Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն ԱՊՀ երկրների ղեկավարները. Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ

Այսօր Սանկտ Պետերբուրգում կհանդիպեն ԱՊՀ երկրների ղեկավարները. Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում նախատեսված չէ
Քաղաքականություն
10:41, 26 декабрь 2022
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի Սանկտ Պետերբուրգում կանցկացնի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական մինչամանորյա ոչ պաշտոնական հանդիպում։

Բացի բազմակողմ ձևաչափով շփումներից, Սանկտ Պետերբուրգում առաջնորդները հնարավորություն կունենան քննարկելու նաև երկկողմ հարցեր։ 

Հանդիպմանը, մասնավորապես, կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայկական կողմը չէր բացառել, որ երկու ղեկավարները կշփվեն մինչև տարեվերջ, թեև ժամկետն ու վայրը չէր հստակեցրել։

Միաժամանակ, չնայած հնարավորությանը, գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում։ 

«Նրանք (Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը) կլինեն (Սանկտ Պետերբուրգում), բայց եռակողմ հանդիպում նախատեսված չէ»,- նախօրեին «Ինտերֆաքսին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Վերջին անգամ Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը եռակողմ ձևաչափով հանդիպել են հոկտեմբերի վերջին Սոչիում։ 

ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովները, որոնք Ռուսաստանի Դաշնության նախագահը հավաքում է տարեվերջին, արդեն ավանդույթ են դարձել։ Այս հանդիպմանը Պուտինն առաջնորդներին հրավիրել է դեկտեմբերի 9-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ։

Պետությունների ղեկավարները Սանկտ Պետերբուրգում կմնան երկու օր, որոնցից գլխավորը կլինի երկուշաբթի օրը։ Երեքշաբթի օրը նրանց համար նախատեսված է աշխատանքային նախաճաշ։