Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային», «Հայռուսգազարդ», Իրան-Հայաստան գազամուղ․ Ինչպես «Գույք պարտքի դիմաց» ծրագրով փուլ առ փուլ օտարվեցին ռազմավարական նշանակության օբյեկտները

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային», «Հայռուսգազարդ», Իրան-Հայաստան գազամուղ․ Ինչպես «Գույք պարտքի դիմաց» ծրագրով փուլ առ փուլ օտարվեցին ռազմավարական նշանակության օբյեկտները
Քաղաքականություն
19:21, 11 май 2021
Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Դրանց մասնակցելու հայտ են ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՅԴ-ի և նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների հետ ձևավորած «Հայաստան» դաշինքով և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի Հանրապետական կուսակցությունը՝ «Հայրենիք» կուսակցության հետ՝ «Պատիվ ունեմ» դաշինքով։

Ռոբերտ Քոչարյանը անընդհատ հպարտանում է իր կառավարման տարիների ընթացքում արձանագրված երկնիշ տնտեսական աճով։ 

Ձեզ ենք ներկայացնում Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման 20 տարիների ընթացքում մասնավորեցված՝ Հայաստանի ռազմավարական կարևորագույն նշանակության մի շարք օբյեկտներ։
Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, 2002 թվականի նոյեմբերին, Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքվեց «Գույք պարտքի դիմաց» համաձայնագիրը։

Շուրջ 100 մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանին հանձնեց 5 խոշոր ընկերություն՝ Հրազդանի ջերմակայանը՝ առանց 5-րդ բլոկի, «Մարս» գործարանը և 3 ընկերություն՝ Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկությունը, Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի և Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտները:  
Ըստ պայմանագրերի՝ Ռուսաստանի Դաշնությունը, դառնալով գույքերի նոր սեփականատեր, դրանց նկատմամբ ստանում էր տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքը, ներառյալ դրա՝ երրորդ անձանց հետագա վաճառքի կամ փոխանցման իրավունքը։ 

Համաձայնագիրը ստորագրեցին Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը և Ռուսաստանի արդյունաբերության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Իլյա Կլեբանովը, որոնք, որպես հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, վարել էին բանակցությունները

Հրազդանի ջերմակայանը գնահատվեց 31 միլիոն դոլար և դարձավ «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵՍ»-ի սեփականությունը: Պայմանագրով հայկական կողմը նաև Ռուսաստանին բացառիկ իրավունք տրամադրեց մինչև 2005 թվականը գնելու 5-րդ բլոկը, իսկ մինչ այդ պարտավորվում էր չվաճառել այն: Էլեկտրաէներգիան արտահանելու դեպքում ռուսական կողմն ազատվում էր արտահանման մաքսային տուրքից: 2017 թվականին ՋԷԿ-ը վաճառվեց «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:

«Երևանի կառավարման ավտոմատացված համակարգերի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն գնահատվեց 3.37 միլիոն դոլար:
«Նյութաբանության գիտահետազոտական և արտադրական ձեռնարկություն» ՓԲԸ-ն, ըստ պայմանագրի, գնահատվեց 350 հազար դոլար: 
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը («ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ)  գնահատվեց ընդամենը 2.75 մլն դոլար: 
«Մարս» գործարանը գնահատվեց 56.29 միլիոն դոլար: 

Բացի այդ, ՌԴ-ն՝ որպես սեփականատեր, ստացավ մաքսային արտոնություններ: Գույքի հետ միասին հանձնվեցին նաև ընկերությունների հողատարածքները, ինչպես նաև հետագայում այդ օբյեկտները վերավաճառելու իրավունքը: Գույքի շուկայական գնահատումը և անկախ աուդիտորական ստուգումը կատարվեցին հայկական կողմի հաշվին:

Հարկ ենք համարում ընդգծել, որ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և անձամբ ՌԴ նախագահ Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունեցող Ռոբերտ Քոչարյանի օրոք Ռուսաստանը ընդամնեը 255մլն դոլար պարտքի դիմաց Հայաստանից ստացավ ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտներ, մինչդեռ ՌԴ-ն բազմիցս ներել է տարբեր երկրների ունեցած պարտքերը։ Մասնավորապես Ռուսաստանը ներեց Ղրղզստանի ունեցած ողջ պարտքը՝ 240 մլն դոլար: Դրանից առաջ էլ՝ 2016 թվականին Ռուսաստանը ներել էր Ղրղզստանի 30 միլիոն դոլարի պարտքը: Ռուսաստանը տարրբեր երկրների ներել է առնվազն 55 միլիարդ դոլարի պարտք։

Համեմատության համար նշենք, որ 2020 թվականի Արցախյան պատերազմի ընթացքում Հայաստանից և Սփյուռքից «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին նվիրաբերվել է շուրջ 170 մլն դոլար։

Հաջորդ կարևորագույն օբյեկտը, որը մասնավորեցվեց «Հայգազ» ձեռնարկությունն էր։
Անկախացումից հետո Հայաստանում գազի մատակարարմամբ և բաշխմամբ զբաղվում էր «Հայգազ» հատուկ նշանակության պետական ձեռնարկությունը, որը հետագայում վերանվանվեց «Հայգազարդ» ՊՁ-ի: Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման վերջին ամիսներին՝ 1997 թ. օգոստոսին, հիմնադրվեց արդեն «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը: 

«Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն, որը 2013թ.-ին վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»-ի, ստեղծվել է 1997թ.-ին որպես ՀՀ կառավարության (45 տոկոս), Գազպրոմի (45 տոկոս) և «Իտերա» Միջազգային էներգետիկ ընկերություն ՍՊԸ-ի (10 տոկոս) համատեղ ձեռնարկություն: 1998թ.-ին՝ Քոչարյանի կառավարման շրջանում, ՀՀ կառավարությունը գործող «Հայգազարդ» ՓԲԸ-ին հանձնարարեց Հայաստանի 270 մլն ԱՄՆ դոլար գումար արժեքով գազատրանսպորտային համակարգը ներդնել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ում և 148.5 մլն ԱՄՆ դոլար վճարումը ստանալ գազի տեսքով: 2007թ.-ի ելույթում Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարեց, որ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի հիմնադիր փաստաթղթերի համաձայն, ռուսական կողմը ստանձնել էր 55 տոկոս բաժնեմասի դիմաց Հայաստանին չորս տարի անվճար գազ մատակարարել: Տեր-Պետրոսյանի համաձայն, Հայաստանի իշխանություններն այդ գազը սպառեցին երկու տարվա ընթացքում՝ 1998-1999թթ.-ին, իսկ նրա վաճառքի դիմաց գոյացած 148 միլիոն դոլարը, նախագահ Քոչարյանի վկայությամբ, պարզապես անհետացավ։

2006 թվականին կառավարության որոշմամբ 248.8 մլն դոլարի դիմաց «Գազպրոմին» վաճառվեց «Հրազդան»-ի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը: Ռուսական ընկերությունը պարտավորվում էր ավարտին հասցնել էներգաբլոկի շինարարությունը: Վաճառքից ստացված գումարից 188․8 մլն դոլարը փոխանցվելու էր «ՀայՌուսգազարդին»՝ որպես գազի սահմանված սակագնի մասնակի փոխհատուցում: Այսինքն, ստացվում էր, որ այդ ժամանակաշրջանում գազի սակագինը ոչ թե չէր բարձրացել, այլ պետությունը պարտք էր կուտակել, որը փակվեց հենց քաղաքացիների հաշվին:

Հաջորդող 2 տարիների ընթացքում «Գազպրոմը» գնեց լրացուցիչ թողարկված  բաժնեմասեր՝ 543.8 մլն դոլար արժողությամբ, ինչի արդյունքում ռուսական կողմի մասնաբաժինն ընդհանուր կապիտալում 45-ից աճեց 78.83 տոկոսի: 2009 թվականին ընկերությունը գնեց նաև «Իտերայի» մասնաբաժինը: Այդ պահի դրությամբ՝ «ՀայՌուսգազարդը» պատկանում էր Հայաստանի կառավարությանը (20%) և «Գազպրոմին» (80%):

2013 թ. դեկտեմբերի 2-ին՝ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին, Երևանում ստորագրվեցին «գազային» համաձայնագրերը: Դրանց համաձայն՝ «Գազպրոմին» փոխանցվեց «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի վերջին՝ 20 տոկոս բաժնեմասը և փաստացի երաշխավորվեց, որ մինչև 2043 թվականը հայկական կողմը գազը գնելու է «Գազպրոմից»։ 

«ՀայՌուսգազարդի» 20 տոկոսի վաճառքի պայմանագիրը կնքվեց 2014 թ. հունվարի 17-ին՝ Մոսկվայում: Որպես Հայաստանի կառավարության կողմից լիազորված անձ պայմանագիրը ստորագրեց էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի մարտի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը, խոսելով գազի թանկացման մասին բարձրաձայնողների մասին, ասաց. «Այդ մարդկանց բոլորովին չի հետաքրքրում, թե այսօր Հայաստանի Հանրապետությունը գազ է ներկրում երկու անգամ ավելի էժան գնով, քան Ուկրաինան ու Մոլդովան: Հազարավոր հերյուրանքներ, բամբասանքներ թանկանալու մասին: Այո՛, կարող է նաև թանկանալ, կարող է և չթանկանալ»:

Իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարում էր, որ գազի գինը չի բարձրացել, և նախկինի նման ձեռք է բերվում 180/1000 դոլար/ խմ գնով: Նախարարը, իհարկե, չէր մեկնաբանում Մաքսայինի տվյալները, ըստ որոնց՝ արդեն 2012թ. Հայաստան մատակարարվող 1000 խմ ռուսական գազի մաքսային արժեքը բարձր էր պաշտոնյաների հայտարարածից:

2011թ.-ի փետրվարի 28-ին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հայտարարեց, որ փետրվարի 25-ին կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Դմիտրի Մեդվեդևը պայմանավորվել են, որ Հայաստանին մատակարարվող գազի գինը չի բարձրանա: 2011թ.-ի հուլիսին «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն հերքում էր Ռուսաստանի կողմից մատակարարվող գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց 180 ԱՄՆ դոլարից 270-ի բարձրացնելու վերաբերյալ մամուլի հրապարակումները: «Հայռուսգազարդի» մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը հայտնում էր. «Որքան ես եմ տեղեկացված, գազի գնի բարձրացում տեղի չի ունեցել: Եթե նման բան տեղի ունենար, ապա «Հայռուսգազարդ»-ը սպառողներին մատակարարվող գազի սակագինը փոխելու առաջարկով կդիմեր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»։

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանի և Արմեն Մովսիսյանի հայտարարությունների պահին իսկ, գազի գինը բարձրացված է եղել, սակայն վերջիններս դիտավորությամբ մոլորության մեջ են գցել հասարակությանը, իսկ բարձրացման մասին բարձրաձայնումները Սերժ Սարգսյանը պիտակավորում էր բամբասանք և հերյուրանք։ Ի վերջո 2013 թվականի դեկտեմբերին, կուտակված պարտքի դիմաց Հայաստանը Ռուսաստանինն զիջեց իր վերջին 20 տոկոս բաժնեմասը։

Հատկանշական է նաև, որ «Գազպրոմ Արմենիային» է պատկանում  հայ-իրանական գազատարը: 
2005թ.-ին Հայաստանը և Իրանը նախաձեռնեցին գազատարի շինարարություն: 2005թ.-ի դեկտեմբերին ՀՀ էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Իրան-Հայաստան գազատարը շահագործման կհանձնվի 2007թ.-ի սկզբում և կնպաստի Հայաստանի էներգետիկ անվտանգությանը: 2005 և 2007 թվականներին ՀՀ կառավարությունը հավանություն տվեց գազատարի առանձին հատվածների կառուցմանը: Գազատարի շինարարությունը ֆինանսավորեց ԲԷՑ-ը, իսկ դրա հետ կապված ծախսերը ներառվեցին ՀԾԿՀ-ի կողմից հաստատվող ծառայությունների սակագնում։

Ի վերջո Իրան-Հայաստան գազատարը ունեցավ 700 միլիմետր տրամագիծ, որը 2015թ.-ին վաճառվեց Գազպրոմին: «Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը 40 մլն ԱՄՆ դոլարով գնելու պայմանագիրը «Հայռուսգազարդ»-ի ԲԷՑ-ի միջև ստորագրվել էր դեռևս 2007թ.-ին: «Գազպրոմ»-ը նաև կատարել էր 30 մլն ԱՄՆ դոլարի կանխավճար։
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին մասնավորեցվեցին մի շարք այլ ռազմավարական կարևորագույն նշանակության օբյեկտներ ևս՝ էներգետիկայի ոլորտում (Հայաստանի էլեկտրական ցանցեր, Սևան-Հրազդան կասկադ և այլն), հեռահաղորդակցության ոլորտում, հանքարդյունաբերության ոլորտում (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, Թեղուտ և այլն), տրանսպորտի ոլորտում (Հարավկովկասյան երկաթուղի, Հայկական ավիաուղիներ), որոնց կանդրադառնանք առաջիկայում։


Վովա Հակոբյան