Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք ունենք սողացող հեղաշրջում դատական համակարգում»․ Հովսեփ Խուրշուդյան

«Մենք ունենք սողացող հեղաշրջում դատական համակարգում»․ Հովսեփ Խուրշուդյան
Հայաստան
13:39, 31 март 2021
«Մեդիա Կենտրոնում»  այսօր հրավիրված «Չկա հոդված, չկա հանցա՞նք, թե՞ չկա հոդված, չկա պատասխանատվություն. ՍԴ որոշումից հետո Մարտի 1-ի գործի ճակատագիրը» թեմայով ասուլիսի բանախոս Հովսեփ Խուրշուդյանը կարծիք հայտնեց, որ «Սահմանադրական դատարանի այս հակապետական որոշման մեջ իր ուղիղ մեղավորությունն ունի գործող իշխանությունը, քանի որ իրենք են ձևավորել այսօրվա ՍԴ-ի կազմի մեծամասնությունը»։ 

Ըստ Խուրշուդյանի, երբ «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշում է, թե ՍԴ-ն պատվեր է կատարել, ենթադրվում է, որ այդ պատվերը իջեցրել է կա՛մ իշխանությունը, քանի որ իրենք են ձևավորել ՍԴ կազմի մեծամասնությունը, կա՛մ չեն ապահովել այնպիսի մարդկանց նշանակումը, որոնք կհետևեին օրենքին, այլ ոչ թե կկատարեին պատվեր։ 
Ըստ էության՝ ՍԴ այս որոշումը Խուրշուդյանի խոսքով՝ ապօրինի է, որովհետև դատավորներից մի քանիսը ունեցել են շահերի բախում, սակայն ինքնաբացարկ չեն հայտնել, չնայած որ իրավասու չեն եղել քննել և որոշում կայացնել այդ հարցով։ «Մենք պետք է փաստենք, որ Հայաստանում հեղափոխություն տեղի չի ունեցել, քանի դեռ դատական համակարգում փոփոխություններ չեն իրականացել»։

Ըստ Խուրշուդյանի՝ քանի որ գործող դատավորների մեծ մասը նախկին իշխանությունների հետ հանցակիցներ են, շատ հանցագործություններ միասին են գործել քաղաքացիների իրավունքների ոտնահարման առումով, իրենք երկար սպասում էին հարմար առիթի՝ ժողովրդի իրավունքի դեմ այս հարձակումը գործելու՝ սեփական իշխանությունը ձևավորելու համար։ 
Եվ պատերազմում այս պարտությունը, իրենց կարծիքով, շատ հարմար առիթ էր, քանի որ իշխանությունը թուլացել էր, պետք է այս հարձակումը գործեր և, ըստ էության, տապալեր արդարադատությունը։

«Շատ լավ է, որ որքան էլ իշխանության լեգիտիմությունը ընկել է, այնուամենայնիվ բավարարում է, որ հեղաշրջման փորձը կանխելու համար կոչ անի ժողովրդին և ժողովուրդը դուրս գա փողոց՝ պաշտպանի, բայց մենք ունենք նաև սողացող հեղաշրջում դատական համակարգում։ Այդ սողացող հեղաշրջման դեմ ի՞նչ պետք է անի», - իշխանութանը հարց ուղղեց Խուրշուդյանը։