Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հարցի լուծման հետ կապված ընթանում են բանակցություններ. ԱԱԽ քարտուղարը՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի մասին

«Եվ մենք, և իրանական կողմը մտահոգություն ունենք ստեղծված իրավիճակի հետ կապված: Այս հարցը բոլոր մակարդակներում մենք քննարկում ենք, որպեսզի հնարավորինս արագ լուծում ստանա: Եվ ռուս գործընկերների հետ, և Ադրբեջանի հետ քննարկումներում այս հարցը բարձրացվում է, և հարցի լուծման հետ կապված ընթանում են բանակցություններ»,- այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Գորիս-Կապան ավտոճանապարհին առնչվող հարցին:  

Նրա խոսքով՝ ըստ նոյեմբերի 9-ից հետո եղած պայմանավորվածության՝ այդ ճանապարհը հայկական կողմը պետք է անվտանգ օգտագործի. «Իհարկե, այս ընթացքում խնդիրներ են առաջացել, և մենք բոլոր քայլերը ձեռնարկում ենք, որ այլևս որևէ խնդիր չառաջանա: Հույս ունենք, որ այդ ճանապարհը անվտանգ կկարողանանք շահագործել»:

Ինչ վերաբերում է ադրբեջանցիների կողմից արցախցի երեխաներով ավտոբուսի կանգնեցմանն առնչվող հարցին, Արմեն Գրիգորյանն ասաց. «Այդ ճանապարհի հետ կապված Ադրբեջանը պարբերաբար պրովոկացիաներ է կատարում: Հայաստանի կողմից դատապարտող հայտարարություններ եղել են: Այդ խնդիրը քննարկվել է ՌԴ մեր գործընկերների, նաև ադրբեջանցիների հետ, որպեսզի նման իրավիճակ այլևս չկրկնվի»: