Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մանե Թանդիլյանի պաստառների ծավալն ու քանակը այնքան է, որքան նախորդ ընտրություններին Տիգրան Արզաքանցյանն է ունեցել․ Վահագն Ալեքսանյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին և «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հայտարարությանը, թե անհրաժեշտ է անցկացնել արտահերթ ընտրություններ, քանի որ հերթական ընտրությունների սպասելով՝ իշխանությունը Տիգրան Ավինյանին մեծ մրցակցային առավելություն կտա վարչական ռեսուրսի առումով, ասաց, որ դա նույնն է, թե համապետական ընտրությունների հաջորդ օրը հայտարարես, որ անհրաժեշտ է արտահերթ ընտրություններ անցկացնել, որովհետև եթե ընտրված իշխանությունն աշխատի ևս 5 տարի, կունենա մրցակցային մեծ առավելություն, աշխատելու մեծ հնարավորություններ և, հետևաբար, ավելի շատ ձայն կստանա։ 
 
«Բայց շատ տարօրինակ է, որ «Ապրելու երկիրն» է խոսում մրցակցային առավելությունների մասին, որովհետև եթե եկել եք ԱԺ, հենց ճանապարհին, երևի, տեսած կլինեք Մանե Թանդիլյանի, «Ապրելու երկիր» կուսակցության պաստառների ծավալն ու քանակը։ Այդքան մեծ ծավալի ու քանակի պաստառներ Հայաստանում, եթե չեմ սխալվում, նախորդ ընտրություններին մեկ էլ Տիգրան Արզաքանցյանն է ունեցել», - ասաց Ալեքսանյանն ու հավելեց, որ մրցակցային առավելությունից խոսելիս պետք է խոսել «Ապրելու երկրի»՝ թեկուզ ոչ դե յուրե առաջնորդ Ռուբեն Վարդանյանի ֆինանսական միջոցների մասին, որոնք շատ ավելի մեծ մրցակցային առավելություն են ստեղծում։ «Ես մասնագետ չեմ, բայց իմ տպավորությամբ՝ միլիոնավոր դրամների, եթե ոչ՝ 100 հազարավոր դոլարների արժեքով քաղաքական և նախընտրական բնույթի պաստառներ են փակցված»,- ասաց պատգամավորը։