Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ արագությունը մեզ չի բավարարում․ ՀԱՊԿ-ը և անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերը հետ քաշի․ Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հարց ուղղեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

«Ի՞նչ փուլում են բանակցությունները՝ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքից դուրս բերելու առումով, ի՞նչ արձագանքներ ունենք ՀԱՊԿ-ից և ՌԴ-ից»,-հարցրեց ԼՀԿ ղեկավարն ու հավելեց, որ երեկ իրենք դիմել են կառավարությանը՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում նույնպես հարցը ներկայացնելու իմաստով։

Նիկոլ Փաշինյանը նախքան պատասխանելն անդրադարձավ իրադրության ընդհանուր գնահատականին․ «Ես ինչպես ասել եմ, հիմա էլ կարծում եմ, որ Սև լիճ անվանվող մեր տարածքում Ադրբեջանի ձեռնարկած գործողության նպատակը ռազմական բախում հրահրելն էր, և ինչպես նախկինում հայտարարել էր Ադրբեջանի նախագահը՝ ուժի գործադրմամբ միջանցք ստեղծելը Սև ջրից դեպի Բիչենեկ տարածք։

Այս տարածքում ՀՀ տարածքի լայնությունը ընդամնեը 26 կմ է։ Այս գնահատականն էր պատճառը, որ ՀՀ-ն որոշեց դիմել ՀԱՊԿ-ին»։ 

Փաշինյանը նաև շեշտեց, որ շատ է խոսվում այն մասին, որ Հայաստանի բանակը ուժ չի կիրառում, այլ դիմում է ՀԱՊԿ-ին․ «Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ հենց ՀԱՊԿ-ը և այդ կազմակերպության անդամ մեր գործընկեր երկրներն են, որ Հայաստանի Հանրապետությանը հորդորել են չգնալ ռազմական ճանապարհով այս իրավիճակի հանգուցալուծմանը»։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի ռազմական բախման չգնալը նաև նպատակ ունի ՀԱՊԿ անդամ երկրներին չներքաշել ռազմական լուծման մեջ։ 

«Այս պահի դրությամբ ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք հետևողականորեն աշխատելու ենք այս ուղղությամբ, և մեր գործընկերների հետ իրավիճակի լուծման վերաբերյալ քայլեր ենք իրականացնելու»,-նշեց վարչապետի պաշտոնակատարը։ 

Փաշինյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ-ը և անդամ երկրները հստակ դիրքորոշում չեն արտահայտել, որ Ադրբեջանը այդտեղից պետք է զորքերը հետ քաշի․ «Աշխատանքային մակարդակում այդ դիրքորոշումը արտահայտվում է, բայց հրապարակային չի արտահայտվում։

Ասվում է՝ Հայաստանի այդ տարածքի սահմաններում դեմարկացիա և դելիմիտացի արված չի, նույն Ռուսաստանի ու Ադրբեջանի սահմաններն ամբողջությամբ դեմարկացված ու դելիմիտացված չեն՝ ի՞նչ է սա նշանակում։ Մենք պետք է այստեղ հստակություն մտցնենք»։

Ինչ վերաբերում է ՄԱԿ ԱԽ դիմելուն՝ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ հարցն առաջին իսկ օրերից քննարկման առարկա է եղել և շարունակում է քննարկման առարկա լինել․ «Այնտեղ ուղղակի կան նրբություններ, որ նման որոշումներ կայացնելիս պետք է որոշակի կանխատեսելիության տեսադաշտ ունենալ, այսպես ասած նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։ Մենք երբեք չենք բացառել և չենք էլ բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը և խնդիրը լուծելու համար»։ 

Էդմոն Մարուքյանն արձագանքելով Նիկոլ Փաշինյանի խոսքին՝ նշեց, որ անցյալ արտահերթ նիստի ժամանակ Փաշինյանն ասել է, որ աշխատանքային փաստաթուղթ կա և այն քննարկվում է․ «Եթե պատրաստվում եք ստորագրել այդ փաստաթուղթը, ապա որքանով է դրա բովանդակութունը կապված Ադրբեջանի զորքերը հետ քաշելու քննարկման հետ։ Եվ կարո՞ղ է այդ հանձնաժողովի ստեղծման հետ կապված մեր կողմից նախապայման լինի ոչ միայն զորքերը հետ քաշել, այլ նաև ռազմագերիներին վերադարձնելը»։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադառնալով Մարուքյանի հարցերին՝ ընդգծեց․ «Մենք առաջարկել ենք երկու տարբերակ՝ կա՛մ ադրբեջանական զորքերը դուրս են բերվում, որից հետո տեղի է ունենում համաձայնեցված թղթի ստորագրումը, կա՛մ ստորագրված թղթի մեջ հստակ ձևակերպվում է թե քանի օրվա ընթացքում և որտեղից են գնում Ադրբեջանի զորքերը»։ 

Ինչ վերաբերում է ռազմագերին, որպես նախապայման ներկայացնելը՝ Փաշինյանը հավելեց, որ նախքան այդ փաստաթղթի արտահոսքն ու հրապարակվելը՝ երկու գրավոր առաջարկ են ներկայացրել դրա բովանդակության վերաբերյալ․ «Առաջինը՝ գերիների ամբողջական վերադարձի վերաբերյալ և երկրորդը՝ տվել ենք կոորդինատներ, թե ադրբեջանական զորքերը տվյալ կոորդինատներից որ անդին պետք է լինեն։ Եվ մեր առաջարկին որևէ արձագանք չենք ստացել»։