ենթարկվել։ «Արցախյան հիմնախնդրի էությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի խնդիր է եղել, կա և շարունակում է մնալ։ Մենք երբևէ տարածքային վեճի մեջ չենք մտնելու»,- ասաց Աղաջանյանը։

Հիշեցնենք նաև, որ Ալմա Աթայի հռչակագիրը Հայաստանը չի ստորագրել առանց վերապահումների, ինչպես հայտարարել է Լավրովը։ Բացի դրանից, Պրահայի հանդիպումից հետո էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբում ասուլիսի ժամանակ ասել էր, որ եթե հայկական կողմը կարծում է, որ ԼՂ կարգավիճակի հարցը ունի առանձնահատկություններ, և պետք է այն քննարկվի, ապա դա հնարավոր է։ «Այսպես կոչված՝   վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։

 Բայց եթե հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է»,- ասել էր Պուտինը։ 

Այլ կերպ ասած՝ Պուտինը Պրահայի հանդիպումից հետո, ի տարբերություն վաշինգտոնյան առաջարկի, Հայաստանին առաջարկում էր քննարկել ԼՂ կարգավիճակի հարցը, այն թողնել ապագային, սակայն Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ժամանակ չկարողացավ այդ տարբերակը պարտադրել Ալիևին, իսկ հիմա Լավրովը փորձում է արդարացնել Ռուսաստանի անկարողությունը՝ մեղքը գցելով Հայաստանի վրա։

Ասուլիսի ընթացքում անդրադարձ եղավ նաև Բայրամով-Լավրով հանդիպման ընթացքում Բայրամովի արած հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը ՌԴ իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ Ադրբեջանը հինգ սկզբունքների հիման վրա համաձայնագրի նախագիծ էր պատրաստել և ներկայացրել հայկական կողմին։ «Մեր մեկնաբանությունների երրորդ փաթեթն արդեն փոխանցվել է հայկական կողմին, և մենք կարծում ենք, որ մինչև տարեվերջ հնարավոր է անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունների երրորդ փուլը»,- ասել էր Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Ի պատասխան՝ Էդուարդ Աղաջանյանն ասաց. «Այո՛, ճիշտ է, որ հայկական կողմը ստացել է Ադրբեջանի առաջարկները, որոնք, ըստ էության, արձագանք են հայկական կողմի առաջարկների։ Քանի որ սրանք հրապարակման ոչ ենթակա մանրամասներ են, ես չեմ կարող  բարձրաձայնել և հրապարակայնացնել դրանք։ Իսկ ինչ վերաբերում է մինչև տարեվերջ երկու երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպմանը, ապա, այո՛, կարծում եմ՝ չի կարելի բացառել»,- ասաց Աղաջանյանը։

Վովա Հակոբյան