Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նիկոլ Փաշինյանը շանս ունի հենց այս պահին կենդանի մնալով հեռանալու». Հրանտ Բագրատյան

Այսօր Ազատության հրապարակում Վազգեն Մանուկյանի հրավիրած հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։ 

Civic.am-ը Բագրատյանից հետաքրքրվեց, թե ինչպես է վերաբերվում Վազգեն Մաուկյանի՝ օրեր առաջ արած կոչին՝ գնալ իշխող ուժի պատգամավորների և բարձրաստիճան ոստիկանների ետևից, Բագրատյանն ասաց.  «Երևի նկատի ունի գնան սովորեցնեն իրենց, դաստիարակեն։ Պետք է գնալ ասել՝ հավաքվեք և քվեարկեք, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանքից հեռացվի»։ 

 Բռնության կոչեր, այդ հայտարարության մեջ Հրանտ Բագրատյանը չի նկատում, և ինքն էլ պատրաստ է միանալ ու առաջնորդել այդ խմբերին։ 

 Արտահերթ ընտրություններին մասնակցելու հարցին Բագրատյանը պատասխանեց, որ անպայման մասնակցելու է։ «16-ը միասնական չի կարա լինի։ 16-ի այսօրվա միասնականությունը Նիկոլին հեռացնելն է։ Այնտեղ շատ տարբեր ուժեր են»,- ասաց Բագրատյանը։ 

 Թե ինչու ընդդիմությունը չի մասնակցի գործող իշխանության անցկացրած ընտրություններին, Բագրատյանը մեկնաբանեց, որ իշխանությունն այն կկեղծի։ Պնդմանը, թե Աբովյանում և Կապանում անցկացված ՏԻՄ ընտրություններում, որտեղ իշխանությունները պարտվել են, չեն կեղծվել, Բագրատյանն ասաց. «Հիմա կկեղծի, որովհետև, եթե եկանք իշխանության Նիկոլն անպայման ձերբակալվելու է»։

 Հրանտ Բագրատյանը վստահեցրեց, որ փողոցային շարժումը չի տապալվի, փողոցային պայքարը դեռ կակտիվանա և կմեծանա։ «Նիկոլ Փաշինյանը շանս ունի հենց այս պահին կենդանի մնալով հեռանալու»,- հայտարարեց Բագրատյանը և հավելեց, որ այլապես գնալու է սրացման և պարտվող կողմը լինելու է Նիկոլ Փաշինյանը։

Պնդմանը, որ դա բռնի հեղաշրջում է, Բագրատյանն ասաց՝ «Բռնի ուժով չի, մեկը դու, որ մտանք, գնացիր կրակեցիր վրեն, ես ո՞նց եմ իրեն պաշտպանելու։ Այո՛, կազմակերպելու ենք, և ասելու են՝ կազմակերպիչը դու ես։ Մենք ո՞նց ենք կազմակերպելու, երբ որ հարյուր հազար, երկու հարյուր հազար դառավ։ Մենք ասում ենք՝ հեռացիր»։
 
Մանրամասները` տեսանյութում:
 
Վովա հակոբյան