Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում թուրքերը իրենց ձայնը տվել են Քըլըչդարօղլուին

Ռուսաստանում թուրքերը իրենց ձայնը տվել են Քըլըչդարօղլուին
Քաղաքականություն
13:43, 15 май 2023
Թուրքիայում չբնակվող հանրապետության քաղաքացիների կեսից ավելին (55,36%) կիրակի օրը կայացած Թուրքիայի նախագահական ընտրություններում աջակցել է երկրի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին են վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները, որոնք երկուշաբթի օրը տարածել է Anadolu գործակալությունը։

Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի օգտին քվեարկել է թուրքական սփյուռքի ներկայացուցիչների 41,26%-ը։ ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը հավաքել է 2,20%: Իր թեկնածությունը հանած Մուհարեմ Ինջեն ստացել է ձայների 1,18 տոկոսը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։

Տվյալները ստացվել են արտասահմանյան ընտրատեղամասերում քվեատուփերի 67,33 տոկոսի բացման արդյունքներով։ Թուրքիայի նախագահական ընտրություններին արտերկրում մասնակցությունը կազմել է 50,55%: Քվեարկությանը մասնակցել է թուրքական սփյուռքի ավելի քան 850 հազար ներկայացուցիչ։

Էրդողանին աջակցել է Գերմանիայի, Ֆրանսիայի, Ավստրիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Սերբիայի և եվրոպական մի շարք այլ երկրների թուրքերի մեծ մասը։ Երկրի ներկայիս ղեկավարը առաջատար է Ադրբեջանում, Ուզբեկստանում, Իրանում, Պակիստանում, ինչպես նաև մերձավորարևելյան և հյուսիսաֆրիկյան երկրների մեծ մասում։ 

Մեծ Բրիտանիայում, Իտալիայում, Իսպանիայում, Հունաստանում, ինչպես նաև Արևելյան Եվրոպայի շատ երկրներում ապրող թուրքերը նախապատվությունը տվել են Էրդողանի գլխավոր մրցակցին՝ Քըլըչդարօղլուին։ Ընդդիմության թեկնածուն ստացել է նաև ԱՄՆ-ում, Չինաստանում, Ռուսաստանում, Ճապոնիայում, Վրաստանում և Ղազախստանում ապրող Թուրքիայի քաղաքացիների ձայների մեծամասնությունը։