Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքական որոշում կայացվեց, որ այս փուլում միայն անդրադառնանք դատավորների աշխատավարձների բարձրացմանը․ Արդարադատության նախարար

Քաղաքական որոշում կայացվեց, որ այս փուլում միայն անդրադառնանք դատավորների աշխատավարձների բարձրացմանը․ Արդարադատության նախարար
Քաղաքականություն
16:02, 02 июнь 2023
«Կար երկու մոտեցում՝ արդյոք պետք է դատավորների քանա՞կը ավելացնել, թե՞ աշխատավարձ բարձրացնել՝ հաշվի առնելով ֆինանսական ռեսուրսները։ Եվ քաղաքական որոշում կայացվեց, որ այս փուլում դեռևս միայն անդրադառնանք դատավորների աշխատավարձների բարձրացմանը»,- Ազգային Ժողովում 2022թ․ բյուջեյի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ նշեց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

Ըստ նախարարի՝ հարց էր առաջացել, թե արդյոք պետք է բարձրացնել բոլոր դատավորների աշխատավարձը, թե ամենածանրաբեռնված օղակների աշխատավարձները։ Մինասյանի խոսքով՝ հարցի շուրջ քննարկումներ են եղել ԱԺ ներկայացուցիչների, գործադիր մարմնի ներկայացուցիչենրի և դատավորների հետ․ «Չասեմ, որ 100 տոկոսանոց կոնսենսուս էր, բայց մեծ մասն ընդունեց, որ ամենածանրաբեռնվածը հենց առաջին ատյանի դատավորներն էին, թվով 180 դատավոր ունենք առաջին ատյանում, և որոշում կայացվեց այս փուլում ավելացնել նրանց աշխատավարձը, նոր անդրադառնալ նաև մյուս օղակներին»։

Գրիգոր Մինասյանը խնդրահարույց է համարում նաև դատարանների շենքային պայմանները․ «2022թ․ երկու ուղղություն ենք վերցրել։ Մեկը նոր ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի շենքային ապահովումը, որի շրջանակներում նաև Թբիլիսյան խճուղու վրա կապիտալ հիմնանորոգվեց վարչական վերաքննիչ դատարանը՝ առաջին ատյանը և անկյունային շինություն որպես ձևավորվեց հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարանը, որտեղ թվով նստում է 12 դատավոր իրենց կազմերով»։

Նախարարը նշեց, որ դատարաններին պատկանող այլ շինություններ ևս վերանորոգվում են, ինչպես նաև կառուցվում են նորերը․ Մինասյանն ասաց, որ Արդարադատության նախարարությանը 2022 թվականին պետական բյուջեյից տրվել է 23,2 մլրդ դրամ, իսկ կատարողականը կազմել է 94,4 տոկոս։

2021 թվականի համեմատ ծախսերն աճել են 18,1 տոկոսով։