Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իմ ունեցած տեղեկություններով` Պուտինը խնդրել էր Փաշինյանին, որ վերջինս պաշտոնապես չդիմի ՀԱՊԿ-ին, որովհետև ՀԱՊԿ-ը չէր միջամտելու»․ Հովսեփ Խուրշուդյան

Civic.am-ի հյուրը վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն է։ 

Խուրշուդյանը հնարավոր չի համարում, որ Ադրբեջանը կարող էր Սյունիքում ինքնուրույն գնալ այսպիսի սադրանքի։ «Ես պատահական չեմ համարում, որ դա տեղի է ունեցել Հայաստանում խորհրդարանը ցրելուց մեկ-երկու օր հետո։ Այդ ընթացքում հատկանշական է նաև Լավրովի այցելությունը Բաքու։ Նման գործողությունների նպատակը կապված է Հայաստանում ընտրությունների հետ, որպեսզի ապակայունացվի վիճակը, հայ հասարակության մեջ վտանգի զգացողությունը մեծացվի, որը ձեռնտու է ռուսամետ ընդդիմությանը, որոնք արդեն իսկ աղմուկ բարձրացրեցին, թե՝ «տեսեք, իշխանությունն անկարող է», և այդ աղմուկը, որ բարձրացվել է, հստակ նախընտրական նպատակ ունի՝ Ռոբերտ Քոչարյանի հետ կապել անվտանգության ապահովման հեռանկարները Հայաստանում», - ասաց Հովսեփ Խուրշուդյանը և ավելացրեց․ «Խոսքը Ռոբերտ Քոչարյանի՝ իշխանության վերադառնալու մասին չէ։ Թե՛ Ադրբեջանում, թե՛ Ռուսաստանում հասկանում են, որ հնարավոր չի, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում նորից գա իշխանության։ Այդպիսի հույս ունեին նոյեմբերին, բայց տեսան, որ չստացվեց։ Այն ժամանակ ընդհանրապես թուլացած էր իշխանությունը, կարելի է ասել փողոցում ընկած էր, բայց չկարողացան վերցնել, որովհետև ժողովուրդը չաջակցեց և դրանից հետո Կրեմլում հասկացան, որ մաքսիմումը ինչին կարող են հավակնել այն է, որ իրենց խամաճիկներն այստեղ ունենան մեծ ազդեցություն Պառլամենտում, որ կարողանան պարբերաբար ապակայունացնեն իրավիճակը»։
 
 Ըստ Խուրշուդյանի, Ռուսաստանը հույս ուներ այս սադրանքի միջոցով մեծ աղմուկ բարձրացնել Հայաստանում և հասարակության շրջանում անվտանգության զգացողության դեֆիցիտը մեծացնել, սակայն միաժամանակ հույսով էր, որ կկարողանա հորդորել Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերջիններս այս դեպքով չդիմեն ՀԱՊԿ-ին, սակայն մեր իշխանությունները չգործեցին նույն սխալը, ինչ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։

  «Իմ ունեցած տեղեկություններով Վլադիմիր Պուտինը խնդրել էր Նիկոլ Փաշինյանին, որ վերջինս պաշտոնապես չդիմի ՀԱՊԿ-ին, որովհետև ՀԱՊԿ-ը չէր միջամտելու և խայտառակ էր լինելու։ Եվ որպեսզի խայտառակ չլիներ, պետք էր ՀԱՊԿ-ի դեմքը փրկել, և հույս ունեին, որ այս անգամ էլ կհորդորեն չդիմել ՀԱՊԿ-ին, ասելով, որ ժամանակի ընթացքում կլուծենք հարցը, պետք չի դիմել, բայց այդպես չեղավ և լավ է, որ այս անգամ հայաստանյան իշխանությունները այդ սխալը չարեցին», - ասաց Խուրշուդյանը։
 
 Եթե ՀԱՊԿ-ը չմիջամտեց, ըստ Խուրշուդյանի, Հայաստանը կարող է շարունակել օգտագործել դիվանագիտական մյուս հնարքները՝ դիմել ուղղակի Ռուսաստանին, որի հետ ունենք  բազայի երկկողմ պայմանագիր, եթե չմիջամտեցին, ապա պարզ կլինի, որ ո՛չ այդ պայմանագրի նպատակահարմարությունը կա պահելու, ո՛չ ՀԱՊԿ-ի։

 Խուրշուդյանը չբացառեց, որ իրավիճակը կարող է հասնել մինչև բախումների, սակայն շեշտեց նաև հանգամանքը, որ Ադրբեջանը գտնվում է ճնշումների տակ։ 

 «Ինչքան էլ Ադրբեջանին հորդորած լինեն կամ թույլ տված լինեն, որ վերջինս նման առաջխաղացումներ իրականացնի, պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանի վրա ճնշումներ գործադրելու տեսակետից տարածաշրջանում միայն Ռուսաստան չէ դերակատար։ Արևմուտքի ձեռքին կա Արցախը ճանաչելու հզոր լծակ», - նշեց Հովսեփ Խուրշուդյանը։

 Խոսելով ՄԱԿ-ի Անվտանգության  խորհրդի միջոցով հարցը լուծելու տարբերակի մասին, որը առաջարկել էր Ֆրանսիայի նախագահը, Խուրշուդյանը նշեց, որ եթե ՄԱԿ-ի ԱԽ-ն որոշում է ընդունում, նշանակում է կա կոնսենսուս գերտերությունների միջև որևէ հարցի շուրջ։

  «Այսինքն, եթե ՄԱԿ-ի ԱԽ ընդունած բանաձևերով ասվի, որ նշված տարածքներից պետք է ադրբեջանցիները դուրս գան, ապա իրենք խելոք դուրս են գալու, որովհետև հաջորդ քայլը կարող է լինել, օրինակ, Արցախի ճանաչումը։ Ադրբեջանը շատ խոցելի է Արևմուտքի համար, ի տարբերություն Ռուսաստանի», - ասաց Խուրշուդյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հակոբյան