Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վստահ եմ՝ ապահովելու ենք ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը. Վարչապետ

«Հեռու ենք այն մտքից, թե 2022 թվականի պետբյուջեն կլուծի մեր առջև ծառացած բոլոր խնդիրները, և բազմաթիվ, այդ թվում՝ սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված»,- այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 Նրա խոսքով՝ աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրները արմատապես լուծելու համար անհրաժեշտ են ամուր տնտեսական և անվտանգային հիմքեր. «Այդ հիմքերը մենք ստեղծելու ենք առաջիկա մի քանի տարիների ընթացքում»:

«2022 թվականի բյուջեում մենք ձգտել ենք զգուշորեն բալանսավորել կառավարության առաջնահերթությունները, միաժամանակ ապահովել տարատեսակ ֆիսկալ ռիսկերի կառավարելիությունը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և վստահություն հայտնեց, որ կառավարության ծրագիրը հաջողությամբ իրագործվելու է՝ ապահովելու համար ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը և արժանապատիվ կյանքը: