Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի դիվերսիայի մանրամասները

ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել Ադրբեջանի դիվերսիայի մանրամասները
Քաղաքականություն
19:17, 06 март 2023
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մարտի 6-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահ Բրիս Ռոքֆոյին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցեր:

Ըստ աղբյուրի՝ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումների շուրջ:

«Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Այս համատեքստում կարևորվել է Արդարադատության միջազգային դատարանի՝ Ադրբեջանի նկատմամբ հրատապ միջոց կիրառելու մասին որոշման իրականացումը: ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Վահե Գևորգյանը զրուցակցին է նաև ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից մարտի 5-ի կատարված դիվերսիոն հարձակման մանրամասները: