Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եկեք լինենք միասնական, հավատանք ինքներս մեզ, դառնանք «մենք», և ամեն ինչ լավ է լինելու. Սիսիանում մեկնարկել է ՔՊ նախընտրական քարոզարշավը

Սիսիան խոշորացված համայնքում նախորդ տարի կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրություններին մասնակցած ոչ մի ուժի չհաջողվեց ստանալ ընտրողների ձայների 51 և ավելի տոկոսը։ Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանու առաջին նիստում համայնքի ղեկավար էր ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Հակոբջանյանը:

Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերթ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չէին կայացել, և Արմեն Հակոբջանյանը չէր ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները: Ավելի ուշ ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները հրաժարվել էին մանդատներից, ու Սիսիանի ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել էին միայն ՔՊ-ի 10 անդամները, որոնք չէին կարող քվորում ապահովել ու նիստ անցկացնել: Ասպիսով քաղաքապետը չկարողացավ ստանձնել պարտավորությունները, չհաստատվեցին համայնքի բյուջեն և ծրագիրը։ Արմեն Հակոբջանյանը վարչապետի որոշմամբ նշանակվեց համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 

Այս տարվա մարտի 26-ին Սիսիանում նոր ընտրություններ տեղի կունենան։ Այս անգամ առաջադրվել է երեք ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր», Հանրապետական և «Քաղաքացու որոշում» կուսակցությունները։

Պաշտոնական քարոզարշավն արդեն մեկնարկել է։ ՔՊ ներկայացուցիչները այսօր այցելեցին համայնքի մի շարք բնակավայրեր՝ ներկայացնելու նախընտրական ծրագիրը, լսելու քաղաքացիների առաջարկներն ու բարձրացրած հարցերը։ 

Տորունիքի վարչական շրջանում կայացած հանդիպման ընթացքում Արմեն Հակոբջանյանն ասաց, որ իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է ծանոթանալ համայնքում առկա խնդիրներին, պետք է առաջնային խնդիրները զատել երկրորդայիններից և անցնել դրանց լուծմանը։

Թեկնածուն նշեց՝ գալիս է աշխատելու ի շահ համայնքի։ Չի խոստանալու բաներ, որոնք վեր են իրենց հնարավորություններից, բայց խոստացածները անպայման կատարելու են։ 

Համայնքում առաջնային խնդիրը խմելու ջրի հարցն է, որը կլուծվի եղանակների տաքանալուց հետո։ Համայնքը 1 միլիարդ 100 միլիոն դրամ գումար ունի, որը, սակայն, չի կարող ծախսել, քանի որ չկա ավագանի, չի հաստատել ծրագրերը։
Բնակիչները հույս հայտնեցին, որ խմելու ջրի խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի, կլուծվի նաև համայնքի մշակույթի ակումբի և խաղահրապարակի հարցը։

Տորունիքցի Գևորգ Կարապետյանը անասնապահությամբ և հողագործությամբ է զբաղվում։ Գյուղը հողի խնդիր չունի, շատերը, սակայն, չեն մշակում հողը։ Պատճառները տարբեր են։

Հաջորդ կանգառը Ախլաթյան վարչական շրջանն էր։ Այստեղ խնդիրները գրեթե նույնական էին, ինչ Տորունիքում։ Արմեն Հակոբջանյանը նկատեց, որ բազմաթիվ ծրագրեր՝ չնայած առկա խնդիրներին, իրականացրել են, այժմ  էլ դրանց մի մասը ընթացքի մեջ է։
«Սիսիանը տարիներ շարունակ անտեսված է եղել,- ասում է ՔՊ թեկնածուն,- սակայն եկել է մի ժամանակ, երբ պետությունը ուշադրություն է դարձնում մարզերին, և եկող տարիներին, ինչպես վերջին մի քանի տարվա ընթացքում, խոշոր ներդրումներ են արվելու մարզերում, այդ թվում՝ Սիսիանում»։ Չնայած ավագանու՝ մանդատները վայր դնելու հետևանքով համայնքը չի կարողացել դիմել այս տարվա սուբվենցիոն ծրագրի համար, սակայն, համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ համաձայնության են եկել, որ համայնքը հնարավորություն կստանա ընտրություններից հետո՝ ուշացումով դիմել սուբվենցիոն ծրագրի համար։

Բնակիչները բարձրացրին նաև գյուղի լուսավորության, մանկապարտեզի, կենցաղի տան վերանորոգման հարցերը։ Թեկնածուն խոստացավ լուծել այդ խնդիրները։ Գյուղի խոշոր խնդիրներից է նաև կոյուղի չլինելու հարցը։ Հակոբջանյանը նկատեց՝ այլ համայնքներում խմելու, ոռոգման ջրի խնդիրներ կան։ Գյուղի կոյուղու հարցը լուծել չի խոստանում, սակայն նշեց, որ այդ հարցը ևս կպահի իր ուշադրության կենտրոնում։ Անդրադառնալով ընտրություններին՝ Արմեն Հակոբջանյանը նշեց, որ ակնկալում է ստանալ ախլաթյանցիների քվեները։ Նշեց՝ աշխատելու է կառավարության հետ համատեղ, Սիսիան խոշորացված համայնքի համար մեծածավալ ծրագրեր են իրականացվելու։ Նաև համեմատականներ անցկացրեց՝ 2016-ին, օրինակ, ամբողջ հանրապետությունում 60 կմ ճանապարհ է հիմնանորոգվել, 2022-ին՝ 670 կմ։  

Օրվա վերջին հանդիպումը տեղի ունեցավ Բնունիս վարչական համայնքում։ Այստեղ ևս «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները ներկայացրին իրենց ծրագրերը, արդեն կատարած աշխատանքը, լսեցին քաղաքացիների բարձրացրած հարցերն ու մտահոգությունները։ Հակոբջանյանը նաև նկատեց՝ Սիսիանում քաղաքացիները մշտապես ընտրություն են կատարել անձերով պայմանավորված՝ տուրք տալով ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքին։ Խնդրեց և առաջարկեց այս անգամ կատարել քաղաքական ընտրություն։

Բնունիսում ևս խմելու ջուրը գյուղի հիմնական խնդիրներից է։ Ոռոգման ջրի պակասի պատճառով մարդիկ այգիները նաև խմելու ջրով են ոռոգում, ինչն էլ իր հերթին հանգեցնում է խմելու ջրի խնդրի առաջացման։ Տիկին Մարիետան նշում է՝ վերջին տարիներին համայնքում որոշ խնդիրներ լուծվել են, հիմնական խնդիրը մնացել է աշխատատեղերի պակասը։  

Հանդիպման վերջում Արմեն Հակոբջանյանը խոստացավ ընտրվելուց հետո ևս, ինչպես ժամանակավոր պաշտոնակատար եղած ընթացքում, պարբերաբար այցելել համայնքներ, շփվել բնակիչների հետ, տեղում ծանոթանալ խնդիրներին, փորձել լուծել դրանք և հաշվետու լինել քաղաքացիների առջև։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան