Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը

Արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը
Քաղաքականություն
20:12, 21 май 2021
Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով ամբողջությամբ արդիականացվում է Հանրապետության հրապարակի շատրվանների ջրային համակարգը: Մասնագետները նկատում են. աչքի համար ոչ այդքան տեսանելի ստորգետնյա աշխատանքների նպատակը բոլորովին էլ նոր սալիկներ տեղադրելը չէր, այլ շատրվանի լուսաձայնային սարքավորումների անվտանգության ապահովումը:
 
«Խողովակաշարն ամբողջությամբ վնասված էր, ջրավազանի ջրի մոտ 30-40 տոկոսի կորուստ էինք ունենում: Շատ երկար տարիների խնդիր էր: Ջուրը միշտ լցվում էր սարքավորումների սենյակ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

«Սպասարկող էլեկտրական բոլոր սարքավորումները համակարգչի հետ միասին այստեղ են գտնվում: Ցանկացած պահի ջրի արտահոսքի հետևանքով կարող էր տեխնիկան վնասվել, անգամ հրդեհ բռնկվել և ամբողջ համակարգը կվնասվեր»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի «Ջրային կառույցներ» ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Վաղարշակ Վաղարշակյանը:

Տարբեր գույների և տարբեր բարձրությամբ ու ձևերով ջուր մղելու հնարավորություն ունեցող համակարգը կառավարվում է հենց այս սրահից: Սարքավորումներն այս պահին խնամքով փաթեթավորված են:

«Ամբողջությամբ այս հատվածը քանդվել է 4մ խորությամբ, որ խողովակները փտած վիճակում էին գտնվում, ամբողջությամբ վերականգնվել են: Որտեղ ռելիեֆը չէր համապատասխանում չափանիշին և ջուր էր կուտակվում, նաև այդ հատվածների խնդիրն ենք լուծում»,- նշում է Գրիգոր Հարությունյանը:

«Կառուցվել է նոր հենապատ, ջրամեկուսացում է ապահովվել, սալիկները վերականգնվել են, և այս պահին ջրի խնդիրն ամբողջությամբ լուծված է»,- ասում է «Լիլանարմ» ՍՊԸ պատասխանատու Նարեկ Պողոյանը:

Իր բարձրարվեստ ճարտարապետական կառուցվածքով քաղաքի այցեքարտը դարձած Հանրապետության հրապարակը քաղաքի բնակիչների ու հյուրերի համար ավելի գրավիչ է տարվա տաք ամիսներին՝ նույնքան բացառիկ երգող շատրվանի շնորհիվ: Եվս մի քանի օր, ու Հանրապետության հրապարակի շատրվանային համալիրը կսկսի գործել: