Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«12-13 հազար հոգին այն քանակը չէ, որ նախկինները իշխանություն պահանջեն լեգիտիմ ընտրված կառավարությունից»․ Հովսեփ Խուրշուդյան

Այսօր Civic.am-ի տաղավարում հյուրընկալել ենք «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին։

 Պարոն Խուրշուդյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք փետրվարի 20-ի հանրահավաքը բավական մարդաշատ չէր, որով հնարավոր կլինի հասնել իշխանափոխության, Խուրշուդյանն ասաց, որ բացի մարդկանց քանակը, կարևոր է նաև հանրահավաքային էներգետիկան։ Բացի այդ, ակնհայտ է, որ նախկինները, ինչպես առաջ էին մարդկանց բերում հանրահավաքների, այժմ էլ՝ տիրապետելով տնտեսական լծակների՝ նույն գործելաոճով են առաջնորդվում։ 

 «Ամեն դեպքում, նույնիսկ այդ տասներկու, տասներեք հազար հոգին այն քանակը չէ, որով հարյուր, երկու հարյուր հազար ժողովրդով փոխած իրավիճակը հետ շրջեն։ Էլ չեմ ասում, որ այսօրվա իշխանությունը, ամեն դեպքում, լեգիտիմ է, բոլոր թերություններով և սխալներով հանդերձ», - ասաց Հովսեփ Խուրշուդյանը։
 
 Անդրադառնալով 16-ի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, Հովսեփ Խուրշուդյանն ասաց, որ «Վազգեն Մանուկյանը ընդամենը շիրմա է՝ քողածածկույթ, որի ներքո իշխանության են ձգտում այլ ուժեր՝ դա Սերժ Սարգսյանն է, Ռոբերտ Քոչարյանն է, մասամբ՝ Գագիկ Ծառուկյանը, այսինքն՝ մեզ հայտնի ուժերը»։

 Ըստ Խուրշուդյանի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարևոր են, սակայն առաջնային չեն։ 

 «Եթե դա նույնիսկ այս տարի չլինի, ես դրանում խնդիր չեմ տեսնի։ Հակառակը՝ տեսնում եմ, որ առողջ արտախորհրդարանական ուժերը դեռ պատրաստ չեն, որպեսզի իրենք կարողանան իրոք այնպիսի այլընտրանք ներկայացնեն, որպեսզի այսօրվա հասարակության այն խավը, որ դժգոհ է իշխանություններից, սակայն չի ուզում նախկինների վերադարձ, ալտերնատիվ բերի պառլամենտ։ Այդ պահը պետք է հասունացնել։ Հիմա դեռ արտահերթ ընտրություններ անցկացնելու պահը չի հասունացել»,- նշեց Խուրշուդյանը։
 
Լեգիտիմ իշխանության դեմ ապստամբության կոչերը, ըստ Հովսեփ Խուրշուդյանի, համարժեք է հեղաշրջման։ «Եթե իրենք գնան այդպիսի քայլի, ապա իրենց համար ճանապարհ կհարթեն դեպի ճաղավանդակներ։ Հասարակությունն այլևս երբեք թույլ չի տա նման ուժերի գալ իշխանության», - նկատեց Խուրշուդյանը։
 
Մանրամասները՝ տեսանյութում:
 
Վովա Հոկաբյան