Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առանց խորհրդարանի վավերացման՝ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող ստորագրվել. ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում

Առանց խորհրդարանի վավերացման՝ որեւէ միջազգային փաստաթուղթ չի կարող ստորագրվել. ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է նախաձեռնում
Քաղաքականություն
14:23, 20 май 2021
ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշեց, որ հայտարարության տեքստ են մշակում ԱԺ արտահերթ նիստ գումարելու համար։ «Հայտարարության բովանդակութունը մոտավոր հետևյալն է լինելու՝ ՀՀ Սահմանադրության և միջազգային պայմանգրերի մասին օրենքի համաձայն քաղաքական, ռազմական, ինչպես նաև մարդու իրավունքներին վերաբերող փաստաթուղթ ստորագրելու պարագայում նշված փաստաթուղթը պետք է վավերացվի ՀՀ խորհրդարանում, և երկրորդ՝ ՀՀ ժողովրդի թիկունքում հերթական անգամ փաստաթուղթ է նախապատրաստվել, որի բովանդակությունից տեղեկություն չունեն ո՛չ Խորհրդարանի պատգամավորները, ո՛չ էլ, կարծում եմ, Կառավարության անդամների մեծ մասը, ոչ էլ ընտրված որևէ պաշտոնյա և այս իմաստով, կրկին առանց ժողովրդի կամ ժողովրդի ներկայացուցիչների հետ քննարկումների և իրենց իրազեկելու  հերթական պրոցեսն է ընթանում և սրա հետ կապված մենք նախաձեռնում ենք Խորհրդարանի արտահերթ նիստ», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը ավելացրեց, որ առավոտյան հայտարաությամբ է հանդես եկել առ այն,որ վարչապետը պետք է մանրամասն ներկայացնի, թե ինչի մասին է խոսքը գնում։ «Վարչապետը նշեց, որ փաստաթուղթը 100 տոկոսով համընկնում ՀՀ շահերին։ ՀՀ շահերի ընկալումները շատ տարբեր կարող են լինել մեզ համար, վարչապետի համար և այլ ուժերի համար, հետևաբար ՀՀ շահերից բխող այդ փաստաթուղթը պետք է մանրամասն ներկայացվի առնվազն Խորհրդարանի քննարկմանը, որից հետո կորոշվի՝ ՀՀ շահերից բխու՞մ է, թե՞ ոչ։  Ես պատկերացնում եմ, որ այդ փաստաթուղթը պետք է հրապարակվի որպես նախագիծ», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Դիտարկմանը թե, «Իմ Քայլը» խմբակցությունը ԱԺ-ում ունի մեծամասնություն և կարող է միանձնյա այդ փաստաթուղթը վավերացնել, Մարուքյանն ասաց, որ կարող է ժողովրդի ճնշում լինել և այդ փաստաթուղթը չվավերացվի։

«Մենք լիազորություն ունենք արտահերթ նիստ հրավիրելու՝ անում ենք, ուրիշ լիազորություն չունենք։ Սահմանադրությամբ մեր լիազորություններն այդքան են։ Եվ այդ սահմանադրության հայրերը այսօր ամենաբարձրն են գոռում։ Այ այս ապականված համակարգը, որ իրենք դրել են և Նիկոլին էլ դրել են այդ համակարգի վրա, էդ մարդիկ են հիմա ամենաբարձրը գոռում, թե՝ «վայ լիազորություններ չկան։ Էդ դուք եք գրել, որ լիազորություններ չլինեն», - ասաց Մարուքյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի արձագանքներին, Մարուքյանը նշեց, որ ինքը ՌԴ Պետդումայի նախագահին ուղիղ ասել է, որ մենք ակնակալում ենք ՀԱՊԿ պառլամենտական անսամբլեայից հստակ, աներկբա արձագանք և հայտարարություն, որ անդամ պետության սահմանը, շփման գիծը չպետք է խախտվի և անդամ պետության տարածքից ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան։ «Ի պատասխան մեզ ասվել է, որ իրենց դիրքորոշումը համապատասխանում է Հայաստանի դիրքորոշման հետ», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով ադրբեջանական ուժերին ՀՀ տարածքից ետ շպրտելուն, Մարուքյանն ասաց․ «Այս պահին ադրբեջանական 500 զինվորին ոչնչացնելը մեզ համար խնդիր չէ, բայց այդտեղ կարևոր հանգամանք կա՝ եթե մենք լոբբինգ անենք, որ 500 զինվորին հենց հիմա ոչնչացնեն, դրա հետագա սցենարը մոտավորապես պատկերացնու՞մ եք։ Դա նշանակում է պատերազմից վեց ամիս անց Հայաստանը կրկին ներքաշվի նոր պատերազմի մեջ՝ արդեն ՀՀ տարածքում։ Հիմա եթե կա տարբերակ այս վիճակից բանակցությունների միջոցով դուրս գալու, ապա դա լավ տարբերակ է, եթե դա չստացվի, ապա պատերազմը կա ու կա»։