Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուրջ մրցակցություն է լինելու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև․ նրանց ընտրազանգվածը նույնն է

Լուրջ մրցակցություն  է լինելու Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև․ նրանց ընտրազանգվածը նույնն է
Քաղաքականություն
16:37, 30 апрель 2021
ՀՀԿ ԳՄ նիստում երեկ որոշում է կայացվել, որ ՀՀԿ-ն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» Կուսակցության հետ մասնակցելու է հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ պատերազմից հետո, «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Սերժ Սարգսանը կտրականապես հերքել էր գործող իշխանությունների կողմից կազմակերպվելիք ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությունը։ «Եթե լինեն ընտրություններ, ապա մենք չենք պատրաստվում մասնակցել նրա կազմակերպած ընտրություններին, բայց դա որևէ կերպ չի կարելի դիտարկել որպես պասիվության նշան»,-հայտարարել էր Սերժ Սարգսյանը։ 

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն էլ, ԱԱԾ տնօրենի պաշտոնանկությունից հետո հայտարարեց, որ պայքարելու է նախկինների վերադարձը կանխելու համար։ «Վերադարձ անցյալին երբեք չի լինելու։ Ես այն մարդն եմ, որը պայքարելու է նրա դեմ, որ վերադարձ անցյալին չլինի»,-մի քանի լրատվամիջոցների ղեկավարների հետ հանդիպմանը հայտարարել էր Վանեցյանը։ Ընտրությունների առաջարկը մերժելու բազմաթիվ հայտարարություններ էլ հնչել են Հայրենիքի փրկության ճակատի շրջանակներում հանրահավաքաների ժամանակ։ 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի կարծիքով՝ մերժվածը և մերժվածների դեմ "պայքարողը" ընտրություններին մասնակցելու որոշում կայացրեցին քաղաքական լուսանցքում չհայտնվելու համար, քանի որ ակնհայտ էր, որ և՛ Արթուր Վանեցյանը, և՛ ՀՀԿ-ն ինքնուրույն մասնակցելու դեպքում շատ փոքր հնարավորություններ ունեին ԱԺ-ում հայտնվելու։ Իսկ չմասնակցելու պարագայում այդ երկու ուժն էլ առաջիկա 5 տարիներին մնալու էին քաղաքական լուսանցքից դուրս. «Կարծում եմ, որ նրանց ստիպեց ընտրություններին մասնակցել միասին նաև այն, որ այդ ուժերի շարքում ընդհանուր համախմբվածություն չկա։ Քոչարյանը չի ցանկացել Վանեցյանի հետ գնալ, և այդպիսով, նրանք խաղից դուրս էին մնալու։ Իսկ Վանեցյանին հարկավոր էր մի ուժի հետ հայտնվել խորհրդարանում։ Քանի որ ՀՀԿ-ն էլ դեմքը փրկելու խնդիր ուներ, նրանց շահերը այս դեպքում համընկել են։ Այն մարդիկ, ովքեր 2018-ին քվեարկել էին ՀՀԿ-ի օգտին, հիմա քվեարկելու են Քոչարյան դաշինքի օգտին։ Դրա համար էլ այս ամենը լավ հասկանալով՝ ՀՀԿ-ն միայնակ չգնաց ընտրություններին և ընտրեց Վանեցյանին, որ գոնե 5 տոկոսի շեմը հաղթահարեն»,-ասաց Ղևոնդյանը։

Քաղաքագետը նկատեց, որ այս ընտրություններում լուրջ մրցակցություն է լինելու Քոչարյանի և Սերժ Սարգսյանի միջև, քանի որ նրանց ընտրազանգվածը տարբեր չէ, նույնն է, և դա նշանակում է, որ նրանք աշխատելու են նույն կոնտենգենտի վրա. «Ստացվում է, որ մարգինալներին աջակցող հասարակության այն հատվածը, որը պետք է ձայներ տար մեկին, բաժանվելու է այս երկու ուժերի միջև, և ստացվելու է այնպես, որ նրանք երկուսն էլ ունենալու են փոքր մասնակցություն։ Հնարավոր է՝ անցնեն, կամ չկարողանան անցնել Ազգային ժողով»,-ասաց քաղաքագետը։

Քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով՝ նույնպես քաղաքական ռացիոնալիզմն է ստիպել ՀՀԿ-ին միանալ Վանեցյանին ու մասնակցել ընտրություններին, այլապես նրանք առհասարակ դուրս էին մնալու քաղաքական գործընթացներից։ «ՀՀԿ-ն 2018-ից քաղաքական գործընթացներում չկա և եթե այս անգամ էլ չմասնակցեր ընտրություններին, ապա նվազագույնը 8 տարի նրանք այդպես մնալով՝ կվերածվեին մարդ կուսակցության և, որպես քաղաքական ուժ, որևէ արժեք չէին ներկայացնի։ Դրա համար էլ նրանք կայացրեցին այս որոշումը»,-ասաց Բադալյանը՝ ավելացնելով, որ այս ընտրությունների ժամանակ բոլորը պայքարելու են բոլորի դեմ՝ ԱԺ-ում մեծամասնություն ստանալու համար։ Երկրորդ և երրորդ նախագահները հանդես են գալու միմյանց նկատմամբ որպես մրցակիցներ, բայց միմյանց հանդեպ կրկիտիկական քննադատությամբ հանդես չեն գա. «Չեմ կարծում, որ միմյանց հանդեպ քննադատությունը կարող է լինել այն աստիճան կրիտիկական, ինչպես նրանց կողմից ղեկավարվող դաշինքները՝ ընդդեմ վարչապետի։ Կարծում եմ, որ երկու նախկին նախագահների միջև մրցակցությունը սրված չի լինի, բայց նրանք կլինեն քաղաքական մրցակիցներ»,-եզրափակեց Բադալյանը։

Ինչ վերաբերում է ընտրություններին ընտրակեղծիքների և ընտրակաշառք բաժանելու մեծ փորձ ունեցող ուժերի մասնակցությանը, հին մեթոդների հնարավոր կիրառություններին, ապա մեր զրուցակիցների խոսքով՝ դա կախված է բացառապես իշխանություններից, թե նրանք ինչպես կաշխատեն ընտրության ժամանակ, ինչպես կապահովեն ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը. «Եթե իշխանությանը չհաջողվի ապահովել օրինականություն, ապա կլինեն ոչ միայն Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, այլև կլինեն այլ ուժեր, ովքեր կփորձեն տարբեր ապօրինի մեթոդներով ավելի բարձր արդյունքներ գրանցել, քան ունեն դրա հնարավորությունը։ Բայց քաղաքացիական վերահսկողության խնդիր ևս կա, և եթե քաղաքացին տեր կանգնի իր քվեին, ապա մենք կստանանք այնպիսի լեգիտիմ ընտրություններ, ինչպիսին 2018 թվականի ընտրություններն էին»,-ընդգծեց Ռոբերտ Ղևոնդյանը։

Արփի Հարությունյան