Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղը առավոտյան 7.30-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է միասնության ավտոերթը դեպի Սյունիքի մարզ. Փաշինյան․ Տեսանյութ

Այսօր՝ հունիսի 14-ին, նախընտրական քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզ կատարած այցելության ժամանակ մարզկենտրոն Արտաշատում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Նախկինում մենք էինք ձեզ դուխ տալիս, հիմա՝ դուք: Եվ չեմ ուզում թաքցնել՝ այո, մենք էդ դուխի կարիքն ունեցել ենք և այսօր էլ ունենք ձեր աջակցության կարիքը: Մենք ուզում ենք համոզվել, որ մեր ժողովրդին դեռ պետք են մեր ծառայությունները: Եվ ինչքան հասկանում եմ՝ ժողովուրդը որոշել է, և հունիսի 20-ին այդ որոշումը դե յուրե արձանագրելու և վերահաստատելու է սեփական իշխանությունը Հայաստանում»:

Գերությունից վերադարձածներից երեքը Արարատի մարզից են. «Եվ ես շատ ուրախ եմ դրա համար: Բայց ոնց որ կան ուժեր, որոնք ոչ միայն տենց շատ չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին բամբասանքն այն է, թե իբր մենք ՌԴ մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզների գոյությունը. դա կատարյալ աբսուրդ է: Այս բամբասանքներով ոմանք փորձում են Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների միջև սեպ խրել: Չի՛ ստացվելու: Մենք շնորհակալ ենք ոչ միայն Վրաստանի, Միացյալ Նահանգների, ԵՄ մեր գործընկերներին, քանի որ նրանք մեր վերջին 15 գերեվարվածների վերադարձում մեծ դեր են ունեցել: Բայց նախկինում ավելի քան 50 մեր գերիները վերադարձել են ՌԴ ջանքերի շնորհիվ»:

Նրա խոսքով՝ գերիների վերադարձը վերսկսվել է. «Ես համոզված եմ, որ մենք բոլորին վերադարձնելու ենք»:

«Հիմա էլ լուրեր են տարածում, թե իբր նրանք, ովքեր ուզում են քվեարկել իմ օգտին, պետք է իմ անվան դիմաց պտիչկա դնեն: Ժողովուրդ ջան, էս ընտրություններում գրիչ օգտագործել չկա: Եթե գրիչով կպաք, քվեաթերթիկը անվավեր կճանաչվի»,- զգուշացրեց Փաշինյանը:

Խոսելով Սյունիքը հանձնելու վերաբերյալ ասեկոսեների մասին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց. «Ոմանք փորձում են, այս տրամաբանությունը զարգացնելով, Սյունիքի մարզը հակադրել մնացած Հայաստանին: Վաղը մեր թիմը մեկնելու է Սյունիքի մարզ, և մենք ուզում ենք ի ցույց դնել ամբողջ Հայաստանի միասնությունը, աջակցությունը և սերը Սյունիքի մարզին: Դրա համար առաջարկում ենք... վաղը առավոտյան 7.30-ին մեկնում ենք Սյունիքի մարզ՝ ցույց տալու Հայաստանի Հանրապետության միասնությանը: Վաղը 7.30-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է միասնության ավտոերթը դեպի Սյունիքի մարզ»: