Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը

Անկարան աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը
Քաղաքականություն / Աշխարհ / Տարածաշրջան
21:51, 25 январь 2023
Թուրքիայի Անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ Անկարան աջակցում է ՆԱՏՕ-ի «բաց դռների» քաղաքականությանը, սակայն նրանք, ովքեր ցանկանում են միանալ դաշինքին, պետք է վարվեն դաշինքի իրավունքներին և ոգուն համապատասխան. գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիքայի նախագահ Էրդողանի նախագահությամբ Անվտանգության խորհուրդը 3 ժամ 40 րոպե քննարկել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության և Սիրիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակը։

«Շեշտվեց, որ Թուրքիան աջակցում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությանը, և որ դաշինքին միանալ ցանկացող պետությունները պետք է գործեն դաշինքի օրենքին և ոգուն համապատասխան։ Նշվեց, որ հատկապես կարևոր է, որ թեկնածուները կատարեն փոխըմբռնման հուշագրից բխող իրենց պարտավորությունները՝ հատկապես ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելով, օրինակ, Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության և Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության դեմ, ում հետ Անկարան կապում է 2016 թվականի հեղաշրջման փորձը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշենք, որ Շվեդիայի և Թուրքիայի հարաբերությունները վատթարացել են Ստոկհոլմում վերջին մի քանի օրերի բողոքի ցույցերի և դանիական աջ ծայրահեղ կուսակցության առաջնորդ Ռասմուս Պալուդանի կողմից Ղուրանը այրելու պատճառով։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 23-ին հայտարարել էր, որ Շվեդիան չպետք է հույս դնի Թուրքիայի աջակցության վրա՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հայտի համար:

Հիշեցնենք՝ Ֆինլանդիան և Շվեդիան, ռուս-ուկարինական պատերազմի ֆոնին, 2022 թվականի մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին դաշինքին միանալու հայտ են ներկայացրել։ Մինչ օրս ՆԱՏՕ-ի անդամ 30 երկրներից հայտերը չեն վավերացրել միայն երկուսը` Հունգարիան և Թուրքիան։

Անահիտ Խաչատրյան