Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի համար Արտաշատում հանդիսատես ապահոված Հովիկ Աբրահամյանի դեմ 2 մեղադրանքով քրգործը մոտ 3 տարի ՀՔԾ-ից դատարան չի հասել

Քոչարյանի համար Արտաշատում հանդիսատես ապահոված Հովիկ Աբրահամյանի դեմ 2 մեղադրանքով քրգործը մոտ 3 տարի ՀՔԾ-ից դատարան չի հասել
Քաղաքականություն
17:10, 04 июнь 2021
Օրերս մամուլում գրվեց, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի Արարատի մարզ կատարած այցն ամբողջությամբ կազմակերպել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Ընդ որում՝ Աբրահամյանը դաշինքում ընդգրկված չէ, և ոչ էլ որդին կա նախընտրական ցուցակում։ 

Civic.am-ին հասած տեղեկություններով՝ Հովիկ Աբրահամյանն այնպիսի ջանասիրությամբ է լծվել Քոչարյանի քարոզարշավին, որ անգամ Երևանից որդուն պատկանող «Իմպերիում պլազա» հյուրանցի աշխատակիցներին է տարել Քոչարյանի համար որպես հանդիսատես։

Քոչարյանի հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին պատկանող «Նոր Արտաշատ» ռեստորանում, Սարգսյանը ևս ներկա է եղել։ 

Նշանակում է՝ Հովիկ Աբրահամյանը ևս դավաճանել է հարազատ ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին և անցել Քոչարյանի կողմը։ Հիշեցնենք, որ Աբրահամյանը եղել է Սերժ Սարգսյանի շտաբի պետը և ընտրակեղծարարար ապարատի համակարգողը։ 

Ի դեպ, Հովիկ Աբրահամյանը շարունակում է մեղադրյալի կարգավիճակում մնալ, քրեական գործը ՀՔԾ-ն դեռևս չի ուղարկում դատարան։ 

Civic.am-ի տեղեկություններով՝ բազմադրվագ քրեական գործի նախաքննության երկար ընթացքը կապված է Հովիկ Աբրահամյանի հետ առնչություն ունեցող ընկերությունների հարկային ստուգումների հետ, որոնցով նշանակված են փորձաքննություններ։

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ բազմադրվագ քրեական գործով միայն Հովիկ Աբրահամյանն է մեղադրյալի կարգավիճակում և գործը դեռևս նախաքննության փուլում է։ 

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ․ սեպտեմբերին ՀՀ նախկին վարչապետին ՀՔԾ մեղադրանք առաջադրեց քրեական օրենսգրքի 2 հոդվածներով՝ 309 հոդվածի 1-ին մասի (Պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 310 հոդվածի (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը) հատկանիշներով: 

2018-ի օգոստոսի 30-ին Քննչական կոմիտեն հայտարարեց Հովիկ Աբրահամյանի, ինչպես նաև նախկին ոստիկանապետ, Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանի կողմից լիազորություններն անցնելու, խարդախություն կատարելու առերևույթ դեպքերի վերաբերյալ և որոշում կայացրեց գործն ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Քրեական գործի շրջանակում պարզվել էր, որ դեռ 2000 թվականին հիմնադրված «Ավազահատիկ» ընկերությունը Արարատի մարզում զբաղվել է հանքարդյունաբերությամբ՝ ներգրավելով վարկային միջոցներ, կատարել է շուրջ 80 հազար դոլարի ներդրում, ձեռք է բերել ավազի լվացման և մաղման հոսքագծեր։ Սակայն 2008 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձինք ստեղծել են արհեստական խոչընդոտներ՝ պահանջելով ընկերության բաժնեմասերի 60 տոկոսը՝ նշելով, որ հակառակ պարագայում հանքերը չեն շահագործվի, ընդ որում, բաժնեմասերի 60 տոկոսը պահանջել են ձևակերպել երկու տարբեր անձանց անունով՝ յուրաքանչյուրին 30 տոկոս։

Ավելի ուշ իրավապահները հայտարարեցին, որ այս գործում ներգրավված է նաև Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որը մեկ այլ՝ ապօրինի զենք և ռազմամթերք պահելու գործով ավելի վաղ կալանավորվել էր։

Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն իրականացրեց և մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք հայտնաբերեց Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում, որն, ըստ իրավապահների, փաստացի պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին, բայց գրանցված է Ամբիկ Գևորգյանի անվամբ։ Խուզարկությունից հետո ձերբակալվեցին այդ պահին տարածքում գտնվող Ամբիկ Գևորգյանն ու Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, որից հետո Հենրիկ Աբրահամյանը կալանավորվեց։ Որոշ ժամանակ անց նա ազատ արձակվեց։ 

Իր և եղբոր դեմ քրգործերը Հովիկ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում խոսքի ազատության դեմ ուղղված քայլ էր որակել․ «ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «մարդաորսը», ազատ խոսքի ու այլակարծության ճնշմանն ուղղված գործողությունները լավ հանգրվան չեն ունենալու»: