Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը. Դավիթ Սանասարյան

ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը. Դավիթ Սանասարյան
Քաղաքականություն
13:17, 27 май 2021
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Այսօր վաղ առավոտյան ՀՀ ՊՆ կողմից պաշտոնապես  հաստատվեց, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինված ուժերի կողմից շրջափակվել և գերեվարվել են ՀՀ ԶՈւ 6 զինծառայողներ: Ավելի վաղ՝ մայիսի 25-ին, Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից զոհվել էր պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ 32 ամյա Վ. Յ. Խուրշուդյանը: 

Չնայած այն հանգամանքին, որ տվյալ իրավիճակում ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի Դաշնության հետ անվտանգային փոխգործակցությունը պետք է ապահովեր  Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը, Հայաստանը ռազմավարական դաշնակիցների կողմից որևէ աջակցություն չունեցավ՝ նույնիսկ  դատապարտող և զսպող հայտարարությունների տեսքով: 

Ստեղծված ճգնաժամային և պայթունավտանգ իրավիճակում ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը, որը պատերազմից և պարտությունից հետո լիարժեքորեն չի վերականգնել իր ռազմական, քաղաքական և տնտեսական կարողությունները, չի կարող շարունակել ապավինել ՀԱՊԿ աջակցությանը և անվտանգային մեխանիզմների կիրառման երաշխավորությանը: 

Ուստի, ՀՀ իշխանություններից պահանջում ենք անհապաղ իրականացնել հետևյալ քայլերը.

1. Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական կողմի ոտնձգությունները և ռազմագերիների վերադարձի հարցերը Ֆրանսիայի առաջարկով և միջնորդությամբ բարձրացնել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում՝դատապարտող բանաձևեր ընդունելու և ճնշումներ գործադրելու նպատակով։

2. անվտանգության սպառնալիքների ներկայիս պայմաններում երկրում հայտարարել ռազմական դրություն, դադարեցնել խորհրդարանական ընտրությունների նախընտրական պրոցեսները, իրականացնել պահեստազորի զորահավաք, դիմել Ֆրանսիային ՝ ռազմական աջակցություն ստանալու նպատակով, և սկսել գործողություններ՝ հակառակորդին ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս շպրտելու համար։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն»։