Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային ուժային հիմնական կենտրոններին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմը այս տարածաշրջանում. քաղաքագետ

Միջազգային ուժային հիմնական կենտրոններին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմը այս տարածաշրջանում. քաղաքագետ
Քաղաքականություն
18:40, 13 март 2023
Հայաստանից և Ադրբեջանից հնչած վերջին պաշտոնական հայտարարությունների, արցախա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի և դրանց շուրջ ծավալվող հայտարարությունների վերաբերյալ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։

- Պարոն Ղևոնդյան, Նեդ Փրայսը հայտարարել է,  որ հայ-ադրբեջանական հարաբերություններում իրավիճակը նուրբ է՝ բռնության ռիսկերով, նաև ԱՄՆ հետախուզությունն էր իր զեկույցում նման վտանգ տեսել. ինչո՞վ են պայմանավորված նման հայտարարությունները։ 

- Ակնհայտ է, որ կա որոշակի լարվածություն, որն արտահայտվում է ոչ միայն  փոխադարձ հայտարարություններում, ոչ միայն նրանում, որ  բանակցային գործընթաց փաստացի տեղի չի ունենում, հանդիպումներ տեղի չեն ունենում ո՛չ ՌԴ-ում, ոչ էլ այլ մայրաքաղաքներում և, առաջին հերթին, Բրյուսելում, որի մասին նախապես հայտարարվել էր, այլև ԱՄՆ հետախուզությունը հիմնավորված տվյալներ ունի, թե ինչպիսի իրավիճակ է, և նաև սադրանքներն են անպակաս սահմաններին։ Այդ ամենը խոսում է այն մասին, որ կա լոկալ բախումների վտանգ, բայց ես չեմ կարծում, թե դրանք լայնամասշտաբ կարող են լինել այսօր, որովհետև կան որոշակի գործոններ, որոնք զսպում են լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը։ Առաջին հերթին աշխարհաքաղաքական իրավիճակը, Արևմուտք-Ռուսաստան հակասությունը, որի պայմաններում երկու կողմերից ոչ մեկին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմը այս տարածաշրջանում։ Եվ բացի դրանից, ևս մի քանի այլ գործոններ, որոնցից է, օրինակ, ԵՄ առաքելությունը ՀՀ սահմաններին, որոնցից է նաև տնտեսական խնդիրները ՌԴ-ի համար՝ պատժամիջոցները շրջանցելով, էներգակիրների արտահանումը Ադրբեջանի միջոցով և այլն։

- Պարոն Ղևոնդյան, Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտարարել են, որ արցախահայերին հրավիրում են երկրորդ հանդիպման, բայց այս անգամ Բաքվում՝ «վերաինտեգրման և ենթակառուցվածքային նախագծերի իրագործման հարցերը քննարկելու համար»։ Ադրբեջանի վերջին ահաբեկչական գործողությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի պաշտոնական Ստեփանակերտի արձագանքը։

- Ակնհայտ է, որ Բաքվի կողմից  փորձ է արվում օրակարգ թելադրել և  շանտաժի միջոցով ստիպել իրենց օրակարգի շրջանակներում բանակցել, և այստեղ մի կարևոր նրբություն կա՝ Ադրբեջանը արցախահայերին հրավիրելու գործընթացում անուղղակիորեն բացառում է միջնորդների գոյությունը, այսինքն՝  եթե արցախահայերը գնան Բաքու, և այնտեղ քննարկումներ տեղի ունենան՝ միջնորդներ չեն լինի։ Ես կարծում եմ՝ Արցախը ճիշտ կանի, որ անմիջապես չհրաժարվի  այդ բանակցություններից, բայց, օրինակ, փորձի այնպիսի պայմաններ ավելացնել, որոնք Ադրբեջանի  համար ձեռնտու չեն լինի, օրինակ՝ ոչ թե Բաքվում, այլ  երրորդ պետության տարածքում բանակցությունների անցկացում կամ միջազգային միջնորդների  ներկայություն և նրանց միջնորդությամբ գործընթացի իրականացում։ Այսինքն՝  ուղղակիորեն մերժելը կարող է բերել նոր սադրանքների, բայց կարելի է մերժել նաև անուղղակիորեն։   

- Ստեփանակերտը բանակցություններում ի՞նչ պահանջներ կարող է ներկայացնել Բաքվին և դրանք առաջ մղել։ 

- Արցախը պետք է խոսի նրա մասին, ինչի մասին խոսում է Երևանը՝ մարդու իրավունքների, անվտանգության ապահովման և այն ամենի մասին, ինչը հնարավոր կլինի հետագայում ներկայացնել միջազգային հանրությանը որպես տվյալ  պայմաններում, այսինքն՝ Ադրբեջանի կազմում արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանության անհնարինություն։ Այսինքն՝ եթե անհնար է իրավունքները պաշտպանել, պետք է գտնել այլ մեխանիզմներ դրանք պաշտպանելու համար։ Հետագայում դա հնարավոր է միջազգային հանրության մոտ որպես Ադրբեջանից անջատվելու  հիմք ներկայացնել։ Սա շատ երկար աշխատանք է, նկատի չունեմ ամիսներ կամ 1-2 տարի, դա կարող է տեղի ունենալ 5 տարում, 10-20 տարում։ Մենք տեսանք, որ Ադրբեջանը իր նպատակները իրականացրեց 26 տարում։ Ուղղակի պետք է այսօրվանից այդ հիմքերը ստեղծել, և դրա համար պետք է խոսել այն մասին, ինչը ձևավորում է այդ հիմքերը. նկատի ունեմ անվտանգությունը, իրավունքների պաշտպանությունը, իրենց բնօրրանում ապրելու  իրավունքը։ Այսինքն՝ այն ամենը, ինչը միջազգային հանրության համար հասկանալի կլինի, որպեսզի մենք ինչ-որ ժամանակ հետո փորձենք իրականացնել «Անջատում հանուն փրկության» բանաձևը։

- Մեր ԱԽ քարտուղարը հայտարարել էր, որ պետք է քննարկել արցախահայերի անվտանգության և իրավունքների հարցերը, բայց Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը բացառել է նման հարցի քննարկումը՝ նշելով, որ դա Ադրբեջանի ներքին հարցն է: 

- Այո, և բավական լավ դրան արձագանքեց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ խոսելով այն մասին, որ  որևէ տեղում մարդու իրավունքների և անվտանգության հարցը ներքին հարց չի դիտարկվում, այդ թվում՝ նաև արցախահայության խնդիրը ներքին խնդիր չի կարող դիտարկվել։ Եվ Հայաստանի Հանրապետությունը ու Արցախը պետք է շարունակեն պնդել իրենց տեսակետը, բայց առանց ակնհայտ սրացումների և առանց ակնհայտ մերժումների, որոնք կարող են հող նախապատրաստել սադրանքների համար։ Իհարկե, սադրանքներ կարող են լինել ցանկացած դեպքում, բայց, այնուամենայնիվ,  պիտի կարողանանք դիվանագիտորեն խաղալ։

- ՀՀ-ում է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը, և վաղը սպասվում է նրա ասուլիսը Ջերմուկում. ինչո՞վ է պայմանավորված այցը և ինչո՞ւ հենց Ջերմուկում։ 

- Ճիշտն ասած, չեմ կարող ասել՝ ինչու հենց Ջերմուկում, հավանաբար այնտեղ է հիմնական խնդիրը, որը գոյություն ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև այս պահին, և որը արգելակում է խաղաղության գործընթացի հետագա ընթացքը, և Ադրբեջանի ներխուժումը հենց Ջերմուկի մերձակայք, դրա հետ է հավանաբար կապված: Այնուամենայնիվ, մենք տեսնում ենք, որ բավական շատ են տարբեր ուժային կենտրոնների այցերը Հայաստան, և դրանք պայմանավորում եմ այն գործընթացներով և սպառնալիքներով, որոնք կան այս տարածաշրջանում։ Հավանաբար փորձ է արվում սպառնալիքները գնահատել և դրանց զսպման միջոցներ ձեռնարկել: Իհարկե, դա չի բացառում, որ եթե կողմերից որևէ մեկին ինչ-որ ժամանակում անհրաժեշտ լինի հրահրել պատերազմ, շատ հնարավոր է՝ դա տեղի ունենա։ Այնուամենայնիվ, այս պահին հակառակն է՝ միջազգային ուժային կենտրոններին ձեռնտու չէ լայնամասշտաբ պատերազմը, և նրանք փորձում են կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել։