Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միակ մեխանիզմը, որ ժամացույցի պես աշխատել է Քոչարյանի նախագահության տարիներին՝ քաղաքական սպանությունների մեխանիզմն է․ Վահագն Ալեքսանյան․ Տեսանյութ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստում խոսեց «Հայաստան» դաշինքի հիմնադիր Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից, որին ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ մասնակցում էին նախընտրելի լրագրողներ։

«Հենց այս պահին, իր իսկ բառերով իրեն բնութագրած, այս երկրի միակ տղամարդու՝ ՀՀ երկրորդ նախագահի մամուլի ասուլիսն է ընթանում։ Գիտեք որտե՞ղ է ընթանում այդ ասուլիսը՝ ես էլ չգիտեմ․ այդ մասին նաեւ չգիտեն մի շարք լրատվամիջոցներ, որոնք Քոչարյանի ու նրա կլանի նեղ ընտանեկան տիրույթում չեն տեղավորվում։ Գիտեք ինչու՞ չգիտեն, որովհետեւ այն խրոնիկ վախը, որ ունի իրեն միակ տղամարդ հռչակած այս անձնավորությունը ազատ խոսքից, այն խրոնիկ վախը, որ ունի այս անձնավորությունը իրեն ուղղվելիք ենթադրաբար անհարմար հարցերից, որ կարող է հանկարծ ինչ-որ մի լրագրող ինչ-որ մի պահի հարցնի՝ լավ բա վերջը «Պապլավոկում» Պողոս Պողոսյանը ինչպե՞ս սպանվեց կամ ընկեր, մենք բոլորս տեսել ենք, թե դու ինչպես ես եկել Հայաստանում պաշտոն ստանձնել, բոլորս նաեւ տեսնում ենք քո հարստությունը։», - ասաց պատգամավորը։

Ըստ Ալեքսանյանի հիմա այդ վախը Քոչարյանին թույլ չի տալիս եւ չի կարող թույլ տալ կանգնել եւ լսել այն հարցերը, որոնք կտային ազատ լրատվամիջոցները․ «Երկու օր առաջ էլ ինչ-որ հանդիպման ժամանակ մոտավորապես ասել է, թե երկիրը պետք է մեխանիզմի նման աշխատի։ Սա ասել է մի մարդ, ում Կառավարության եւ նախագահության օրոք ՀՀ-ում ժամացույցի պես աշխատած միակ մեխանիզմը քաղաքական սպանությունների մեխանիզմն էր, ժողովրդի հարստահարման, ունեզրկման մեխանիզմն էր․ այլ մեխանիզմ նրա օրոք ժամացույցի պես չի աշխատել»։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է առաջիկա ընտրություններում ընտրակեղծիքներ լինեն, Վահագն Ալեքսանյանն ասաց․ «Սա ասում է մի մարդ, ում նախագահության օրոք, օրինակ, Տավուշի մարզի մեր սիրելի բնակիչները կարող են պատմել, թե քանի քվեատուփ էր դատարկվել Աղստեւ գետը ընտրությունների արդյունքները չամփոփած, քանի ընտրատուփ է փոխվել։ Այս մարդը փորձում է մեզ նմանեցնել, մեզ նույնացնել իր ու մեզ վերագրել ընտրակեղծիքներ, դրանով էլ փորձելով ալիբի ստեղծել հետագա հետընտրական իր պատկերացրած պրոցեսների համար։ Ուզում եմ որպեսզի շատ հստակ լինի գնահատականը և միասին արձանագրենք, որ ընտրակեղծիքների մեջ մեզ մեղադրելը չունի բացարձակապես ոչ մի հիմք, բացի այդ մարդու արդեն իսկ այլ խրոնիկ վախից, որը նրա մոտ վերջերս է ձեւավորվել գալիք ջախջախիչ պարտության վախից»։