Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊՆ-ն հրապարկել է գերեվարված զինծառայողների անունները

ՊՆ-ն հրապարկել է գերեվարված զինծառայողների անունները
Պաշտոնական
10:47, 27 май 2021
ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ի հավելումն նախորդ հաղորդագրության հայտնում է․

«ՀՀ տարածքում` առանց սահմանը հատելու ինժեներական աշխատանքներ կատարած ու գերեվարված անձինք են պայմանագրային զինծառայողներ Ա. Ն. Աբգարյանը, Ի. Ա. Սարգսյանը, Վ. Վ. Սարգսյանը, Բ. Ս. Օհանյանը, Ա. Գ. Բուդոյանը, Վ. Օ. Ռաֆայելյանը։

Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ կողմից գերեվարված հայ զինծառայողները գտնվել են Ադրբեջանի տարածքում, չի համապատասխանում իրականությանը»։

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գերեվարված զինծառայողներին վերադարձնելու ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանում իրականությանը:

Մայիսի 26-ին, Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասպանի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց․ «Այս պահի դրությամբ, իհարկե ՀԱՊԿ գործողությունների արագությունը մեզ չի բավարարում, բայց մենք շարունակելու ենք հետևողականորեն աշխատել այդ ուղղությամբ և մեր գործընկների հետ իրավիճակի հետագա պարզաբանման վերաբերյալ աշխատանքներ իրականացնել»։ Նա նաև ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ․ «ՀԱՊԿ երկրները, և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը հստակ դիրքորոշում չի արտահայտել, որ Ադրբեջանը պետք է զորքերն այդտեղից հետ քաշի։ Աշխատանքյաին մակարդակում էդ դիրքորոշումն արտահայտվում է, բայց հրապարակային մակարդակում չի արտահայտվում։ Ես ուզում եմ, որ այս հարցերում հստակցություն մտցվի»։ Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ հնարավոր է դիմեն ՄԱԿ անվտանգության խորհրդին,եթե ՀԱՊԿ գործիքները կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները չբավարարեն այս իրավիճակն ու խնդիրը լուծելու համար։